HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲԴԽ նախագահը վստահեցնում է` վնգստացող դատավորներ չկան

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնցից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Թեկնածությունները ներկայացրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Վերջինս հայտնեց, որ առավոտյան անձամբ զրուցել է Սամվել Գրիգորյանի հետ պարզաբանում ստանալու համար, Գրիգորյանն ասել է, որ հետպատերազմական շրջանում հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանրաբեռված վիճակը՝ անհրաժեշտ է համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել մարզի բնականոն աշխատանքը:

«Այդ պատճառով չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»,- ասաց Վարդազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց Ռուբեն Վարդազարյանին նոյեմբերի 15-ի ուղերձը՝ ուղղված դատավորներին.

«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- ուղերձից ընթերցեց պատգամավորը` հետաքրքրվելով, թե ինչու է ԲԴԽ նախագահը վարչապետի` քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի խոսքին հղում արել և ոչ թե մասնագիտական բառապաշար կիրառել:

Վարդազարյանն արձագանքեց` որևէ քաղաքական պրոցեսի հետ զուգահեռ չի տարել, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էր դատավորներին նման կոչով դիմել, որպեսզի ոչ մի կերպ դատարանները չքաղաքականացվեն:

«Ավելի շատ սթափեցման կոչ էր, քան` քաղաքական, ես գտնում եմ, որ իմ կոչը և տեղին էր և իր արդյունքին հասել է, այսօր, քան երբեք դատարաններն աշխատում են առավել անկախ»,- ասաց Վարդազարյանը:

Պատգամավորը կրկնեց հարցը` ինչու էիք օգտվում քաղաքական բառապաշարից: Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց`պարտավոր էին ապացուցել ազգին, որ չկան վնգստացող դատավորներ, և այդ հարցն օրակարգից դուրս գա:

Ռուբեն Ռուբինյանը նկատեց` ԲԴԽ նախագահը հեգնանքով օգտագործել է վարչապետի խոսքերը և քաղաքականացրել ուղերձը, ըստ նրա` այդ կոչը ոչ թե զսպվելու այլ չզսպվելու կոչ էր: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս հրաժարական տալու մտադրություն ունեցել է, թե ոչ, իսկ եթե չի մտածել, չի կարծում, որ կարելի է մտածել այդ մասին:

«Շատ հստակ պատասխանեմ Ձեր հարցին, ոչ չեմ մտածել, արդյոք ժամանակն է, թե ոչ, թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակը՝ երբ եմ մտածելու այդ հարցի վերաբերյալ»,-արձագանքեց Վարդազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց, թե քանի դատավորի լիազորություն է դադարեցվել վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Վարդազարյանն արձագանքեց` երկու դատավորի: Մակունցը հետաքրքրվեց` բավարար է արդյոք այդ ցուցանիշը դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար:

Վարդազարյանն արձագանքեց` այդ հարցին իրավասու չէ պատասխանել, ԲԴԽ-ն չի նախաձեռնում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի գործընթաց, այլ քննում է բոլոր կարգապահական վարույթները, որը ներկայացվում է ԲԴԽ-ին Արդարադատության նախարարության, Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական ու էթիկայի հանձնաժողովի ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Վարդազարյանի խոսքով` միայն երկու դատավորի դեպքում է եղել այնպիսի խախտում, որը համատեղելի չի եղել դատավորի պաշտոնավարման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter