HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կտրուկ բարձրացումից հետո դոլարը փոքր-ինչ էժանացել է

Կտրուկ արժեզրկումից հետո հայկական դրամը վերջին երեք օրերին դանդաղ արժևորման միտումներ է ցույց տալիս:  Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալներով՝  1 ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27֊ին,  կազմել  է 508.21  դրամ, որը նախորդ օրվա համեմատ 0.09 դրամով բարձրացել է:

Սեպտեմբերի 29-ից՝ արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց, հայկական դրամը սկսեց աստիճանաբար արժեզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ: Արժեզրկման միտումներ գրանցվեցին նաև եվրոյի ու ռուսական ռուբլու նկատմամբ:

Շուրջ երկու ամսվա ընթացքում դոլարը 485 դրամի մակարդակից բարձրացավ մինչև 512 դրամի: Սա` ըստ ԿԲ-ի ներկայացրած միջին փոխարժեքների: Ինչ վերաբերում  է բանկերի ու փոխանակման կետերի առաջարկած առքի ու վաճառքի փոխարժեքներին, ապա այս ընթացքում՝ նոյմբերի 20-ից հետո, դոլարի վաճառքը հատեց 520 դրամի սահմանը, իսկ առքը՝ 510 դրամի:

Դոլարի կտրուկ վերելք նկատվեց նոյեմբերի 24-ի առավոտյան, որին հաջորդեց Կենտրոնական բանկի հայտարարությունն այն մասին, որ գլխավոր դրամատունը պատրաստվում է միջամտել  արտարժույթի շուկային՝ գործառնություններ իրականացնելով: Թե ինչ գործառնություններ են իրականացվել կամ իրականացվելու, առայժմ հայտնի չէ: Միայն չի բացառվում, որ ԿԲ-ն ինտերվենցիա է իրականացրել, այսինքն՝ դոլար է «ներարկել»  արտարժույթի շուկա:  

Իսկ մինչ այդ ԿԲ-ից «Հետք»-ին հայտնել էին, որ առայժմ չեն պատրաստվում միջամտել:

ԿԲ-ի հայտարարությունից արդեն մի քանի ժամ հետո դոլարը որոշակիորեն էժանացավ: Եթե նոյեմբերի 24-ին միջին փոխարժեքը կազմել է 512.31 դրամ, ապա հաջորդ օրը՝ 511.69 դրամ:

Փորձագետները դոլարի թանկացումը պայմանավորում են բնակչության շրջանում պատերազմի հետևանքով առաջացած անորոշություններով և սպասումներով: Մարդիկ շտապել են դոլար ձեռք բերել, որի հետևանքով դոլարի պահանջարկն ու գինը բարձրացել են:  Չի բացառվում նաև, որ այս ընթացքում սպեկուլյատիվ երևույթներ են ի հայտ եկել:

Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում փոխարժեքի վրա ազդում են տնտեսական մի քանի գործոններ: Օրինակ՝ ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, ՌԴ–ից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ, որոնք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը ևս չի վատթարացել: «Այստեղ միակ խնդիրը հասարակության տրամադրություններն են: Անորոշությունը նաև սեփական արժույթի նկատմամբ անվստահություն է ծնում»,- ասել է  պատգամավորը:

Վերջին անգամ դրամ-դոլար փոխարժեքի տեսանելի տատանում է գրանցվել  այս տարվա մարտի կեսերից մինչև ապրիլի կես՝ հասնելով 505 դրամի շեմին:  Դրամի արժեզրկման պատճառն այդ փուլում կորոնավիրուսի հետևանքով առաջացած սպասումներին էին, ինչպես նաև սպեկուլյատիվ  երևույթները. փոխարժեքի առուվաճառքով զբաղվող անձինք, ըստ որոշ մեկնաբանությունների, նման իրավիճակներում սկսում են լուրեր տարածել, որ առաջիկայում փոխարժեքն էլ ավելի է բարձրանում, որն էլ դրդում է մարդկանց գնալ ու դոլար գնել: Այսպիսով, դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրանում է, դրան զուգահեռ բարձրանում է նաև գինը:

Թե ինչ վարքագիծ կդրսևորի դրամն այս անգամ, հայտնի չէ: Միայն կարելի է նկատել, որ արժևորման որոշակի միտումներ կան: 

Ինչ վերաբերում է ռուբլուն և եվրոյին, ապա այսօրվա միջին փոխարժեքով, ըստ ԿԲ-ի, 1 ռուսաստանյան ռուբլին արժե 6.70 դրամ, իսկ եվրոն՝ 605.94 դրամ: Ռուբլին ու եվրոն ևս վերջին երկու ամսում թանկացել են դրամի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter