HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճը «չափերն անցնում է». լուրջ ազդակ ԿԲ-ի ու Կառավարության համար

Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են 5.3%-ով (12-ամսյա գնաճ)։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակումից։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փետրվարի այս գնաճը ռեկորդային է վերջին մոտ 6 տարիների կտրվածքով։ 12-ամսյա գնաճի առավել բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2015 թվականի հունիսին՝ 5.5%:

2021 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, գնաճը կազմել է 0.6%: Սակայն, իրական պատկերը հասկանալու համար հիմք ենք ընդունում այս տարվա փետրվարի համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա հետ, այսինքն՝ 12-ամսյա գնաճը։ Դա թույլ է տալիս բացառել ապրանքների գների վրա սեզոնայնության գործոնը։

Առանց գնաճի թվերին ծանոթանալու էլ քաղաքացիներն իրենց կենցաղում զգում են թանկացումների ալիքը։ Հատկապես սննդամթերքի թանկացումը, որն ի դեպ ավելի մեծ է, քան ընդհանուր գնաճը, ուղիղ հարվածում է քաղաքացիների գրպանին, քանի որ սպառողական զամբյուղում սնունդը մեծ կշիռ ունի։

Վիճկոմիտեն հաշվարկել է, որ տնային տնտեսությունների սպառողական ծախսերում սննդի կշիռը միջինում 40.6% է։ Այսինքն՝ ամսական ծախսերի այդ մասը հատկացվում է սնունդ գնելուն։ Իհարկե, սա ընդամենը միջին թիվ է, քանի որ ավելի քիչ եկամուտ ունեցող մարդկանց ծախսերում, վստահաբար, սնունդն ավելի մեծ տեղ ունի։ Եվ, ասենք, տարատեսակ ծառայություններից օգտվելու համար կա ՛մ գումարը չի բավականացնում, կա ՛մ այն ծախսերի փոքր մասն է կազմում։

Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը փետրվարին թանկացել են 7.8%-ով

2021թ. փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8% գնաճ։

Գնաճի «առաջատարներն են» շաքարավազը, յուղերը և ճարպերը, այդ թվում՝ ձեթը, բանջարեղենը, կանթամթերքն ու ձուն։

Ինֆոգրաֆիկայում առավել մանրամասն կարող եք տեսնել փետրվարի գնաճի պատկերը։

2021թ. փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.7% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 1%։

Իսկ մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է սակագների 1.6%, 2021թ. հունվարի համեմատ՝ 1% հավելաճ:

Այս տարվա փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 523.5 դրամ։ Դա 9.4%-ով բարձր է 2020թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (478.7 դրամ):

Գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նախանշած թիրախի վերին շեմին

12-ամյս գնաճի վերլուծությունների վրա է հիմնվում նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունը։ Սահմանված են շեմեր, որոնք «խախտելու» դեպքում գնաճը պետք է անհանգստացնի ինչպես ԿԲ-ին, որի հիմնական նպատակը գների կայունության ապահովումն է, այնպես էլ Կառավարությանը։

Ինչպես նշված է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, 2007 թվականից սկսած՝ Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: Այսինքն՝ եթե գնաճը 2.5-5.5%-ի սահմաններից դուրս է, արդեն իսկ նշանակում է, որ տնտեսությունը մտահոգիչ հունով է գնում։ Անհանգստացնող է ոչ միայն բարձր գնաճը, այլև գնանկումը կամ ցածր գնաճը։

Փետրվարին գրանցված գնաճը` 5.3%-ը, բավականին մոտ է ԿԲ-ի նախանշած թիրախի վերին շեմին։

Գների կայունությունը տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է: Երբ ԿԲ-ի վերլուծաբանները գալիս են այն եզրակացության, որ գնաճը հասնում է մի մակարդակի, որ խոչընդոտում է տնտեսության զարգացումը, գործի է դրվում գլխավոր դրամատան հիմնական գործիքներից մեկը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս բանկերին, բանկերն էլ իրենց հերթին այդ գումարներով վարկավորում են բնակչությանը։ Միշտ չէ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունները արագ կամ զգալի արդյունք են տալիս, սակայն որոշակի ազդեցություն ունենում են։

ԿԲ խորհուրդը տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկում է տոկոսադրույքի հարցը։ Վերջին անգամ այն փոփոխվել է այս տարվա փետրվարի 2-ին՝ ԿԲ խորհուրդը որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%:

ԿԲ-ն նման քայլի է գնացել՝ հաշվի առնելով արագացող գնաճի միտումները։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։

Թե ինչ կորոշվի տոկոսադրույքի վերաբերյալ առաջիկայում, դեռ հայտնի չէ։ Սակայն, փետրվարին գրանցված բարձր գնաճը պետք է որ լուրջ ազդակ լինի ԿԲ-ի համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter