
Վարչապետը չպատասխանեց «Իսկանդերի» և Օնիկ Գասպարյանի մասին հարցերին
Խորհրդարանի հերթական նիստում մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է նիստին, և մի քանի հարց հնչեց նրան ուղղված՝ վերջինս դեռ չի պատասխանում որևէ հարցի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցրեց «Իսկանդեր» հրթիռային համակարգի` պատերազմի ժամանակ կիրառության մասին վարչապետի հայտնի արտահայտությունից` հետաքրքրվելով, թե ի վերջո պատերազմի ժամանակ այն կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե վարչապետը նման արտահայտություն անելիս կանխատեսել է արդյոք Մոսկվայի արձագանքը, նման հայտարարությունն արվել է գիտակցվա՞ծ, թե՞ չհաշվարկված:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ընդգծելով, որ բոլոր պարզաբանումները ներկայացվել են թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից:
Պատգամավորը շարունակեց` «Իսկանդեր» հրթիռային համակարգը ռուսական բանակի մատունակության կարևոր հենասյունն է, երբ հայտարարվում է, որ այն պայթում է 10 %-ով, ու այդ հայտարարությունն արվում է ոչ թե շարքային քաղաքական գործչի կողմից, այլ այդ համակարգն ունեցող երկրի առաջնորդի, չէր կարող Մոսկվայի վրդովմունքը չառաջացնել:
Ավինյանն արձագանքեց` հարցը պարզաբանված է, ավելացնելու ոչինչ չկա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Փաշինյանի այն հայտարարությանը, որ զինված ուժերի շտաբի պետ Օնիկ Գասպարյանը նրա հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի ցուցումով: Մարուքյանը հրապարակային պարզաբանում պահանջեց` պնդելով, որ վարչապետը ասվածի վերաբերյալ փաստեր պետք է ներկայացնի:
Այս հարցին ևս Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ձեր բարձրաձայնած հարցի կապակցությամբ չեմ կարծում, որ հավելյալ պարզաբանման կարիք կա: Վարչապետը որքանով հարկ է համարել, այդ չափով է հայտարարություն արել, եթե լինի հավելյալ պարզաբանման կարիք, կանդրադառնա»,- ասաց Ավինյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ անդրադարձավ Զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը` ընդգծելով, որ շտաբը նման որոշում հապշտապ չէր կայացնի, և ունեցել է ծանրակշիռ պահանջներ:
«Դուք որպես գերագույն հրամանատար՝ ինչքան անադեկվատ որոշումներ եք կայացրել, որքան սահմաններ եք հատել, որ գլխավոր շտաբը որոշել է, որ ի վիճակի չեք երկիրը ղեկավարել, այլ ելք չկա, և պետք է հրաժարական տաք»,- ասաց նա` դիմելով Փաշինյանին:
Այս հարցին ևս Տիգրան Ավինյանը պատասխանեց` ընդգծելով, որ Կառավարության լիազորությունն է հարցին պատասխանողին ընտրել: Ավինյանի խոսքով` շտաբի հայտարարությունը բավականին խնդրահարույց է այն առումով, որ զինվորականները, հատկապես` շտաբի պետը, Սահմանադրության համաձայն՝ քաղաքականությանը չպետք է առնչվեն, և քաղաքական հայտարարությունները որևէ կերպ չեն մտնում շտաբի գործառույթների մեջ:
«Փաստ ունենք, դրա հետ կապված քննարկումներ եղել են, լուծման ճանապարհը ուրվագծվում է»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահը չի ստորագրել շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը, և դիմելու է Սահմանադրական դատարան:
Մեկնաբանել