
Ռուս խաղաղապահները 152 միլիմետրանոց 30 արկ են վնասազերծել
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի զինծառայողները շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը ճպայթած զինամթերքից։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ)։
2021թ․ մարտի 2-ին Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 152 միլիմետրանոց 30 բեկորաֆուգասային հրետանային արկ։
2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1548 հեկտար տարածք, 484 կմ ճանապարհ, 1524 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթյունավտանգ առարկա։
«Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել և ոչնչացվել է Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղում հատուկ կառուցապատված կրակարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր միջոցառումների պահպանմամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
***
2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։
Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов
Մեկնաբանել