HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջնագծում կարելի էր կարդալ ամբողջ Աստվածաշունչը բացված»

«Մի վայրում էի, որտեղ ֆուտբոլի դաշտ կար։ Այնտեղ լեցուն վիրավորներ էին, որոնց բերել էին առաջնագծից։ Դա իրենց կյանքի վերջին հանգրվանն էր։ Վերջին վայրկյաններն էին, ու որեւէ բան չէիր կարող անել՝ իրենց օգտակար լինելու համար։ Միայն աղոթքն էր, անձից անձ վազելը, երբեմն իրենց վերջին հայացքը ծածկելը։ Դրանք եղել են ամենածանր ապրումները»,- սա պատմելիս Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը մի պահ լռում է, հետո խուլ հոգոց է հանում։ Ռազմաճակատում անցկացրած 15 օրերի ամենածանր դրվագները կրկին վերապրել է Եռաբլուրում։

Ամանորը հոսպիտալում վիրավոր տղաների հետ դիմավորելուց հետո գնացել էր Եռաբլուր։ «Նույն ապրումները կրկնվեցին։ Ամիսներ են անցել, բայց մեր հերոսներից շատերի մարմինները նոր ենք հանձնում հողին, եւ երբ գնում եմ այնտեղ, կարծես, այն նույն դաշտի տղաներն էին, այն աղաղակը, որ օգնության էր կանչում քեզ»,- ասում է Դավիթ սարկավագը՝ հավելելով, որ վերապրելով ծանր պահերը՝ փորձում է ուժ ստանալ զոհված տղաներից, որոնց ձայնը լսել է վերջին անգամ:

«Իրենք մեզ ասում են, որ սիրեք իրար, ոնց մենք ենք սիրելով կյանք տվել։ Իրենց լռությունը շատ ավելի խոսուն է, քան մենք այսօր փորձենք որեւէ բան խոսքով ասել»,- նշում է նա։

2018 թ․ օգոստոսի 11-ին Դավիթ սարկավագն առաջին անգամ Մեղրի էր գնացել, որի զորամասում Մայր Աթոռից կողմից ծառայության էր նշանակվել որպես գնդերեց: Լուրը ոգեւորությամբ էր ընդունել։ Ասում է՝ յուրաքանչյուր հոգեւորական կերազի ամեն օր ունենալ երիտասարդ տղաներով համայնք, որ ամենակարեւոր առաքելությունն են կատարում՝ կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ։ Մինչ այդ զորամասը գնդերեցներ ունեցել էր, եւ հոգեւորականի ներկայությունն անսովոր չէր զինվորների համար։

Սարկավագի խոսքով՝ գնդերեցի հեռախոսը 24 ժամ պետք է հասանելի լինի զինծառայողների համար։ Եվ այս առումով տղաներն անգամ կատակում էին, թե սարկավագի հեռախոսահամարը, կարծես, շտապօգնության համար լինի։

Բացի զորամասում ծառայությունից՝ Դավիթ սարկավագը շրջել է դպրոցներում, ծանոթացել խնդիրներին ու փնտրել դրանց լուծումները։ Այդ ընթացքում էլ ձեւավորվել է զինվորների կողմից դպրոցներում դասեր անցկացնելու միտքը: Նման բան, ըստ զրուցակցիս, նախկինում մեր բանակում չէր եղել: Բարձրագույն կրթություն եւ ծրագրավորման գիտելիքներ ունեցող զինվորներից թիմ է ձեւավորվել, որը Ագարակում ծրագրավորում է դասավանդել բարձր դասարանցիներին։ Այն հատկապես օգտակար էր այն աշակերտների համար, ովքեր ցանկանում էին մասնագիտանալ այդ ոլորտում, բարձրագույն կրթություն ստանալ։ Գաղափարը նախադեպ դարձավ մյուս զորամասերի համար։ Այս գաղափարը հետագայում հղկվեց, զարգացավ, ու, ինչպես Դավիթ սարկավագն է ասում, դրա հիման վրա բանակում առանձին ստորաբաժանում ձեւավորվեց նման գիտելիքներ ունեցող զինվորներից։

Սարկավագն իր առաքելությունը Մեղրու զորամասում ու մասնակցությունը կրթական ոլորտի հարցերի լուծմանը շարունակում էր մինչեւ սեպտեմբերի 27-ը։ Այդ օրը նա Տավուշում էր՝ Վարագավանքի տոնին։ Այդտեղ պետք է պատարագ մատուցեին, ճանապարհին լսել էին Ստեփանակերտի հրետակոծության լուրը։ Հաջորդ օրը նա վերադարձավ Մեղրի։ Հոկտեմբերի 3-ին զորամասը Ջաբրայիլ գնալու հրաման ստացավ։ Այնտեղ մարտական թեժ գործողություններ էին ընթանում։ Զորամասի հետ գնացել էր նաեւ գնդերեցը, ով ասում է, թե պետք է իր զորքի հետ լիներ։ Մյուս գնդերեցները եւս իրենց զորամասերի հետ էին:

Դավիթ սարկավագն ասում է, որ մեր ամենածանր կորուստներն այդ հատվածում էին, քանի որ տարածքը հարթավայրային էր, իսկ նոր սերնդի զինատեսակների օգտագործումը խոցել էր դարձնում զորքին՝ ի տարբերություն Արցախի հյուսիսի լեռնային ու անտառային շրջանների, որտեղ բնական միջավայրը առավելություն էր տալիս պաշտպանվելիս։

Մարտերն ընթանում էին գրեթե առանց դադարի, ու ողջ օրը անօդաչուները պտտվում էին երկնքում։ Դադարները հիմնականում գիշերն էին, այդ ընթացքում ճակատից տեղափոխում էին վիրավորներին։ Տղաները քաջալերանքի կարիք ունեին։ «Հիշում եմ, որ տղաներն ասացին՝ միասին նկարվենք, սարկավագ, մեր ծնողներին որ հասնեն նկարները, կասեք, որ ուրախ ենք, ուժեղ ենք»,- պատմում է գնդերեցն ու ավելացնում, որ տղաները հարցնում էին, թե ինչքան պիտի շարունակվի։ Նրանք այն համոզմունքն ունեին, որ մեկ այլ վայրում մեր զորքը կարող էր առաջ գնալ՝ ընդհանուր հաղթանակ բերելով նաեւ նահանջողներին։ Ըստ Դավիթ սարկավագի՝ ռազմաճակատ գնացող տղաներն իրեն մղում էին, որ խոսեր կյանքի հավիտենության մասին, ու խնդրում էին իրենց մկրտել հենց պատերազմի օրերին։ Դրա համար զինվորներից մեկը հանել էր սաղավարտն ու ջուր լցրել՝ փոխարինելով եկեղեցու քարե ավազանին։ Այդպես զինակիցներով մկրտվել էին։

-Զենք ունեի՞ք,- հարցնում եմ սարկավագին։

-Այո,- պատասխանում է։

-Իսկ դա չի հակասո՞ւմ Աստծո խոսքի Ձեր ընկալմանը։

-Ավետարանն ասում է՝ ով սուր է վերցնում, սրով էլ կընկնի։ Եկեղեցական ասպարեզը միշտ ընկալում ենք մի ոլորտ, որը խոսում է համաշխարհային հումանիզմի մասին՝ ի դեմս Քրիստոսի օրինակի, որը լավագույն օրինակը տալիս է մարդկային շփման մեջ, բայց երբեմն կարիք կա, որ անձը շտկվի, դրա համար պետք է դիմացինին կասեցնել։

-Կրակեցի՞ք։

-Առիթ չունեցա, որովհետեւ տարածքը եւ մեզ վրա աշխատող անօդաչու թռչող սարքերի առկայությունը, չասեմ անզոր, բայց առավել չափով մեր անձը դարձնում էին խոցելի,- պատասխանում է գնդերեցը։

Հետո, կարծես, դարձյալ հայտնվում են պատերազմի մռայլ պատկերները։ Սարկավագի դեմքից ժպիտը կորում է։ Ասում է՝ լեցուն էին վիրավորներն ու զոհերը, եւ դա սոսկալի էր։

Հոկտեմբերի 11-ին, երբ թշնամին արդեն գրավել էր Ջաբրայիլը, Դավիթ սարկավագն իր զորքի հետ Հադրութ էր տեղափոխվել, իսկ մեկ շաբաթ անց վերադարձել Մեղրի, որտեղ զորքը վերակազմավորվելու կարիք ուներ, ինչից հետո դարձյալ պիտի միանային մարտական գործողություններին։

Հոկտեմբերի 27-ին սարկավագն առաջնագծից կարեւոր հանձնարարություն էր ստացել։ Ճանապարհին իր մեքենայում երկուսով էին՝ ինքն ու մի սպա: Նռնաձոր գյուղի մոտ թշնամու ԱԹՍ-ն ու արձակած արկը վայրկյանների տարբերությամբ ընկել էին մեքենայի առաջնամասին:

Սարկավագն ու սպան, բարեբախտաբար, չէին տուժել։

Դեպքի մասին գնդերեցը պատմում է հանդարտ, առանց որեւէ զգացմունքայնության։

-Չվախեցա՞ք,- հարցնում եմ։

-Արցախում տեղի ունեցողից հետո, որն ավելի բարդ ու ծանր էր, արդեն չէ։

-Սպասո՞ւմ էիք նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

-Ես չէի մտածում, որ այդպիսի ընթացք կունենանք, բայց իմ մտավախությունն էր, որ պատերազմն արդեն հասնում էր Մեղրի՝ Հայաստանի սահմանին էր։ Մեր այնտեղ լինելը կասեցրեց Հայաստանի երկու գյուղերի՝ Նռնաձորի եւ Շվանիձորի հրետակոծումը։ Մեր հրետանին ճիշտ թիրախավորեց, շարքից հանեց նրանց,- ասում է զրուցակիցս:

Հրադադարից հետո գնդերեցը այցելել է զորամասի զոհված զինծառայողների ընտանքիներին եւ վիրավորներին։ Հիշում է, որ երբ Մարտունիում հյուրընկալվել էր զոհվածներից մեկի տանը, մայրն ասել էր, որ իր տղան թշնամու տանկ է խոցել, ու ինքը սարկավագի շնորհիվ է ճանաչել որդուն։ «Չհասկացա՝ ինչ էր։ Տանը հուշանկյուն կար, երբ մոտեցա, տեսա իմ նվիրած Ավետարանը։ Նա իր հետ վերցրել էր ռազմաճակատ գնալուց եւ երբ զոհվել էր, անճանաչելի էր դարձել, Ավետարանի շնորհիվ էին կարողացել ճանաչել»,- պատմում է Դավիթ սարկավագը։ Զինվորներից շատերը ռազմաճակատ գնալուց իրենց հետ վերցրել էին 2020 թ․ Զատկի տոնին զորամասում գնդերեցի բաժանած Ավետարանները։

-Ինչպես կբնորոշե՞ք այն օրերը, որոնց միջով անցաք, ի՞նչ կատարվեց Ձեզ հետ,- հարցնում եմ Դավիթ սարկավագին:  

-Աստծո հրաշքը եւ Տիրոջ ձեռքի ներկայությունը կար ամեն մեկի կյանքում․․․ Առաջնագծում կարելի էր կարդալ ամբողջ Աստվածաշունչը բացված՝ մարդկանց կյանքի դրսեւորմամբ։ Եթե խաղաղության պայմաններում մենք պատարագի խորանից մարդկանց քարոզում ենք, առաջնագծում զինվորներն իրենց կյանքով փաստում էին։ Այդպիսին էին առաջնագիծն ու այդ օրերը։ Ես Աստծո խոսքն ընթերցում էի ֆիզիկապես տղաների անձերից։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter