
Նոյեմբերին գները 1.6%-ով բարձրացել են
Այս տարվա նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նույն ամսվա նկատմամբ) կազմել է 1.6%:
Հոկտեմբերի համեմատ, ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալներից, գնաճը կազմել է 1.3%:
Այս տարվա ընթացքում ամենաբարձր գնաճը գրանցվել է օգոստոս ամսին, որից հետո տեմպը նվազել է, սակայն նոյեմբերին կրկին գնաճի տեմպն ավելացել է: Այս տարվա 11 ամիսների հաշվարկներով՝ հունվար-նոյեմբերին 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, գնաճը Հայաստանի սպառողական շուկայում կազմել է 1%:
Թեև գնաճն, ընդհանուր առմամբ, ցածր մակարդակում է, սակայն կան որոշ ապրանքախմբեր, որոնք տեսանելիորեն թանկացել են, ինչպես ծխախոտը, ալկոհոլային խմիչքը, սննդամթերքի որոշ խմբեր և այլն:
Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ գնաճով բացարձակ «առաջատարը» ալկոհոլային խմիչքն ու ծխախոտն են, որոնք միջինում թանկացել են 10.2%-ով:
Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1%-ով, իսկ ծառայությունները՝ 1.5%-ով:
Սննդամթերքի գներ
Սննդամթերքի որոշ խմբեր այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, էական թանկացել են, որոշ խմբեր էլ՝ էժանացել: Էժանացել են բանջարեղենը, ձուկը, ծովամթերքը և այլն: Փոխարենը զգալի թանկացել են ձեթը, շաքարավազը և այլն: Հիշեցնենք՝ քանի որ սպառողական ապրանքների գներն ունեն սեզոնայնություն, հետևաբար առավել նպատակահարմար է նշված ամսվա գները համեմատել ոչ թե նախորդ ամսվա, այլ՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ:
Միրգը թանկացել է 9.7%-ով,
յուղերը և ճարպերը՝ 7%-ով, մասնավորապես ձեթը՝ 20.9%-ով,
կաթնամթերքը, պանիրն և ձուն՝ 2.6%-ով,
շաքարն ու շաքարավազը՝ 26.6%-ով,
միևնույն ժամանակ, բանջարեղենի գները նվազել են 9.2%-ով,
ձկան և ծովամթերքի գները՝ 2.8%-ով:
Մսամթերքի, հացամթերքի և մի շարք այլ ապրանքների գնային տատանումները ՎԿ-ն դեռևս չի առանձնացրել. դրանք կներկայացվեն ավելի ուշ: Սակայն, նկատելի է, որ, օրինակ՝ հավի մսի, կարագի վաճառքի գները ևս բարձրացել են:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հնաձնաժողովը պնդում է, որ շաքարավազի, ձեթի, կարագի իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:
- Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ
- Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ․ ՏՄՊՊՀ
Ոչ պարենային ապրանքների գներ
Ինչպես նշվեց, ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1% գնաճ:
Բենզինի գները նվազել են 13.9%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 23.8%-ով:
Ծառայությունների սակագներ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է սակագների 1.5% գնաճ:
Արտարժույթի շուկա
Նոյեմբերին դրամի նկատմամբ դոլարը զգալի թանկացել է: Այլ խոսքով՝ հայկական դրամն արժեզրկվել է: Ըստ Վիճկոմիտեի հաշվարկների՝ ամսվա ընթացքում դրամն արժեզրկվել է 1.6%-ով:
2020թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 499.6 դրամ, ինչը 4.7 %-ով բարձր է 2019թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (477.1 դրամ):
- Դրամը համառորեն արժեզրկվում է, բայց ԿԲ-ն դա բնական է համարում և առայժմ չի միջամտում
- ԿԲ-ն որոշեց միջամտել դոլարի վերելքին
- Կտրուկ բարձրացումից հետո դոլարը փոքր-ինչ էժանացել է
Մեկնաբանել