
Կապիտալ ծախսերի թերակատարումը չափազանց մտահոգում է ԿԲ նախագահին
«Եթե մեր տնտեսության մեջ կա ինչ-որ բան, որ ինձ մտահոգում է չափազանց, կապիտալ ծախսերի թերակատարումն է»,- այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը:
Ամենակարևոր գործողությունը, որը պետք է Կառավարությունն անի այս տարի, ըստ ԿԲ նախագահի, կապիտալ ծախսերը ժամանակին ու որակյալ կատարելն է: Դա թույլ կտա վերականգնել տնտեսության ներուժը, կնպաստի հասնել այն մակարդակին, որը մենք ունեինք մինչև պատերազմն ու քովիդը: Իսկ դրա համար պետությունը պետք է ունակ լինի իրականացնել ծրագրված ծախսերը, որոնք վերջին տարիներին էապես թերակատարվում են:
«Մենք՝ որպես պետություն, պետք է ունակ լինենք իրականացնել որակյալ կապիտալ ներդրումներ, որը հնարավորություն կտա ոչ միայն պոտենցիալը բերել այն մակարդակին, որը մենք ունեինք, այլև՝ կազդի մասնավոր հատվածի շահութաբերության վրա: Պատկերացրեք՝ կա մի տնտեսություն, որը գտնվում է մի հատվածում, որտեղ ճանապարհ չկա: Պետությունը, այդտեղ ճանապարհ ու ջրագիծ անցկացնելով, հնարավորություն է ստեղծում զբաղվել խաղողագործությամբ, գինեգործությամբ, տուրիզմով և այլն»,- նշեց Մարտին Գալստյանը:
ՔՈՎԻԴ-19-ը, պատերազմը, արտաքին աշխարհից եկող բացասական ազդակները 2020 թվականին շոկի ենթարկեցին Հայաստանի տնտեսությունը: Տարեկան ամփոփված տվյալներով, ԿԲ-ի կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսական անկումը 2020 թվականին կկազմի 7.8% (Վիճակագրական ծառայությունը դեռևս չի հրապարակել 2020-ի տնտեսական անկման ցուցանիշը):
Տնտեսության անկումը շղթայական գործընթաց է, որը Հայաստանի տնտեսության մեջ արտահայտվում է նաև վարկավորման ծավալների նվազմամբ, ավանդների կրճատմամբ, դրամի արժեզրկմամբ, գնաճով և այլն:
- Ավանդների «փախուստը». բանկերում պահվող փողերը երեք ամսում 147 մլրդ դրամով կրճատվել են
- Դրամը համառորեն արժեզրկվում է, բայց ԿԲ֊ն դա բնական է համարում և առայժմ չի միջամտում
- ԿԲ-ն որոշեց միջամտել դոլարի վերելքին
Հաշվի առնելով այդ իրավիճակն ու արտաքին աշխարհից ստացվող գնաճի ազդակները ԿԲ-ն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.25 տոկոսային կետով՝ դառնալով 5.5%
2020 թվականի դեկտեմբերին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 3.7%, իսկ 2020 թվականի նոյեմբերի համեմատ՝ 3.4%: Ինչպես ավելի վաղ գրել ենք, սա տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր գնաճն է: Կենտրոնական բանկը մեկնաբանում է, որ դա հիմնականում պայմանավորված է ներմուծված պարենային ապրանքների գնաճով:
Բացի այդ, ԿԲ-ն գնահատում է, որ արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն:
Հայաստանում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում, արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն:
Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը:
Հաշվի առնելով այս զարգացումները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ դարձնելով 5.5%:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանում է` գլխավորապես հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն և գնաճի մակարդակը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։ Այս անգամ բարձր գնաճն ու սպասվող գնաճային միտումները ԿԲ-ին ստիպել են բարձրացնել տոկոսադրույքը:
Ընդ որում՝ Մարտին Գալստյանն այսօր շեշտեց, որ մինչև տարեվերջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է փոխվել: Եթե գնաճն ավելի արգանա, այն կարող է կրկին բարձրացվել:
ԿԲ-ն գնաճի միտումներ էր կանխատեսում դեռևս նախորդ տարեվերջից, երբ կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ միանգամից 1 տոկոսային կետով և սահմանելով 5.25%:
Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական զարգացումներին, ապա ըստ ԿԲ նախագահի, արագ վերականգնում չի կանխատեսվում, վարկավորման տեմպերը ցածր կլինեն հատկապես այն ոլորտների համար, որոնք ամենաշատն են տուժել 2020 թվականին: Գլխավոր դրամատունն այս տարվա համար 2% տնտեսական աճ է կանխատեսում:
Մեկնաբանել