HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկները չեն կարողացել փրկել Կարենի կյանքը. մայրը դեռ սպասում է նրան

Սեւուկն այդ օրն անհանգիստ էր:

Մի տարի առաջ, երբ նոր էին գնել, վայրի ձիու պես անսանձ ու կամակոր էր: Կարենից բացի՝ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրան: Մի օր էլ, երբ դաշտից տուն էր գնում, զանգել էր տնեցիներին, թե դուրս եկեք դարպասի մոտ: Տնեցիները նրան տեսել էին ձիու վրա ու զարմացել, թե ինչպես կարճ ժամանակում նրան հաջողվեց սանձել Սեւուկին:

Արեւոտ կիրակի է: Կարեն Երեմյանի եղբայրը՝ Արտակը, Սեւուկին դաշտից տուն է բերում, կապում տան դիմաց:

Կարենի աղջիկը՝ Լյուսյան, շոկոլադ է բերում ձիու համար: Արտակն ասում է՝ Սեւուկը կոնֆետ սիրում է: Լյուսյան չի խոսում, տխուր ժպտում է: Հողը, որի վրա կանգնած է ձին, Կարենը նոր էր գնել ու պատրաստվում էր այդտեղ տուն կառուցել։ Դրա ներքնահարկում որոշել էր կաթնամթերքի արտադրամաս հիմնել: Նախատեսել էր աշխատանքներն սկսել այս գարնանը: Սակայն ամեն ինչ կիսատ մնաց եւ անվերադարձ փոխվեց Կարենի ընտանիքի համար։ Հիմա տնեցիները հաճախ գնում են Կարենի մոտ (տնից 5 րոպեի ճանապարհ է մինչեւ գյուղի գերեզմանատուն)՝ նրան պատմելու օրվա անցուդարձն ու այն անսահման կարոտը, որ օրեցօր ավելի է սաստկանում:

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում ենք: Միհարկանի տան ոչ մեծ հյուրասենյակի պատի կեսը Կարենի հուշանկյունն է՝ տարբեր ժամանակի նկարներով ու հուշանվերներով: Դրանց ներքեւում՝ ակվարիումի մեջ, երկու ոսկե ձկնիկներն են, քիչ հեռու թութակներն են: Մայրը՝ Լյուսյա Սարգսյանն, ասում է, որ Կարենը կենդանասեր էր, հիմա իրենք են խնամում նրա կենդանիներին:

Ամեն անգամ դաշտից գալուց 37-ամյա Կարենը ձայն էր տալիս կնոջը՝ Հայկանուշ Մելքոնյանին, որ սուրճ պատրաստի: Կինն ասում է՝ տունը լցվում էր նրա ջերմությամբ ու հումորով: Նայում է ամուսնու նկարներին, հետո հատ-հատ պատմում դրանցից ամեն մեկի մասին:

Կարենի երկու երեխաներից Լյուսյան է տանը, որ մեր ամբողջ զրույցի ընթացքում լուռ էր ու երբեմն մաքրում էր աչքերը: Հայկանուշը հուշանկյունից վերցնում է կապույտ ծաղիկներով լուսանկարների ալբոմն ու նստում սեղանի մոտ:

Կարենը երկու եղբայրներից ավագն էր: Արտակից 2 տարով էր մեծ: Եղբայրներով շատ մտերիմ են եղել: Հայկանուշի հետ Կարենը ծանոթացել էր 2004 թ., երբ երկուսով աշխատում էին խմորեղենի արտադրամասում: Մեկ տարի անց ամուսնացել էին: Երկու երեխաներից ավագը 15-ամյա Լյուսյան է, Սերգեյն էլ 10 տարեկան է:

Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ: Նրանց ուժը Կարենն էր: Արտակն ասում է՝ 10 տարի առաջ գործը սկսեցին մի կովից ու հիմա արդեն 40 կով ունեն: Դրանց մի մասը վարկերով են գնել: Արտակն ասում է, թե, ի տարբերություն իրեն, Կարենը միշտ ռիսկի էր դիմում, ասում էր՝ մի մտածեք, վարկը վերցնենք, մի լույս կվառվի, լավ կլինի: Ու այդպես էլ լինում էր:

Կարենի ծրագրերից մեկը նոր անասնագոմ կառուցելն էր: «Հիմա իր պլաններով ենք շարժվում»,- ասում է եղբայրը: Հարցնում եմ, թե արդյոք սկսելու են նոր տուն կառուցել, կաթնամթերքի արտադրություն հիմնել, ինչպես ցանկանում էր եղբայրը, Արտակըն ասում է, թե հեշտ չէ, բայց անելու են:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարենը համացանցից իմացել էր պատերազմի լուրը՝ տեղեկացնելով նաեւ կնոջը: Այդ օրը դստեր՝ Լյուսյայի ելույթն էր․ աղջիկը ժողովրդական պարի է գնում։ «Ասեցի՝ չեմ գնա համերգի, որովհետեւ քառօրյային թաքուն գնացել էր, էդ անգամ ասեցի՝ չեմ գնա, դու ուր գնաս, հետդ գալու եմ։ Ասեց՝ չէ, խոստանում եմ՝ էսօր չեմ գնա»,- կնոջը հանգստացրել էր ամուսինը։ Սակայն նույն օրը, երբ անասուններին դաշտ էր տարել, կամավորագրվել էր Դաշնակցության ջոկատում։ Այդ ամբողջ օրը զանգի էր սպասում։ Կինն ասում է՝ շատ անհանգիստ էր, անընդհատ գնում-գալիս էր, թե «չզանգեցին, սրանք լրիվ դինջ են, այ մարդ, էդ 18 տարեկանները կրակի բերանում են»։ Սեպտեմբերի 29-ին Արտաշատի զինկոմիսարիատ էր ներկայացել ընկերոջ եւ մորաքրոջ տղայի հետ։ Քանի որ ավտոբուսի մեջ մի տեղ էր մնացել, համաձայնել էին հաջորդ օրը միասին գնալ Արցախ։

Մայրն ասում է՝ այդ երեք օրերին ուսապարկը դրել էր լրագրասեղանին ու սպասման մեջ էր, տնից դուրս չէր գալիս։ Ընտանիքը նրան վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 30-ին՝ ռազմաճակատ ճանապարհելուց առաջ։ «Ասեցի՝ խնդրում եմ՝ մի գնա, տեսնենք, թե ինչ ա, դու էլ, ախպերդ էլ, հերդ էլ կգնաք: Ասեց՝ չէ, մի բառ էլ ասեք, գնում եմ»,- հիշում է տիկին Լյուսյան, հետո պատմում, որ երբ սկսել էր լացել, որդին խնդրել էր չլացել՝ ասելով, թե 4 օր հետո գալու է։

Սեպտեմբերի 30-ին Կարենենց Ճարտար են տարել, այդտեղից էլ՝ Մարտունի 2-ի դիրքեր։ Հենց այդտեղ էր Կարենն անցել ժամկետային զինծառայությունը, որից երբ վերադարձել էր, մորն ասել էր, թե պատերազմ է լինելու, բայց չգիտի՝ երբ։

Կարենը ռազմաճակատից ամեն առավոտյան ու երեկոյան զանգում էր տնեցիներին։ Ձայնը երբեք տխուր չի եղել։ Այդտեղից էլ եղբոր հետ քննարկում էր անասնապահության հարցերը, հետաքրքրվում՝ մորթի անասուն ունե՞ն, թե՞ արդեն մորթել են։

Վերջին անգամ հոկտեմբերի 22-ին է զանգել։ Այդ օրը բոլորի հետ է ցանկացել խոսել։ «Տղաս չուտող է, երբ զանգել էր, ասեցի՝ Սերգեյի համար սպիտակ ճաշ եմ պատրաստում, ասեցի՝ Կարեն, Սերգեյը մեկ ամպում ա, մեկ դատարկվում ա, էնպես կխոսես, որ չլացի։ Սերգեյը հեռախոսը վերցրեց, ասեց՝ տղես, պապան գալու ա, պապան գալու ա։ Ասեց ու անջատեց։ Սիրտս էնպես տրորվեց էդ պահին, բայց ինձ զսպեցի, որովհետեւ իրեն խոստացել էի չլացել մինչեւ իր գալը»,- ասում է Հայկանուշը։

Հոկտեմբերի 23-ին Կարենն այլեւս չզանգեց տուն։ Մայրն ասում է՝ այդ օրը սիրտը վատ բան էր նախազգում։ Երբ անասնագոմ էր մտել՝ անասուններին կեր տալու, 10-ամյա Սերգեյը կանչել էր, թե «տատի, շուտ արի, պապաս վիրավոր ա»։ Այդ օրը Ֆիզուլի պիտի տեղափոխեին Կարենենց։ Արտակն ասում է, որ տարբեր վարկածներ են լսել. մեկ ասում են, թե ավտոբուսը ռմբակոծվել է, մեկ՝ հրետակոծվել է։ Սկզբից իրենց ասել են, թե եղբայրը վառվել է։ Նույն օրը Կարենին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց՝ գանգուղեղի վիրավորում էր, ոտքերից մեկը կոտրված էր, մյուս ոտքն էլ՝ բեկորային վիրավորմամբ։

Հայկանուշը ցույց է տալիս ամուսնու խաչը, որ հիմա կրում է։ Հիվանդանոցում բուժքույրն էր տվել՝ արյունոտ վիճակում։ Բժիշկներն ասել էին՝ հրաշք պիտի լինի, որ Կարենը փրկվի։ Արտակն ասում է, թե իրենց համար արդեն հրաշք էր, որ եղբորը գտել էին, սակայն չէին ուզում հանձնվել։

Հրաշք, ցավոք, չի կատարվել։ Հոկտեմբերի 25-ին Կարենը մահացել է։

Արտակն ասում է՝ այդ օրը կենդանիները, կարծես, զգում էին կատարվածը։ Սկզբից թութակներն էին անհանգիստ, հետո՝ Սեւուկը, ապա՝ երեք շներից Արջուկը։

Մեր զրույցի ընթացքում դուռը բացում է Սերգեյը, սակայն ներս չի գալիս։ Ընկերոջ հետ ձկնորսության գնալու թույլտվություն է խնդրում մորից։ Հայկանուշն ասում է, որ տղան չի խոսում հոր մասին, ամեն ինչ փակ է տանում։ Տիկին Լյուսյան էլ հիշում է, որ երբ Կարենի մարմինը տուն էին բերել, Սերգեյը ժողովրդին հրելով մոտեցել էր հորը, համբուրել ու դուրս եկել։ Մեկ էլ թաղման օրն էր մոտեցել։

«4 օր առաջ ասել էր՝ ես ուզում եմ պապայի մոտ մենակ գնամ, ասեցի՝ միասին կգնանք: Որ չթողեցի մենակ գնա, սկսեց լացել, ասեց՝ մամ, դու չես հասկանում, ես ուզում եմ մենակ գնամ պապայի մոտ, որ լացեմ, հանգստանամ»,- պատմում է Հայկանուշը։

15-ամյա Լյուսյան որոշել է դիպուկահար դառնալ, բայց տնեցիները դեմ են։ Նրանք ցանկանում են, որ աղջիկը պարարվեստով զբաղվի։

Մենք թերթում ենք Կարենի ալբոմը, Հայկանուշը նաեւ առանձին նկարների կապոց է դրել սեղանին։ Վերջին լուսանկարում Կարենը, կարծես, տխուր է։ Կինն ասում է, թե այդ նկարին նայելուց չի ճանաչում ամուսնուն. մի տեսակ խեղճացած ու լուռ է։ Մինչդեռ ամուսինն այնքան աշխույժ, ուրախ ու հումորով էր։ Տնեցիներն ասում են, որ եթե հիմա Կարենը ներկա լիներ, կատակներ կաներ։

Տիկին Լյուսյան նկատում է, որ որդին երբեք ցույց չի տվել իր հայրենասիրությունը: Բարձրաշենում բոլորին օգնության էր հասնում։ Նույնիսկ իր գործը կարող էր կիսատ թողնել, գնար օգներ, գար։

«Մեր հայ ժողովրդի վրա ողբ է թափված, որ ինքը միշտ պետք է տանջվի, լացի։ Անեծք է դա»,- նշում է տիկին Լյուսյան։ Նա չի հաշտվում որդու կորստի հետ։ Ասում է՝ մարդ ամեն կորստի հետ կհաշտվի՝ բացի որդու կորստից։

«Ամեն կորուստ իր տեղն ունի, սիրած տղամարդն իր տեղն ունի…. Ես իմ ծնողներին կորցրել եմ, միշտ ասում էի՝ Աստված ջան, թող իմ էրեխեքը չտեսնեն, մենք ծերանանք, թող ասեն՝ մեծ հասակում են գնացել իմ ծնողները, էդ դառնությունը չտեսնեն»,- ավելացնում է Հայկանուշը։

Տան հետնաբակում Կարենի աղավնիներն են։ Դրանք մեծամասամբ սպիտակ են։ Արտակը մի բուռ կեր է շաղ տալիս գետնին, թռչուններն արագ հավաքվում են։ Ասում է՝ ամեն ինչ պետք է անեն՝ եղբոր անկատար ծրագրերն իրագործելու համար։

Հետո մոտենում ենք տան դարպասին։ Տիկին Լյուսյան ասում է, որ ամեն անգամ, երբ մոտենում է դարպասին, թվում է, թե որդին ներս է մտնելու։ Նա դեռ սպասում է Կարենին։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Երեմյանների ընտանեկան արխիվից

Մեկնաբանություններ (1)

Արմինե
Հերոսը կա,իմ պատրաստած Արարատի մարզի,հոլովակում,Բարձրաշեն համայնքից է։Անունը չեմ գրել,քանի որ չգիտեի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter