HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքի հետ

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին համընդգրկուն ներկայացրել է արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայում առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Զրույցի ընթացքում կարևորվել է արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter