HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն

44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում գտնվող 38 անձ ազատ է արձակվել։ Պետական գերատեսչությունները, սակայն, չգիտեն, թե արդյո՞ք այդ մարդիկ մասնակցել են ռազմական գործողություններին և որտեղ են գտնվում հիմա։ 

Փոխվել է 12 կալանավորի խափանման միջոցը, իսկ 26 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Ազատազրկվածներին ռազմաճակատ ուղարկելու գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել, քանի որ պետական մարմինները պատշաճ վիճակագրություն չեն վարել: Բացակայում են նաև վերահսկողության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային բացառել ռիսկերը:

ՀՀ արդարադատության նախարարության հայտնած տեղեկատվության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱՆ քրեակատարողական հիմնարկներ ներկայացվել է ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ 1038 անձի դիմում։ Դիմողներից 491-ը կալանավորված անձինք են, 547-ը՝ դատապարտյալներ։ 

Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ նույն ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներից դատարանի որոշմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է ընդհանուր առմամբ 26 դատապարտյալ։ Իսկ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած 12 կալանավորի խափանման միջոց փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: 

«Հետք»-ն ուսումնասիրել է, թե որքանով են նշված միջնորդությունների քննարկման արդյունքներով կայացված որոշումներն իրավաչափ: Պարզվեց՝ այս թեմայով ուսումնասիրությունն այնքան էլ դյուրին չէր, քանի որ իրավասու մարմինները մեկը մյուսի հետևից պատասխանում էին, թե «վիճակագրություն չեն վարում»:

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ընդունած համապատասխան իրավական ակտերով: Ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։

Չկա, չգիտենք

Արդարադատության նախարարությունը վիճակագրություն չի վարել պատերազմին մասնակցելու հիմքով պատժից վաղաժամկետ ազատվածների կամ կալանքի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխարինվածների տարիքի, կրթության, առողջական վիճակի, ինքնասպանության փորձ կատարելու կամ ինքնավնասման, փախուստի դիմելու կամ փախուստի փորձ կատարելու մասին: Վիճակագրություն չի վարել նաև պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի, պատժի ընդհանուր չափի, նախկինում դատապարտված լինելու, բանակում ծառայած լինելու, վերջին մեկ տարվա ընթացքում ստացած տույժերի, խրախուսանքների մասին և այլն:

«Հայտնում եմ, որ գրությամբ պահանջվող բավարար տեղեկատվություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առկա չէ»,-նույն հարցին այսպիսի պատասխան է տվել նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների պետ Ծովինար Թադևոսյանը:

Արդարադատության նախարարությունը վիճակագրություն չի վարել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին մասնակցելու հիմքով պատժից վաղաժամկետ ազատված կամ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինված անձանց շրջանում նոր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձանց վերաբերյալ: 

Զոհվածների և վիրավորում ստացածների վերաբերյալ ևս վիճակագրություն չի վարվել:

«Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով զորակոչվելու ցանկություն հայտնած կալանավորված անձանց դիմումների և նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման դեպքում առաջնահերթորեն հաշվի են առնվել նախ՝ քրեադատավարական օրենքի ընդհանուր պահանջները: Նրանց մեղսագրվող ծանրության աստիճանը, բնույթը, տարիքային, առողջական, վարքային առանձնահատկությունները, տվյալ խափանման միջոցների արձանագրված հիմքերի առկայությունը կամ վերացումը, ինչպես նաև զինված ուժերում ծառայություն անցած լինելու, պահեստազորում գտնվելու հանգամանքները»,-նշում են գլխավոր դատախազությունից:

Հաշվի առնելով պետական մարմինների կողմից «վիճակագրություն չվարելու» հանգամանքը, հանրային վերահսկողության մեխանիզմների բացակայությունը, դժվար է անշեղորեն հավատալ, որ պատերազմին մասնակցելու պատրվակով պատժից չեն ազատվել կամ խափանման միջոցի փոփոխություն չեն ունեցել «արտոնյալները», ինչը մեծացնում է կոռուպցիոն ռիսկը: Պատերազմին մասնակցելը վաղաժամկետ ազատվածին կամ կալանքն այլ խափանման միջոցով փոխված անձին տալիս է «առավելություն»՝ դրական բնութագիր, ինչն էական դեր կարող է խաղալ նրա քրեական գործում: Այս հանգամանքը ևս կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկը: Բացի դրանից, չկա համոզմունք, որ անձն, իրոք, մեկնել է մարտի դաշտ:

Պարապ-սարապ ու անպիտան լինելու զգացումներով

«Ռազմական գործողությունների օրերին ազատությունից զրկված անձինք ներգրավված չեն եղել ռազմական գործողություններին առնչվող աշխատանքներում»,-փոխանցում են արդարադատության նախարարությունից:

Ռազմական գործողությունների օրերին ՔԿՀ-ները որևէ կերպ ներգրավված չեն եղել ռազմական գործողությունների վերաբերյալ աշխատանքներում՝ ցանց գործել, քնապարկ կարել, ուսապարկեր պատրաստել և այլն։ Մասնավոր զրույցներում ազատությունից զրկված անձինք փաստել են, որ շատ ծանր է եղել պատերազմի 44-օրյա ընթացքը՝ հոգեբանական առումով։ 

Դատապարտյալներից Արմենը (անունը փոխված է) պատմեց, որ իրեն միշտ տանջել է այն միտքը, որ նստած է ողջ-առողջ, կերած-խմած, տաք և ապահով, իսկ իրենից երիտասարդներն ամենադաժան պայմաններում են եղել։ Միաժամանակ, շատ ծանր է եղել անպիտան զգալու հոգեբանական վիճակը, երբ, հետևելով մամուլին, տեսել է, թե ինչպես է ողջ ազգը համախմբվել, փորձել թիկունքից օգնել ռազմաճակատին, իսկ իրենք, ունենալով անսահմանափակ ազատ ժամանակ, որևէ կերպ ներգրավված չեն եղել ռազմական գործողությունների համար օգտակար որևէ աշխատանքում։ 

Կային նաև դատապարտյալներ, որոնց զավակներն էին ռազմաճակատում, և սահմանափակ արտաքին կապի հետեւանքով նրանք հոգեկան ծանր վիճակում են հայտնվել։ 

Անազատության մեջ գտնվող 27 անձանց շրջանում (12-ը՝ կալանավորված, 15-ը՝ դատապարտյալ, որից 3-ը՝ ցմահ) հարցում ենք կատարել: Ոչ բոլորն են ստացել ռազմաճակատ մեկնելու պատրաստակամության մասին դիմումների պատասխաններ: Նշում էին, թե մեծամասնությունը չի ստացել որևէ պատասխան, թեև դիմումները հասցեագրված են եղել տարբեր մարմինների, ընդհուպ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: 

Ազատազրկված անձանց ռազմական գործողություններին մասնակից դարձնելը չի լուծում որևէ մարտական խնդիր

Հայաստանի օրենսդրությամբ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ռազմական դրության հաստատմամբ զորահավաք իրականացնելու պայմաններում, կալանավորված անձանց զորակոչելու վերահսկողության իրականացման մեխանիզմները բացակայում են: Հատուկ իրավակարգավորումներ և ընթացակարգեր չկան նաև արդեն իսկ զորակոչված՝ մինչ այդ կալանավորված մեղադրյալների կամ ամբաստանյալների վարքագծի վերահսկողության դեպքում:

Քրեական արդարադատության հոգեբան, փորձագետ Արշակ Գասպարյանը նշում է, որ ազատազրկվածներին պատերազմ ուղարկելու պրակտիկան տարածված է եղել նաև այլ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Իսրայելը, Պաղեստինը, Ռուսաստանը և այլն։ Դատապարտյալներին ռազմական գործողություններին մասնակից դարձնելը, ըստ փորձագետի, երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջին՝ նվազեցնել պետական հիմնարկների գերբեռնվածությունը, երկրորդ՝ ֆինանսների խնայողությունը։ 

«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չկա ոչ միայն գերբեռնվածության խնդիր, այլև առկա է պետական ֆինանսական ռեսուրսների վատնում: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա մոտ 2300-2500 ազատազրկված և 2300 աշխատակից, մինչդեռ միջազգային պրակտիկայում օպտիմալ կառավարման համար մեկ աշխատակցին կարող է բաժին ընկնել երեք, չորս, հինգ, վեց ազատազրկված»,- ասում է Արշակ Գասպարյանը։ Նա կարծում է, որ ազատազրկված անձանց ռազմական գործողություններին մասնակից դարձնելը չի լուծում որևէ մարտական կամ պետական խնդիր։  

Ազատազրկվածներին առաջնագիծ ուղարկելն, ըստ Արշակ Գասպարյանի, պայմանավորված է նաև դատապարտյալների նկատմամբ հանրային բացասական ընկալումներով։ 

«Պատերազմական իրավիճակներում հանրության մոտ կա կարծիք, որ  ազատազրկվածներին առաջնահերթ պետք է ուղարկել առաջնագիծ, որտեղ վտանգված է մարդու կյանքը և առողջությունը՝ ստորադասելով կալանավորված անձանց և դատապարտյալներին մնացած այլ քաղաքացիներից»,- պարզաբանում է փորձագետը։

Արշակ Գասպարյանի պնդմամբ՝ պետական կառավարիչները պետք է տուրք չտան հանրային ընկալումներին, քանի որ փակ հաստատությունում պետության ենթակայության տակ գտնվող անձանց պաշտպանությունը տվյալ պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Ավելին, ազատազրկվածները, ի տարբերություն ազատության մեջ գտնվող քաղաքացիների, ունեն սահմանափակ իրավունքներ և հնարավորություններ։

Մեկ այլ գործոն էլ, որը թույլ չի տալիս ազատազրկված անձանց մասնակից դարձնել պատերազմին, տուժածների և նրանց իրավահաջորդների պահանջն է, որ տվյալ դատապարտյալը կրի իր լիարժեք պատիժը։   

Ի վերջո, հոգեբան Արշակ Գասպարյանը համարում է, որ ազատազրկված անձանց առաջնագիծ ուղարկելը կարող է կրկնահանցագործության ռիսկեր պարունակել։ «Պատկերացրեք մարդ, որը տարիներ շարունակ ապրել է փոքր խցում՝ բանտային ենթամշակույթով։ Արդյո՞ք մենք կարողացել ենք ճիշտ գնահատել այդ մարդու ձեռքը միանգամից կրակող զենք տալու ռիսկը»,- ասում է Գասպարյանը։ 

Նշենք, որ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մղվող մարտական գործողություններին մասնակցելու համար պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալներից ոչ ոք 2021թ. հունվարի 14-ի դրությամբ կրկին հանցանք կատարելու մեղադրանքով քրեակատարողական հիմնարկներ մուտք չի գործել:

Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, ապա նրանց կողմից կրկին հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:

Չկան վերահսկողության մեխանիզմներ

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմինե Ֆանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանրային պաշտպանների մասնակցությամբ քննվել են ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն ունեցողների գործեր՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ: Ինչպես նաև քննվել է մեկ դեպք՝ դատապարտյալի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին։

Այն հարցին, թե ի՞նչ չափանիշներ են գործել տվյալ գործերով ներկայացված միջնորդությունները քննարկելիս, փաստաբանը նշեց, որ չափանիշներ, որպես այդպիսին, չկան, քանի որ օրենսդրությամբ էլ նշված չեն: Առաջնորդվել են պրակտիկայով:

«Դեպքերի մեծամասնությամբ դիմող անձինք արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ էին, ազատամարտիկներ, ովքեր իրենց ներդրումն ունեցել էին առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ Պաշտպանության նախարարության կողմից համապատասխան տեղեկանքներ էին ներկայացվել դատարան, և դատարանի մոտ իսկապես ձևավորվել է համոզմունք առ այն, որ այդ անձը խափանման միջոցի փոփոխության դեպքում մեկնելու է ռազմաճակատ»,-ասում է փաստաբանը։

Ըստ Ա. Ֆանյանի, հստակ չափանիշներ չկան: Որոշումների հիմքում, ըստ էության, դրվել է դատարանի համոզմունքը, որ անձն իսկապես ազատ արձակման դիմում է ներկայացրել ռազմաճակատ մեկնելու նպատակով։ Ընդ որում, որևէ տարբերակում, կապված մեղսագրվող արարքի ծանրության աստիճանի հետ, չի եղել։ Կալանքը վերացվել կամ այլ խափանման միջոցով փոխարինվել է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններում մեղադրվող անձանց դեպքում, ընդհուպ՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի մեղադրանքով։

«Օրենսդրական ընթացակարգից, ըստ էության, որևէ շեղում չի եղել, պարզապես դատարանն այդ փուլում, հաշվի առնելով ՀՀ-ում տիրող իրավիճակը, Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողությունները, գտել է, որ  պետության շահը գերակա է այդ պարագայում: Դատարանը գտել է, որ դա հիմնավորված է և նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, այսինքն՝ հիմքը, որով դատարանը ժամանակին կալանավորման մասին որոշում է կայացրել, ուղղակի վերացել է»,-հավելում է Արմինե Ֆանյանը։

Փաստաբանի խոսքերով՝ եղել է նույնիսկ դեպք, երբ դատարանը մերժել է կալանքի մասին որոշում կայացնելը, կապված անձի՝ ռազմաճակատ մեկնելու մտադրության հետ: Թեև այդ հանգամանքը դատական ակտում որևէ կերպ չի արտացոլվել, այնուհանդերձ, նիստից դուրս տեղի ունեցած գործողություններից ակնհայտ էր, որ դատարանի համար միակ շարժառիթն այդ է եղել, այլ ոչ թե մեկ այլ հարց։

Հարցին, թե արդյոք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է, փաստաբանը հայտնեց, որ ռազմաճակատ մեկնելու հետ կապված անձին ազատ արձակելու իրավիճակը որևէ օրենսդրական կարգավորում առհասարակ չունի։ Միակ կարգավորումը տվյալ ոլորտում վերաբերում է նրան, որ կալանավորված անձինք  զորակոչի ենթակա չեն։ Այնուամենայնիվ, ըստ փաստաբանի, եղած կարգավորումները լիարժեք բավարար են կալանավորումը փոխելու կամ վերացնելու հարցը լուծելու համար, սակայն անձի ռազմաճակատ մեկնելուց հետո խնդրահարույց է տվյալ գործի ճակատագիրը։ 

«Որևէ դատավոր, համենայնդեպս ինձ հայտնի քրեական գործերով, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում չի կայացրել։ Այսինքն, պարզապես այդ ընթացքում դատական նիստեր չեն նշանակվել։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ անձը վերադարձել է ռազմաճակատից, վարույթը բնականոն ընթացքով շարունակվել է։ Մինչդեռ մենք քրեական դատավարությունում անհաղթահարելի ուժի հետևանքով քրեական գործով վարույթը կասեցնելու հիմք ունենք»,-ասում է փաստաբան Ֆանյանը։

Անդրադառնալով ազատ արձակված անձանց վարքագծի վերահսկման մեխանիզմներին՝ տիկին Ֆանյանը նշեց, որ քննարկվող իրավիճակում դրանք չկան։ Մասնավորապես, դատարանը հիշյալ միջնորդությունները բավարարում է՝ պատճառաբանելով, որ կալանավորելու հիմք առկա չէ։ Այս դեպքում, եթե անձը ազատ արձակվելուց հետո չի մեկնում ռազմաճակատ, միևնույն ժամանակ որևէ արգելված գործողություն չի կատարում, դատարանը նրան կրկին կալանավորելու հիմք ուղղակի չի ունենա։

Oրենսդրական հնարավոր փոփոխությունների առնչությամբ Ա. Ֆանյանը նշեց, որ կոնկրետ իրավիճակներով պայմանավորված՝ պետությունը ռազմաճակատ մեկնելու նպատակով ազատ արձակված, բայց չմեկնած անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ պետք է ստեղծի։

Ըստ Ֆանյանի՝ իրավիճակն այլ է պայմանական վաղաժամկետ արձակված անձանց պարագայում, երբ դատարանն ունի լիազորություն կոնկրետ պարտականություններ դնել անձի վրա ողջ փորձաշրջանի ընթացքում, ուստի, որպես այդպիսին, անձի համար կարող է նախատեսվել պարտականություն՝ մեկնել ռազմաճակատ, որի չկատարման դեպքում նա կշարունակի պատժի կրումը։

«Խափանման միջոցների դեպքում դա անիրատեսական է, որովհետև խափանման միջոցի նպատակն է այլ»,- եզրափակեց Ֆանյանը։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր, փաստաբան Դավիթ Գյուրջյանը գործընթացի մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

«Ըստ էության, եթե անձի ազատ արձակումը պայմանավորված է փաստացի պատերազմական գործողություններին նրա մասնակցելու հնարավորությունն ապահովելու նպատակով, ապա սա ինքնին յուրօրինակ «կաշառքի» մի տեսակ է՝ տրվող անձի կողմից պետությանը»,-ասում է Դ. Գյուրջյանը:

Ազատ արձակված անձանց վարքը վերահսկելու համար առկա մեխանիզմներին և դրանց արդյունավետությանն անդրադառնալով՝ փաստաբանը նշեց, որ առհասարակ, ում նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ,  վերահսկողություն իրականացնելու լիազորությունը տրված է պրոբացիայի ծառայությանը: Իսկ այդ հսկողությունն իրականացվում է մեծապես անձի բնակության կամ աշխատանքի վայր այցելելու և հակառակը՝ անձի կողմից պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմին այցելելու միջոցով: Այլ է իրավիճակը պատերազմ մեկնած անձի դեպքում:

Այստեղ կան որոշակի խնդիրներ՝ կապված վերահսկողության առարկա խափանման միջոցների շրջանակին, վերահսկողության մեթոդների արդյունավետությանն և այլն: Ըստ փաստաբանի, ամեն պարագայում ակնհայտ է, որ այն դեպքում, երբ խափանման միջոցը փոփոխվել է անձի՝ պատերազմական գործողություններին մասնակցելու պատրվակով, այս վերահսկողական մեխանիզմները չեն գործելու:

Հեղինակներ՝
Զարուհի Հովհաննիսյան
Էլինա Գյուրջյան
Հայկ Մակիյան

Համակարգող՝
Գրիշա Բալասանյան

Լուսանկարները՝
Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter