HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է արգելել տոտալիզատորների գովազդը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնց համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների (բուքմեյքերական ընկերություններ, խմբ․) գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Համապատասխան փոփոխությունների առաջարկը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ֆիննախն առաջարկում է «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում։

Այս փոփոխությունների անհրաժեշտությունը ֆինանսների նախարարությունը պայմանավորել է ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությամբ և հանրային վնասի առկայությամբ, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ։

Նախագծի ընդունման արդյունքում ֆիննախն ակնկալում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների և պահանջների սահմանում։

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter