HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս բավականին կոշտ միջամտությունը պայմանավորված է գնաճի կանխատեսումներով. ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկայում գնաճի տեմպն արագանալու է, և այս կերպ փորձում է զսպել այն։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տոկոսադրույքի իջեցումը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում փողի ու սպառման աճին։ Պահանջարկի մեծացումն էլ հանգեցնում է գնաճի։

Սակայն, երբ ԿԲ-ն բարձր գնաճի ռիսկեր է տեսնում, հակառակ կերպ է վարվում՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փորձելով զսպել սպասվող գնաճը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։

ԿԲ-ն այս տարվա ընթացքում չորս անգամ՝ աստիճանաբար իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, 5.25%-ից դարձնելով 4.25%։ Սակայն, այսօրվա նիստում որոշել է կտրուկ քայլի գնալ՝ միանգամից 1 տոկոսային կետով այն բարձրացնելով։

Այս տարվա նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նույն ամսվա նկատմամբ) կազմել է 1.6%: Սակայն, առաջիկա ամիսներին, ըստ ԿԲ-ի գնաճը կարող է հասնել 4%-ի, որը թեև նպատակային մակարդակում է, սակայն հակազդելու անհրաժեշտություն կա։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը թիրախավորում է 12-ամսյա գնաճի՝ 4%+- 1.5% գնաճի միջակայքը։ Այսինքն, ըստ Կենտրոնական բանկի՝  գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5%-ն է, որի պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ։

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն: Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ դրամի արժեզրկումը ներկայում պայմանավորված է բնակչության սպասումներով ու դրանից բխող վարքագծով։ Իսկ տնտեսության իրական հատվածում հոսքերի տեսանկյունից այս պահի դրությամբ խնդիրներ չի տեսնում։ Այսինքն՝ դրամի տատանումները տնտեսական գործընթացների հետևանք չեն. «Որևէ արտառոց բան չի նկատվել արտաքին առևտրի, տրանսֆերտների ու այլ ուղղություններով։ Հետևաբար՝ դրամի արժեզրկման վրա ազդում են բնակչության սպասումները»։

Ըստ ԿԲ-ի՝ դրամի միջին փոխարեժքը ԱՄՆ դոլարի նկատմամբ այսօր՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ, կազմել է 525.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.63 դրամով։ Ինչպես և նախկինում, ԿԲ-ն այս աճը համարում է բնականոն և տնտեսության վրա բացասական ադեցություն չունեցող։

Այդուհանդերձ, ԿԲ նախագահը նշեց, որ նոյեմբերի 24-ին, երբ հայտարարվեց, որ ԿԲ-ն պատրաստվում է արտարժութային շուկայում գործառնություններ իրականացնել, 60 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացվել։ Այլ խոսքով՝ դոլարի վերելքը կանխելու համար այդքան արտարժույթ է «սրսկվել» տնտեսություն։ Ինչպես ցույց է տալիս դրամի փոխարժեքի դինամիկան, ԿԲ-ի այս քայլը միայն մի քանի օր ազդեցություն ունեցավ։ 

Հատկանշական է, որ այսօր ևս ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ՝ չմանրամասնելով, թե ինչ գործառնությունների մասին է խոսքը։ 

Դրամի թանկացումն, ըստ Մարտին Գալստյանի, բացասաբար է գործարար հատվածի ու քաղաքացիների ֆինանսական վարքագծի վրա։ «Ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում` հօգուտ արտարժույթի։ Արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ արտարժույթի գինը տարել է վերև»,-նշեց ԿԲ նախագահը։

Ըստ նրա՝  հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ  սկսում են բալանասավորումներ իրականացնել, խզել իրենց դրամային ավանդները և այլն, տնային տնտեսություններն ու բիզնեսը 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով։ 

ԿԲ նախագահն ափսոսանք հայտնեց, որ տնտեսական ճգնաժամեր տեսած քաղաքացիները նույն իրավիճակում շարունակում են  դրսևորել իրենց վնասող նույն վարքագիծը։

«Այս իրավիճակում պետք է Կենտրոնական բանկին վստահել, հավատալ, որ հենց մենք ենք իրենց շահերի պաշտպանը` ֆինանսական որոշումների հարցում»,– նշեց Մարտին Գալստյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter