
Վարչապետն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նախագահին է ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը, որն Արմեն Սարգսյանն այս երեկո առարկություններով վերադարձրել էր վարչապետի աշխատակազմ:
«Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- ֆեյսբուք գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով նախագահի առարկությունները, ասաց, որ «վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով»։
Նա ուշադրություն է հրավիրել Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի վրա, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
Մեկնաբանել