HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը». հայկական պատվիրակությունն ամփոփում է ԵԱՀԿ-ում աշխատանքը

Փետրվարի 24-26-ին կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առցանց ձմեռային նստաշրջանի աշխատանքները հայկական պատվիրակությունն ամփոփեց այսօր` մարտի 2-ին կայացած ասուլիսին: Պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդգծեց` իրենց ելույթներն առավելապես վերաբերել են արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ռազմագերիներին:

Կոնջորյանն ընդգծեց` պատվիրակությունն ակտիվ մասնակցել է նստաշրջանի աշխատանքներին, եթե ոչ ամենաակտիվն են եղել, ապա միանշանակ` ամենաակտիվներից: Ընդհանուր ութ ելույթ են ունեցել, որից յոթը` «Իմ քայլի» պատգամավորները, մյուսը` «Լուսավոր Հայաստանից»:

Ըստ Կոնջորյանի` ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ թեժ բանավեճ են ունեցել: Պատգամավորը վստահեցրեց` նստաշրջանի օրակարգում ունեցել են կարևոր ներդրում, այդ է փաստում այն, որ շվեդ ու բելգիացի պատգամավորները Հայաստանին աջակցող ելույթներ են ունեցել: Ըստ Կոնջորյանի` ԵԱՀԿ գործող նախագահը ֆունդամենտալ ելույթ է ունեցել` նշելով, որ չնայած ռազմական գործողությունները դադարել են՝ հակամարտությունը կարգավորված չէ:

«Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք գերիների վերադարձի արհեստական ձգձգումը, նրանց նկատմամբ անմարդային վերաբերմունքի փաստերը, պատերազմում ահաբեկիչների ներգրավման հարցերը: Ընդհանուր նստաշրջանին մեր պատվիրակության մասնակցությունը բարձր մակարդակի վրա է եղել»,-ընդգծեց Կոնջորյանը:

Պատվիրակության անդամ Անի Սամսոնյանը նշեց` տպավորություն կարող է լինել, թե բոլորը գիտեն՝ ինչ է եղել այս տարածաշրջանում, սակայն այդպես չէ, ուստի օգտագործում են բոլոր հարթակները պատերազմի հետևանքները մանրամասն ներկայացնելու համար:

«Իմ ելույթում շեշտադրում եմ արել, որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները, նույնիսկ պատերազմից հետո են անձանց գերեվարել ու ներկայացնում որպես հանցագործների` նսեմացնելով նրանց»,- ասաց Սամսոնյանը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հավելեց` փորձում են բոլոր հարթակներում բարձրաձայնել գերիների խնդիրը, ապա կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահի` Շվեդիայի արտաքին գործերի նախարարի ելույթը, որով վերջինս ընդգծել է` արցախյան հակամարտությունը չի կարգավորվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter