HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել

Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում 8-ից մինչև 18 հարկ բարձրություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր են ուզում կառուցել։

«Հետք»-ը քաղաքապետարանից ստացված նախագծման թույտվությունների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռենշին» ՍՊ ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն)։ Այս որոշման մեջ արդեն իսկ կառուցապատողի առաջարկով և քաղաքապետի որոշմամբ սահմանված է շենքերի քանակը, թույլատրելի բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման խտությունը և այլ պայմաններ։

Որոշման համաձայն՝ ընկերությունը կպատրաստի շենքերի մանրակրկիտ նախագիծը և կներկայացնի քաղաքապետարան։ Դրանից հետո նախագիծը կհամաձայնեցվի, և քաղաքապետը շինարարական թույլտվություն կամ կտրամադրի, կամ՝ ոչ։

Մինչ այդ գործընթացները տեղի կունենան, այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեցին բարձրահարկ համալիրների էսքիզային լուսանկարները։ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» անունը կրող էջում, որը Երևան համայնքի կառուցապատումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տարածում, նշված է․ ««Ռենշին» ընկերությունը Տերյան 107 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի։ Համալիրը բաղկացած է լինելու 4 մասնաշենքերից (8-18 հարկ հարկայնությամբ)։ Համալիրի հարավային կողմում՝ Ա և Դ մասնաշենքերում, հարկայնությունը սկսվում է 8 հարկից՝ աստիճանաբար, կասկադային սկզբունքով հյուսիսային կողմում՝ Բ և Գ մասնաշենքերում հասնելով 18 հարկ բարձրության: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տարածքը կկանաչապատվի և կբարեկարգվի»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2024 թվականին։

«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի։ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին (50/50 %–ներով)։ Արայիկ Կարապետյանը «Գլոբալ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետեր է, խորհրդի անդամ։ Էդուարդ Մարությանն էլ նույն վարկային կազմակերպության խորհրդի նախագահն է և նույնպես՝ ՈՒՎԿ-ի բաժնետեր։ «Հետք»-ը 2019 թ.-ին գրել էր, որ Երևանում փակված և օտարված մանկապարտեզներից մեկի տեղում այս ընկերությունը բարձրահարկ է կառուցել։

Նյութը պատրաստելու ընթացքում «Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջից հեռացվեցին էսքիզային նկարներն ու նկարագրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter