
«Վարչապետի աշխատակազմը չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները». Թորոսյան
«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները»,-այս մասին քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ.
«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»,-հայտնել է Ա. Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը։ Ն. Փաշինյանն իր հերթին կրկին նախագահին է ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը։
Մեկնաբանել