HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ակնհայտ ապօրինի որոշում է»․ պաշտպանը կբողոքարկի Տիգրան Չոբանյանի խափանման միջոցի հարցով Արմեն Դանիելյանի դատական ակտը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր մասնակի բավարարել է Հայ Ազգային գվարդիայի նախագահ Տիգրան Չոբանյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ Տիգրան Չոբանյանը մեղադրվում է հունվարի 28-ին Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, հունվարի 30-ին քննել և հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժել է Չոբանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու Չոբանյանին կալանավորել։ Վերաքննիչ դատարանը, փաստորեն բեկանել է որոշումը, սակայն ոչ թե Չոբանյանին կալանավորելու, այլ նրա կալանավորման միջնորդությունը նորից առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին որոշում է կայացրել։ Չոբանյանի պաշտպան Միքայել Շխիմյանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել Դանիելյանի որոշման դեմ։

Նշենք, որ Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ մեղադրվող մեկ այլ անձի՝ Վահագն Չախալյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը ևս մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, և վերջինս այս գործով ևս նույն որոշումն է կայացրել՝ բեկանել է  առաջին ատյանի դատարանի դատական ակտը։

 Չախալյանի պաշտպանը ևս Միքայել Շխիմյանն է։ «Հետք»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ Չոբանյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին՝ այն հիմնավորմամբ, որ վերջինս, փաստորեն, նույն գործով տառացի նույն մեղադրանքի և ապացուցողական նույն զանգվածի առկայության պայմաններում արդեն Չախալյանի գործով որոշում է կայացրել, հետևաբար կանխակալ է Չոբանյանի գործով։ Ըստ պաշտպանի՝ և՛ Չախալյանին, և՛ Չոբանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում նույն տեսանյութն է, նույն ցուցմունքը։ Դանիելյանը, սակայն, այս պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, ինչպես ենթադրվում էր, Չախալյանին չկալանավորելու որոշումը ևս բեկանել է։

«Ակնհայտ ապօրինի որոշում է, դատավորը կանխակալ մոտեցում է ցուցաբերել, անգամ որևէ ճշտող հարց չի տվել, իրեն ներկայացված բացարկը մերժելու մասին որոշումը չի տրամադրել»,- ասաց Միքայել Շխիմյանը՝ նշելով, որ գուցե դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո պարզվեր, որ առկա է ինքնաբացարկի նոր հիմք։

Պաշտպանն ընդգծեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի երեք այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը, Լուսինե Աբգարյանն ու Նարինե Հովակիմյանը քննել ու նույն փաստական հանգամանքների պայմաններում մերժել են Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ մեղադրվող մյուս երեք մեղադրյալներին՝ Իսրայել Հակոբկոխյանին, Արշակ Զաքարյանին և Արագած Ախոյանին չկալանավորելու դեմ Դատախազության բողոքները, և, փաստորեն, Արմեն Դանիելյանը միակ դատավորն է, որ առաջին ատյանի դատարանի որոշումները բեկանելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։

Լուսանկարում՝ փաստաբան Միքայել Շխիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter