HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյան. «Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում»

«Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»։ Այս մասին հայտնում է asrtakhpress.am-ը՝ հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի թվիթերին։ Վերջինս անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։

«Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հակազդել է նաև Ալիևի՝ գերիների մասին այն պնդումներին, թե իբր Ադրբեջանում գտնվում են միայն ահաբեկիչները, և պաշտոնական Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները:

«Ալիևը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք և տարեցներ) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտում չեն ներգրավվել»,- գրել է Բեգլարյանը։

Ըստ պաշտոնիայի՝ Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների՝ հավանաբար նկատի ունենալով Ալիևի կողմից ներկայացված Միշա Մելքումյանի և այլ դեպքերը: «Հայատյացության մակարդակը Ալիևի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ:

Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված և ագրեսիվ դրսևորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների և հենց նախագահի կողմից»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

«Եթե Ալիևն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասեք կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին:

Նա կարծես ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել»»,- եզրահանգում է Բեգլարյանը:

Անդրադառնալով Արցախ մուտքի վիզայի վերաբերյալ Ալիևի հոխորտանքին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը գրել է. «Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում:

Դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին: Որևէ միջամտություն անընդունելի է»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter