HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արտավազդ Խանդոյան. «Տեղահանված արցախցիներին պետք է ապահովել աշխատանքով ու սեփական տանիքով»

Արցախյան պատերազմի հետեւանքով ադրբեջանցիներին անցած Կումայրի գյուղի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց Հայաստան: Գյուղը 90-ականներին հիմնել էին լենինականցիները: 2020թ․ տվյալներով Կումայրի-Շիրակ համայնքն ուներ 36 տնտեսություն: Համայնքի ղեկավար Արտավազդ Խանդոյանն ասում է, որ բնակիչների հիմնական մասը ծնունդով Շիրակի մարզից, առավելապես՝ Գյումրիից էին: Պատերազմը ստիպեց մարդկանց թողնել այն ամենը, ինչ ստեղծել էին անցած 30 տարիների ընթացքում ու բռնի տեղահանվել՝ դառնալով փախստական սեփական հայրենիքում:

Գյումրիում բնակվում են Կումայրի գյուղի բնակիչների 70 տոկոսը: Անցած երեք ամիսների ընթացքում գրեթե բոլորը կարողացել են վարձով բնակարան գտնել: Կան նաեւ այնպիսինները, որոնք պարզապես վերադարձել են Գյումրիում գտնվող իրենց սեփական բնակարանները, որոնք ժամանակին չեն վաճառել: Տարհանված ընտանիքներից նման առավելություն ունեցողները քիչ են: Արտավազդ Խանդոյանի համոզմամբ, հումանիտար աջակցության տրամադրումից պետք է սահուն անցում կատարվի գործնական աջակցության դաշտ, այն է՝ տեղահանված արցախցիներին աշխատանքով ապահովելու ծրագրերի իրականացմանը, այլապես հնարավոր է կրկնվի հետերկրաշարժյան սցենարը:

«Երկրաշարժից տարիներ անց շատ էին ասում, որ լենինականցիների տունը քանդեցին օգնությունները: Մարդիկ նստած սպասում էին, թե լոբին, ձեթն ու մակարոնը, երբ պիտի տեղ հասնի: Շատերը հետ վարժվեցին աշխատելու մտքից: Երկրաշարժից հետո երկար ժամանակ տրամադրվող օգնությունները հիմնովին փոխեցին շատերի մտածելակերպը: Հիմա էլ էդ վտանգը նկատվում է: Ես ամեն դեպքում դա տեսնում եմ,- նշում է Արտավազդ Խանդոյանը,- թեկուզ էն, որ մարդիկ ինձ դիմում են՝ ասելով, թե ինչու էսինչն էս բանը ստացավ, ես չստացա, կարո՞ղ ես մի բան անել էս մի օգնությունից էլ ստանանք եւ այլն, սա նշանակում է, որ քիչ-քիչ գնում ենք հետերկրաշարժյան Լենինականի ճանապարհով»:

2020թ. դեկտեմբերին Արտավազդը հիմնել է «Կումայրի» հասարակական կազմակերպությունը, որ կարողանա առավել ընդգրկուն զբաղվել տեղահանված արցախցիների խնդիրներով:

«Մեր կազմակերպությունը գրանցվել է հունվարին: Պատերազմը մի տեսակ չար կատակ խաղաց՝ գյուղից վերածվեցինք ՀԿ-ի: Բայց ունենք այն, ինչ ունենք ու պիտի առաջ նայենք,- ասում է Խանդոյանը,- սկզբի օրերի անորոշությունն անցել է շատերի մոտ ու հստակ գիտեն, թե վերջնական որտեղ են հաստատվելու: Մի մասը դեռ տեղափոխումների մեջ է՝ կապված աշխատանքի, բնակլիմայական պայմանների հետ: Պատճառները տարբեր են: Դեռ շարունակվում են պետական ու ոչ պետական աջակցությունները, որոնք, իմ կարծիքով շատ երկար չեն տեւի եւ այդ պատճառով էլ կարեւորում եմ արցախցիներին աշխատանքով ապահովելու հարցը»:

Ըստ Արտավազդի՝ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն աշխատելու մասին ունեն մի քանի դիրքորոշում: Որոշները թերհավատորեն են վերաբերվում եւ ցանկություն չունեն աշխատանք փնտրելու։ Շատերն արդեն գրանցվել են Գյումրու զբաղվածության կենտրոնում։ Մյուսները, հանուն աշխատատեղի, պատրաստ չեն տեղափոխությունների:

«Ես զրուցել եմ մարդկանց հետ, կան, որ ասում են՝ ու՞ր է աշխատանք, որ մենք էլ աշխատենք, հլը սպասենք: Քիչ թե շատ մասնագիտության տիրապետողները գրանցվել են, տեսնեն առանց էդ էլ գործազուրկների մեծ բանակ ունեցող էս քաղաքում մի գործ կճարվի՞ իրենց համար, թե՞ չէ: Աշխատանքով ապահովելու մի տարբերակ կա, որից էլ չգիտես ինչու մարդիկ չեն ուզում օգտվել: Ուրեմն կա կազմակերպություն, որ պատրաստ է աշխատանքով ապահովել, բայց մարդիկ պիտի տեղափոխվեն Նոյեմբերյան, զբաղվեն հողագործությամբ, իրենք կարող են տալ ֆիքսված աշխատավարձ, իսկ եթե մարդն ուզում է հողեր վարձակալի՝ սերմ, հողի, ջրի վարձ եւ այլն, անգամ բերքի իրացման հարցն է լուծում, բայց մարդն ասում է՝ հաա՜, գնամ հասնեմ Նոյեմբերյա՜ն, չե՛մ ուզում»:

Արտավազդ Խանդոյանն ասում է, որ Արցախի գյուղական բնակավայրերից տեղափոխվածները հիմնականում շատ լավ հասկանում են հողագործությունն եւ անասնապահությունը: Քաղաքային միջավայրում աշխատանք որոնելը, փորձել հարմարվել, որ ուղղակի գոյություն պահպանեն՝ հետագայում պրոբլեմներ է առաջացանելու:

«Հիմա մենք փորձում ենք մեր ՀԿ-ով համակարգել եղած ինֆորմացիան, հասկանալ ընտանիքների կարիքները, փորձել լուծումներ առաջարկել, հարցեր բարձրացնել Կառավարության առաջ,- բացատրում է Արտավազդը,- ճիշտ կլիներ, եթե պետությունը բնակարանների գնման սերտիֆիկատ տար տեղահանվածներին, որոնք այլեւս չեն վերադառնալու իրենց բնակավայրեր, մարդիկ կարողանային տուն առնել, հիմնավորվել: Օգնություններով, տան վարձ տալով երկար ճանապարհ չենք գնա, հետո էլ մարդիկ կսովորեն ծուլության: Մի օրինակ բերեմ՝ 6 անձից բաղկացած ընտանիք է, էս երեք ամսվա մեջ մոտ 3 մլն դրամ փող է մտել իրենց ընտանեկան բյուջե, բայց մի քանի օր առաջ ինձ ասում է՝ կարո՞ղ ես օգնել սննդի օգնությունից մեզ էլ հասնի: Ու էնպես չէ, որ իրենք բոլոր տեսակի աջակցություններից չեն օգտվել: Սա վատ նախադրյալ է, մարդիկ արդեն սկսում են ծուլանալ»:

Բնակարանի ու աշխատանքի հարցերը լուծելով պետությունը կկանխի նաեւ արտագաղթը, քանի որ արցախցի ընտանիքներ կան, որ մտադիր են լքել Հայաստանը: Մյուս հարցը, որ մտահոգում է զրուցակցիս, պետության կողմից տարանջատումներ չանելն ու որոշ խնդիրների համահարթեցման սկզբունքով մոտենալն է: «Գուցե ինֆորմացիայի պակասն է, չեմ կարող ասել, սակայն Ջաբրայիլում երեք օր եղած անձն էլ է նույն գումարը ստանում, 52 օր շարունակ դիրքերը չլքած, մինչեւ վերջ իր պարտքը կատարածն էլ: Տուն, ապրուստ, ամեն ինչ կորցրածն էլ է նույն աջակցությունը ստանում, էն մի ընտանիքն էլ, որ ինչ հնարավոր է կարողացել է հանել տնից: Յոթ երեխա ունեցողն էսօր ավելի հերոս է, քան 22 օր դիրքեր պահածը, որ կարող էր վերջում կյանքը զոհեր,-նկատում է Արտավազդը,- դրա համար մտածում ենք անել գույքագրում, հավաքել ողջ ինֆորմացիան տեղահանված ընտանիքների վերաբերյալ, օգնել աջակցողներին՝ ճիշտ ուղղորդելով, որ չստացվի մեկն ամեն ինչից օգտվի, մյուսն ուշադրությունից դուրս մնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter