HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՏՄՊՊՀ նախագահ. «Յուրաքանչյուր տնտեսվարող աշխատելու է իր համար կանխատեսելի միջավայրում»

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի բարելավել մրցակցային դաշտը, կշահեն տնտեսվարողները, տնտեսությունը և հասարակությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Աժ-ում ներկայացվեց և քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

ՏՄՊՊՀ-ի, փաթեթի կողմնակիցների մեկնաբանմամբ՝ այս նախագծերով ու  փոփոխություններով նախատեսվում է լրացուցիչ գործիքակազմ ու լիազորություններ տալ ՏՄՊՊՀ-ին՝ մրցակցային դաշտը բարելավելու համար։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է ամբողջությամբ վերախմբագրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը՝ միաժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարելով նաև հարակից օրենքներում:

Մինչդեռ գործարար համայնքի մի հատված համոզված է, որ ՏՄՊՊՀ-ն ցանկանում է «մեծ մահակ ունենալ բիզնեսի գլխին»։

Նախագծերի առաջին ընթերցումից հետո, ինչպես նշեց ՏՄՊՊՀ նախագահը, լայնածավալ քննարկումներ են տեղի ունեցել թե՛ գործարարների, թե՛ պատգամավորների հետ, որի արդյունքում փոփոխություններ են կատարվել մինչև երկրորդ ընթերցում ներկայացնելը։ Մոտ 40 բովանդակային և տեխնիկական փոփոխություն է տեղի ունեցել։

«Ներդրվում է նոր ինստիտուտ՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը։ Բիզնեսը կարող է նախապես դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որ ստանա իր կողմից կնքվող գործարքի կամ պայմանագրի վերաբերյալ կարծիք։ Դա անվճար է։ Հանձնաժողովը առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի։ Համակենտրոնացման հայտարարագրման կարգում կատարվել է փոփոխություն և ներդրվել է հեշտացված մեխանիզմ»,- որպես օրենքի նոր բարելավող դրույթներ մատնանշեց Գեղամ Գևորգյանը։

Նա համոզված է, որ փոփոխությունների ընդունումից հետո յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ աշխատելու է իր համար կանխատեսելի միջավայրում,  «գնահատելի կլինի հանձնաժողովի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործառույթ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ նախագիծը ներկայացնելուց հետո բիզնես հատվածի կողմից քննարկվող երեք ամենակարևոր հարցերից առաջինը ՏՄՊՊՀ-ի միջամտությամբ տնտեսվարողների հաշիվներին կալանք դնելու հարցն է եղել։ Երկրորդը վերաբերում է այն թեզին, որ ՏՄՊՊՀ-ն դառնում է ուժային կառույց և իրավունք է ունենում միջամտել, շենքեր կապարակնքել, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել։ Եվ երրորդը վերաբերում է ՏՄՊՊՀ-ի կողմից հայցվող տեղեկություններին։ Տնտեսվարողները գտնում են, որ եթե պետական մարմինը կարող է ինֆորմացիան ստանալ մեկ այլ պետական մարմնից, ապա չպետք է այդ ինֆորմացիան պահանջի իրենցից՝ տնտեսվարողներից։

Գեղամ Գևորգյանը առաջին երկու խնդիրների վերաբերյալ նշեց, որ այդ դրույթները հանվել են։ Իսկ տեղեկատվության հավաքագրումը կլինի ավելի համակարգված։ Այս տարվա երկրորդ կեսին պատրաստ կլինի արդեն ամբողջությամբ ինտեգրված թվայնացված համակարգ։

«Գործող օրենսդրությամբ բոլոր վարչական մարմինները, եթե վարչական վարույթի ընթացքում ակնհայտ տեսնում են, որ տնտեսվարող սուբյեկտը դիմում է քայլերի, որոնց արդյունքում կարող է հնարավոր իրավախախտման հետևանքով առաջացող տուգանքը չվճարել, կարող են կալանք դնել հաշիվների վրա։ Դա արդեն կար, և հանձնաժողովը որևէ նոր գործիքակազմով չէր օժտվում։ Իսկ կապարակնքումն ամբողջությամբ դուրս է եկել։ Մեր խնդիրը ոչ թե կապարակնքման նոր գործիք ներդնելն էր, այլ՝ իրավաբանների կարծիքով ստուգումների մասով օրենքում կար շտկումների կարիք, որը կրկին վերաբերում էր բոլոր վարչական մարմիններին, բայց հաշվի առնելով առաջարկները՝ մենք դա ընդհանրապես դուրս ենք հանել»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Բաբկեն Թունյանը կարծում է, որ առաջարկվող օրենքի փոփոխությունները մի քանի քայլ առաջ են, քան գործող օրենսդրությունն է, բայց «այնպես չի լինում, որ բոլորը գոհ լինեն, և որևէ մեկը խնդիր չտեսնի այստեղ»։ Նրանք պատրաստակամություն են հայտնում բիզնես շրջանակների հետ շարունակել քննարկումները մրցակցության մասին օրենքի բացթողումների վերաբերյալ։

Ինչպես Թունյանը, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կոչ արեցին պատգամավորներին կողմ քվեարկել նախագծերի փաթեթին։

«Հանձնաժողովին տրվում են էլ ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնցով էլ ավելի արդյունավետ է աշխատելու։ Տնտեսության ամենավնասակար երևույթներից մեկը տնտեսական ազատ մրցակցության կանոնների խախտումն է։ Նպատակն է՝ դրանք մաքսիմալ չեզոքացնել։ Այս օրենքի նախագիծը ոչ թե դեմ է բիզնեսին, այլ՝ կողմ»,- համոզված է Պապոյանը։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատեց, որ մասնագիտական հանրույթը տվել է բավականին կոշտ գնահատականներ այս փաթեթի վերաբերյալ։ Որոշ կարգավորումներ խնդրահարույց են։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ շեշտեց, որ թեև փոփոխություններով օրենքը քայլ առաջ է տարվում, բայց ՏՄՊՊՀ-ից սպասելիքները շատ ավելին են, քան այսօր արվում է. «Արդար մրցակցություն ապահովելու համար արվող քայլերը բավարար չեն։ Գերադասելի է, որ 3 կամ 6 ամիսը մեկ հրապարակեք գերիշխող դիրք ունեցողների ցանկը և միջոցառումները, որոնք պետք է ուղղված լինեին այդ դիրքի չարաշահման կանխարգելմանը»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ևս կոչ արեց կողմ քվեարկել նախագծերի փաթեթին։

Փաթեթի վերաբերյալ քննարկումներն ավարտվեցին։ Այն դեռևս պետք է քվեարկության դրվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter