Դատարանն առանց քննության թողեց Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդության քննությունը։ Հիշեցնենք, որ նախորդ՝ փետրվարի 8-ի դատական նիստին պաշտպանները Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացրել՝ նշելով, որ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելությունը հաղթհարված չի եղել։ Դատախազությունն առարկել էր միջնորդության դեմ և դիրքորոշում հայտնել, որ այն պետք է մերժվի։ Թովմասյանն ու վերջինիս պաշտպանները դիտարկել էին, որ դատախազները իրենց կողմից ներկայացված միջնորդության հիմնավորումներին չեն պատասխանել, այլ ընթերցել են նախապես պատրաստված տեքստ։
Նշենք որ Դատախազները առարկությունները ներկայացնելիս ՄԻԵԴ նախադեպային որոշումների էին հղում կատարել։ Այսօրվա դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանը դիրքորոշում հայտնեց, որ դատախազները կա՛մ ՄԻԵԴ որոշումների էությունը չեն ընկալել, կա՛մ, ընկալել, բայց փորձում են մանիպուլյացիայի դիմել։
«Միգուցե փաստաբանների համար դա ընդունելի աշխատաոճ է, կարելի է այդպիսի բան անել, քաղաքական գործիչների դեպքում էլ, միգուցե ընդունելի է․ դու կարող ես նման մանիպուլյացիա անել, բայց անթույլատրելի է, չասեմ՝ հանցագործություն է, երբ դա անում է Դատախազությունը»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Վերջինս նշեց, որ դատավորի անձեռմխելիությունը ոչ թե նրա համար է, որ նա հանցագործություն կատարի և դրանից պաշտպանվի, այլ այս ինստիտուտի բուն էությունը դատարանում ինչ-որ կարգավիճակով գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունն է՝ այն բոլոր անձանց, որոնք ունեն արդար դատաքննության իրավունք։
«Անձեռնմխելիությունը նրա համար է, որ երբևիցե որևէ դատավորի, օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունը չգա և ասի՝ գիտեք ինչ, այս գործը մի՛ ընդունեք վարույթ, որովհետև վատ կլինի, Դուք դիմում գրեք, թե չէ քրեական հետապնդում կհարուցենք, եկեք Ձեզ Անգլիայում դեսպան նշանակենք, դիմում գրեք, դուրս եկեք Ձեր պաշտոնից, թե չէ Ձեր հարազատների, բարեկամների նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս նորմի նպատակն այն է, որ երբևէ մեր երկրում նման բան չլինի»,- ասաց Հրայր Թովմասյանն ու նշեց, որ նույն նպատակն ունի նաև Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը, որովհետև եթե դա չլինի, ապա պատգամավորները մի օր կարող են Ազգային անվտանգության ծառայության հրահանգով քվեարկել։
Հետո Թովմասյանը շարունակեց ներկայացնել օրինակներ, թե ինչ կարող է լինել, եթե դատավորը չունենա անձեռնմխելիություն։ Օրինակներից կարելի էր ենթադրել որ նա խոսում է սեփական փորձի մասին։
«Ընթացակարգային անձեռնմխելիությունը դատավորի համար շատ կարևոր է, որպեսզի, եթե իր մոտ կգա ԱԱԾ տնօրենն ու կասի, գիտե՞ս՝ ինչ՝ վարչապետն ասում ա՝ դիմում գրի, հել, գա, ասի՝ գիտե՞ս ինչ՝ այս գործով վարույթ մի՛ ընդունեք, այս գործով Եվրոպական դատարան ու Վենետիկի հանձնաժողով կարծիքի մի՛ ուղարկեք, էս գործով այսպիսի որոշում մի՛ կայացրեք, և երբ դատավորը շատ հեռու է ուղարկում իրեն ուղարկողին էլ, իրեն էլ, ինքն իմանա, որ դրանից հետո իր սանիկների, իր ընկերների, բարեկամների, իր հայրիկի տունը չեն ստուգելու կամ եթե ստուգելու են, ապա ունենա երաշխիք, որ դա հասնելու է դատարանում, ու դատարանն է որոշելու՝ էս մարդն ինչ-ոչ բան արել է, թե՞ ոչ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դատավորի նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է արդարադատության նկատմամբ, ինչը հանցագործություն է։
Տևական ժամանակ հարցի քննարկումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց առանց քննության թողնել միջնորդությունը։
Դատավորը նշեց, որ առանց դատաքննություն կատարելու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարցնելու որոշման կայացման հնարավորություն նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով, որը վերաբերում է քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Այսինքն՝ վերը նշված որոշումը դատարանը կարող է կայացնել քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս, մինչևդեռ այդ փուլում դատարանն այլ որոշում է կայացրել՝ գործը նշանակվել է դատաքննության։ Դատարանը գտնում է, որ այս դեպքում, երբ արդեն իսկ գործը նշանակվել է դատաքննության, Թովմասյանի նկատմամբ թե՛ հանցակազմի բացակայության, թե՛ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը դատարանը պետք է լուծի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշմամբ, այլ դատական քննություն կատարելու միջոցով՝ մեղադրանքի օրինականության ստուգմամբ, իսկ մեղադրանքի օրինականությունը ստուգել դատարանը կարող է դատական քննության միջոցով՝ համապատասխան փուլերը սպառելուց հետո՝ դատավճռի կայացմամբ։ Դատարանը միաժամանակ երաշխավորեց, որ միջնորդության մեջ նշված հանգամանքներին կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս։
Մեկնաբանել