
ԲԴԽ նախագահի դեմ հայց է ներկայացվել` Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման պահանջով
Դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի խոսքով Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը՝ որպես ԲԴԽ անդամ:
«Կա ընդամենը հայց, դատավորներից մեկը պարտավորեցման հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, խնդրում է դատարանից, որ դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի դատական ակտին»,- ասաց Վարդազարյանը:
ԲԴԽ նախագահը հայցադիմումի հիմնավորումներին ծանոթացել է, սակայն գնահատական չցանկացավ հնչեցնել:
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի տարիքին ու ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելու համապատասխանելիության հարցին, վերջինս ասաց.
«Ես գտել եմ, գտնում եմ և շարունակում եմ գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ որպես ԲԽԴ անդամ»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրել է խորհրդարանը` հունվարի 22-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունը առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Լուսանկարում` Գագիկ Ջհանգիրյանը
Մեկնաբանել