
Արմավիրում ծեծել են պատգամավորության թեկնածուին
Այսօր՝ առավոտյան, ծեծկռտուք է եղել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում. ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, անկուսակցական Մերուժան Մխոյանին:
Մերուժան Մխոյանի կինը «Հետքին» պատմեց, որ առավոտյան՝ ժամը 6-ին, քնած են եղել: Դուռը թակել են անծանոթ մարդիկ, մտել ներս եւ անկողնուց հանելով Մերուժան Մխոյանին, նույնիսկ չսպասելով, որ նա հագնվի՝ բռնի ուժով, թեւերը ոլորելով տարել են:
Կինն ասում է, որ չսպասված «հյուրերը» եղել են 2 ավտոմեքենայով եւ զինված: Այդ ընթացքում Մերուժան Մխոյանի եղբոր որդին իրենց ավտոմեքենայով հետեւել է նշված երկու ավտոմեքենաներին: Սարդարապատ գյուղի կամրջի մոտակայքում փորձել է կտրել հորեղբորը տանող ավտոմեքենաների ճանապարհը, սակայն վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել:
Մերուժան Մխոյանի կողմնակիցները պատգամավորության թեկնածուին գտել են Սարդարապատ գյուղի գերեզմանների մոտ: Ըստ թեկնածուի կնոջ` այդ պահին եղել է մոտ 30 ավտոմեքենա, մեքենայում գտնվողները եղել են ոչ սթափ վիճակում եւ ստիպել են, որ Մերուժան Մխոյանն իր թեկնածությունը հանի:
Մերուժան Մխոյանի կինն ասում է, որ նույնիսկ կրակել են երիտասարդների ոտքերի տակ եւ ավտոմեքենաների վրա: Կինը հավաստիացրեց, որ Մերուժան Մխոյանը իր թեկնածությունը չի հանելու:
Նշենք, որ թիվ 21 ընտրատարածքում առաջադրվել են 3 թեկնածուներ` ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), ՀՀՇ-ից Սեդրակ Հովհաննիսյանը եւ անկուսակցական Մերուժան Մխոյանը:
Թեեւ արդեն ամբողջ գյուղն ու մարզը գիտի կատարվածի մասին, սակայն Սարդարապատի համայնքապետը նշեց, թե տեղյակ չէ:
«Ես հիմա մարզխորհրդի նիստի մեջ եմ, նախարարն է եկել մարզ, հիմա մարզխորհրդի նիստի մեջ եմ, տեղյակ չեմ»,- ասաց համայնքապետ Բաբկեն Վարդանյանն ու անջատեց հեռախոսը:
Ոստիկանության Արմավիրի բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ զենքի օգտագործման վերաբերյալ հաղորդագրություն չեն ստացել, սակայն այս պահին հիվանդանոցում երկու տուժող կա: Ոստիկանական խումբը գտնվում է հիվանդանոցում, եւ մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ:
Մեկնաբանել