HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերիշխող մետաստազները գալիս են…

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր նախագիծ։ Օրենքը բացասական է բնորոշվել գործարարների կողմից։

Այս հոդվածում ցանկանում ենք կենտրոնանալ մեր կարծիքով ամենավնասակար դրույթի և այդ դրույթն արդարացնելու ընթացքի վրա։

Մինչև 2018թ. մայիսյան իշխանափոխությունը Հայաստանում տնտեսության բոլոր շահութաբեր ճյուղերը մենաշնորհված էին իշխանությանը մոտ կանգնած անձանց։ Ձևական գործում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքը և ժամանակ առ ժամանակ որևէ մեկին տուգանում էին բարձր գներ սահմանելու համար, բայց մենաշնորհները և գերիշխողները շարունակում էին բարգավաճել և գերշահույթներ ստանալ։ Հատուկ պետք է շեշտել այն փաստը, որ բոլոր մենաշնորհները և գերիշխողները սերտորեն կապված էին իշխանությունների հետ։

2018թ. մայիսի 8-ին իշխանության գալով, նոր կառավարությունը հայտարարեց, որ այսուհետև պետական հովանավորչությունը վերացված է, ազատ մրցակցությունը վերականգնված է, մենաշնորհներ և գերիշխողներ չկան: Դրանից մի-երկու շաբաթ անց միջադեպ եղավ, երբ մի գործարար բանան ներկրեց Հայաստան։ Նրան փորձեցին խանգարել, կառավարությունը միջամտեց՝ պատժեց-սաստեց խանգարողներին։ Այդ պահից սկսած բոլոր գործարարները իրոք տեսան, որ իրոք կառավարությունը պահպանում է ազատ մրցակցությունը և այդ պահից սկսած Հայաստանում վերացավ մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումները։

Սա շատ պարզ տնտեսական կանոն է, եթե ազատ մրցակցություն կա, գնային չարաշահում չի կարող լինել, թեկուզ մենաշնորհների կողմից։

Եւ ահա 2019թ. ապրիլին, երբ Հայաստանում արդեն մեկ տարի մենաշնորհների և գերիշխողների կողմից որևէ գնային չարաշահում չկար, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, թեկնածուն հայտարարեց՝ «Իմ գլխավոր խնդիրը մենաշնորհների և գերիշխողների դեմ պայքարն է»։

Այնուհետև, 2020թ. վերջին, ՏՄՊՊ հանձնաժողովը Ազգային Ժողով ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության նոր օրենքը։

2021թ. հունվարին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի քննարկման ժամանակ հնչեցվեց ԱԺ Ֆինանսատնտեսական վարչության կարծիքը, ըստ որի՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության հայեցակարգը կանխարգելիչից դառնում է տնտեսական ոստիկանության նման մի բան»։

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը վրդովված հայտարարեց՝

  • Հա բայց մենք կանխարգելիչ ֆունկցիա, անկեղծ ասած, չունենք էլ, մենք կանխարգելող չենք…
  • Մենք հենց պատժիչ, պատժող, շատ չոր ու շատ ցավոտ պատժող կառույց ենք: Ես էդի շատ կարևորում եմ:
  • Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք: Էդ ուզում եմ հստակ ֆիքսենք:
  • Այսինքն՝ ես կապ ունեմ մենակ էն ժամանակ, երբ որ խնդիրը ծագել, պրծել ա..
  • . . . ես միայն և միայն պատժում եմ: Ես կարամ ինչ-որ ուղեցույցներ տամ, ասեմ, որ ա՛յ սենց անեք, չեմ պատժի:
  • Բայց ես հենց կոնկրետ, մեր կառույցը պատժող, ու նենց որ շատ դաժան պատժող կառույց ա:
  • Այսինքն՝ փոքր իրավախախտումներն էլ չենք ներում:
  • Երբ որ բանը հասել ա, արդեն գնացել ենք, գերիշխող դիրքը չարաշահել… Ես ոնց կանխեմ գերիշխող դիրքը, գերիշխող դիրքը ինքը իրան պտի կանխի: Երբ որ հասել ա բանը, նենց, որ ինքը չարաշահել ա, շուկայից մարդիկ ա հանել, տնտեսության վիճակը վատացրել ա… Այ էդ ժամանակ մտնում ենք:

Մեր համոզմամբ, ՏՄՊՊՀ օրենքը ամբողջովին հակամրցակցային և անընդունելի է, բայց առավել հակատնտեսական է քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածում կատարված փոփոխությունը, ըստ որի հաջող տնտեսական գործունեությունը, որի արդյունքում կազմակերպությունը շահույթ է ստանում, պատժվում է մինչև ութ տարի ազատազրկմամբ, գույքի բռնագրավումով։

2021թ. փետրվարին գործարարների հետ քննարկումների ժամանակ, մեր այն կարծիքին, թե սա անընդունելի է, ՏՄՊՊՀ հարգելի նախագահը, ի թիվս այլ մտքերի, հուզված արտաբերեց՝ «Գերիշխող մետաստազները գալիս են . . .»

Այս ձևակերպումը պետք է անհանգստացնի բոլորիս։ Սա զարմանալիորեն հիշեցնում է մի այլ միջադեպ, որը տեղի ունեցավ 72 տարի առաջ ԱՄՆ-ում։

1949 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Ֆորրեստոլը լարված հոգեվիճակում էր։ Նա անընդհատ կրկնում էր՝ «Ռուսները գալիս են, ռուսները գալիս են։ Նրանք ամենուր են։ Ես տեսել եմ ռուս զինվորներին։»

1949թ. մարտի 28-ին Ֆորրեստոլը հեռացվեց պաշտոնից և 5 օր անց տեղափոխվեց հոգեբուժարան։

1949թ. մայիսի 22-ին Ջեյմս Ֆորրեստոլը «Ռուսները գալիս են» գոռալով դուրս նետվեց հոգեբուժարանի 16-րդ հարկի պատուհանից։

Գործարարների նկատմամբ այս հիվանդագին չար վերաբերմունքով և բիզնեսի, շուկայական հարաբերությունների, մրցակցության մասին բացարձակ անգիտությամբ սարքված 113 էջանոց օրենքը ուղարկված է ԱԺ վերջնական հաստատման։ Օրենքը հավանաբար կհաստատվի և գործարարների պատասխան քայլերը կլինեն ստիպված։

Մետաստազների պատասխանը

Բնական է, գործարարները, որոնց Հանձնաժողովը կամայականորեն կարող է շնորհել մենաշնորհների ու գերիշխողների կոչումներ, կաշխատեն խուսափել սնանկացնող տուգանքներից, բանտարկվելուց և ունեցվածքի բռնագրավումից։

Դրա համար նրանք ընդամենը պետք է հիմնավորեն իրենց ապրանքների վաճառքի գները և նվազեցնեն կամ նույնիսկ զրոյացնեն շահույթը։ Դա անելը չափազանց հեշտ է։

Նրանք, շահաբաժին ստանալու փոխարեն, այդ գումարը կստանան աշխատավարձի ձևով, փառք աստծո դրանք հարկման նույն դրույքաչափերն ունեն։ Այդպիսով կբարձրացնա ապրանքի ինքնարժեքը և կհիմնավորվի ցանկացած գին, նաև կնվազեցվի կամ կզրոյանա շահույթը։ Հիշեցնենք, որ Ազգային Ժողովում հանքարդյունաբերության վիճակի քննարկումների ժամանակ ասվեց, որ մետաղարդյունահանող 30 ընկերություններ տարիներ շարունակ աշխատում են զրո շահույթով։ Այս օրինակը բերում ենք, ցույց տալու համար, որ զրո շահույթ ցույց տալն իրոք շատ հեշտ է և այդպես արդեն աշխատում են այն կազմակերպությունները, որոնք մտադիր չեն ներդրումներ անել Հայաստանում։ ՏՄՊ նոր օրենքն ընդունելու դեպքում բոլոր կազմակերպությունները ստիպված կաշխատեն այս ձևով։

ՀՀ Ազգային Ժողովի նախկինում ընդունած մի օրենքով, շահույթի այն մասը, որը ուղղվում է ներդրումներին, հարկվում է ավելի քիչ՝ 18%: Այսկերպ օրենքը խրախուսում է լավ աշխատանքը, շահույթ ստանալը և այդ շահույթը ներդրումներին ուղղելը։ Հիմա նույն Ազգային ժողովը պետք է ընդունի ՏՄՊ օրենքը, որով քրեական պատիժ է սահմանում շահույթ ստանալու համար և դադարեցնում է ներդրումները։

Հատկանշական է, որ քննարկումների ընթացքում ԱԺ և կառավարության տնտեսական բլոկի գործիչները կամ լռում էին, կամ սահմանափակվում «Նոր օրենքը մեկ քայլ առաջ է» ոչինչ չասող բառերով։

Քննարկումների ընթացքին հետևելով այն տպավորությունն է ստացվում, որ հրահանգված է այս տեսքով ընդունել օրենքը։ Ըստ երևույթին ոմանք ցանկություն ունեն մեծ մահակ ունենալ բիզնեսի գլխին։

Աշոտ Խաչատրյան

Հայկական Ծրագրեր ընկերության նախագահ

----------------------------------------------------------------------------------------------------------

ՏՄՊ օրենքի մանրամասն քննարկումները կարող եք նայել հետևյալ հղումներով՝

Ես պատժում եմ

ՏՄՊՊՀ օրենքի նպատակը պատժելն է

Օրենքի նախագիծ՝ տնտեսական մրցակցությունը ոչնչացնելու մասին

Գործարարները քննադատում են ՏՄՊՊՀ նոր օրենքը

Հայաստանի գյուղատնտեսական Դաշինքի կարծիքը ՏՄՊՊՀ օրենքի վերաբերյալ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունը ոչ միանշանակ է ընդունվել մասնագետների կողմից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter