HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առնվազն 29 մանկապարտեզ է փակվել Արաբկիրում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում

«Հետք»-ը շարունակում է Երևանի փակված մանկապարտեզների և դրանց տարածքների սեփականատերերի ուսումնասիրությունը:

Այս անգամ կներկայացնենք Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր նորք վարչական շրջանների փակված մանկապարտեզների պատմությունը: Բոլոր 4 վարչական շրջաններում էլ ՆՈՒՀ հաճախելու համար մի քանի հարյուր, ընդհուպ մինչև հազար երեխա կա հերթագրված: Նախորդիվ ներկայացրել էինք Կենտրոնում փակված՝ 14, իսկ Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում փակված 27 մանկապարտեզի պատմությունները:

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում փակվել է 29 մանկապարտեզ: Ի թիվս այլոց, մանկապարտեզների սեփականատեր են դարձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխկապակցված անձը, արձակագիր, ռեժիսոր Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի փաստաբանը, Արաբկիրի առաջին թաղապետի ընտանիքը, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր ընտրվածի (հրաժարվել է մանդատից, խմբ.) ընտանիքը, ԱԱԾ աշխատակցի մայրը, Ավանի թաղապետի նախկին տեղակալի կինը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը և այլն:


Արաբկիր վարչական շրջան.  փակվել է 12 մանկապարտեզ

Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2019 թ.-ի ապրիլի դրությամբ հերթագրված է 846 երեխա: Այս վարչական շրջանում, բացի համայնքապատկան մանկապարտեզներից, փակվել են նաև մի շարք գերատեսչական մանկապարտեզներ: Մանկապարտեզների գույքը հետագայում վաճառվել է: Արաբկիր վարչական շրջանում չկա համայնքապատկան, փակված որևէ մանկապարտեզ, որի տարածքը պատկանում է համայնքին: Այդ տարածքների սեփականատերերը տարբեր մարդիկ են: Այս վարչական շրջանը փակված մանկապարտեզների թվով թերևս զիջում է միայն Կենտրոն վարչական շրջանին:

Նախքան համայնքների ձևավորվելը, նախկին 26 կոմիսարների շրջանի (ներկայում՝ Արաբկիր վարչական շրջան) ենթակայության տակ գտնվող 10 մանկապարտեզ լուծարվել է: Արաբկիր վարչական շրջանից մեր հարցումներին ի պատասխան՝ հայտնել են, որ այդ շրջանում լուծարված մանկապարտեզների որոշումների վերաբերյալ որևէ տեղեկատվության չունեն: Մենք փորձել ենք տարբեր աղբյուրներ օգտագործելով՝ գտնել այդ շրջանում փակված մանկապարտեզների տեղանքները, սակայն, ամենայն հավանականությամբ, կլինեն մանկապարտեզներ, որոնք հնարավոր չի եղել տեղորոշել:

«Մերգելյան» ինստիտուտի մանկապարտեզները

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն Արաբկիր վարչական շրջանում երկու մանկապարտեզ է ունեցել: Մեկը՝ Կոմիտասի պողոտա 1 շենքի առաջին հարկում, մյուսը՝ նույն շենքի բակում: Կոմիտասի պողոտա 1 շենքի անկյունում գործած մանկապարտեզը սեփականաշնորհվել է 1996 թ.-ին: Սեփականատեր է դարձել արձակագիր, ռեժիսոր Աղասի Այվազյանի ընկերությունը՝ «Աղասի Այվազյան» ՍՊԸ-ն: Մանկապարտեզի փոխարեն՝ տարածքում գործել է Աղասի Այվազյանի կնոջ հիմնադրած «Գրետա Վերդիյան մասնավոր դպոց» ՍՊԸ-ն: 2014 թ.-ին այդ ՍՊԸ-ն անվանափոխվել է և դարձել «Մ Վեկտոր» ՍՊԸ-ը: Գրետա Վերդիյանը և նրան փոխկապակցված անձինք դուրս են եկել ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկից: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը 2017 թ.-ից պատկանում է Վարդան Մուսայելյանին: Մինչ օրս տարածքը պատկանում է նշված ՍՊԸ-ին, իսկ այն վարձակալել է «Սմարտ Ստարտ» երեխաների զարգացման միջազգային կենտրոնը: Տեղում այսօր մասնավոր նախակրթարան է գործում:

«Մերգելյան» ինստիտուտին պատկանող մյուս մանկապարտեզը տիպային շենք է ունեցել՝ իր բակային տարածքներով: Մանկապարտեզի շենքը երկու հասցե ունի՝ Հ. Հակոբյան 3 ա և Հ. Հակոբյան 3/16: Երկու հասցեների անշարժ գույքը, այդ թվում՝ մանկապարտեզի շենքը պատկանում է «Վայզբեյբի» ՍՊԸ-ին: Ցանկապատված շենքում այսօր տեղակայված է «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ՍՊԸ-ի բիոտեխնոլոգիական կենտրոնը: «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել:

Ժամացույցի գործարանի մանկապարտեզները

«Երևանի Ժամացույցների գործարան» ԲԲԸ-ն Արաբկիր վարչական շրջանում 2 մանկապարտեզ է ունեցել, երկուսն էլ առանձին շենքերով: Մեկը եղել է Աղբյուր Սերոբի փողոցում, մյուսը՝ Բաղրամյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի տեղում: Աղբյուր Սերոբի 18 հասցեում գտնվող մանկապարտեզը փակվել և վաճառվել է 1998 թ.-ին: Մի քանի սեփականատեր փոխելով՝ այն դարձել է Ռուզաննա Ասուլյանի սեփականությունը: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 15 հա անտառային տարածք էր գնել: Ծաղկաձորում գտնվող այդ տարածքը մինչ օրս պատկանում է իրեն: Բացի այդ, Ռուզաննա Ասուլյանը Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանի հետ «Գոլդեն ՄԿ» ՍՊ ընկերության (լուծարվել է, խմբ.) բաժնետեր է եղել: ՍՊԸ-ի բաժնետոմսերը Գագիկ Պողոսյանի հետ կիսում էին մոսկվաբնակ Միխայիլ Բեզրուկովը եւ Ռուզաննա Ասուլյանը: Վերջինիս պատկանող մանկապարտեզի երկհարկանի շենքն այսօր չի օգտագործվում, դռները փակ են: Միխայիլ Բեզրուկովը նաև «Հովազաձոր» ՍՊԸ-ի հիմնադրին է: Այդ ՍՊԸ-ն նա հիմնել է Կամո Խաչատրյանի հետ, իսկ վերջինիս որդու կնքահայրը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:

«Երևանի Ժամացույցների գործարան» ԲԲԸ-ին պատկանած մյուս մանկապարտեզի շենքն օտարելուց հետո՝ 2005 թ.-ին, քանդվել է: Տեղում «Ռենշին» ՍՊ ընկերությունը բարձրահարկ, բազմաբնակարան շենք է կառուցել:

«Կանազ»-ի մանկապարտեզները

Խորհրդային տարիներին գործող Քանաքեռի ալյումինի գործարանը, որը բնակիչների շրջանում «Կանազ» անունով է հայտնի, ունեցել է 3 մանկապարտեզ: Երկուսը գտնվել են Մամիկոնյանց 34 ա և 34 գ շենքերի առաջին հարկերում, իսկ մյուսը՝ ոչ այնքան հեռու՝ Մամիկոնյանց 17 հասցեում: Առաջին երկու շենքերը եղել են հանրակացարանային շենքեր, որոնք Կառավարության 1998 թ.-ի որոշումով սեփականաշնորհել են այդտեղ ապրող մարդիկ: Այսօր երկու շենքերի առաջին հարկերում էլ հասարակական տարածքներ են, կրպակներ, սննդի կետ, դեղատուն և այլն:

Երրորդ մանկապարտեզի տեղում այսօր «Annabella» անունը կրող հյուրանոցն է: Ճարտարապետական գեղեցիկ լուծումներով մանկապարտեզի նախկին շենքն ունի նաև առանձնացված բակ: Նախկին մանկապարտեզի շենքը պատկանել է «Կանազ» ԲԲԸ-ին, որը շենքը վաճառել է «Ալյումինտեք» ՓԲԸ-ին: Շենքը մինչ օրս պատկանում է նշված ՓԲԸ-ին:

Կոմիտաս 16

Կոմիտաս 16 շենքի առաջին հարկում մինչև 1998 թվականը համայնքային թիվ 186 մանկապարտեզն է գործել, որը հիմա նախակրթարան է դարձել: Մանկապարտեզը փակվելու որոշման մեջ ասված է, որ այնտեղ ջրագծերի վթար է եղել, որից հետո 1,5 տարի տարածքը չի օգտագործվել: Մանկապարտեզի տարածքը 2003 թ.-ին ձեռք է բերել Վանյա Սուքիասյանը, որը հետագայում այն վաճառել է Ջուլիետա Ենգոյանին: Վերջինս այդ տարածքում մասնավոր մանկապարտեզ է շահագործում: Վանյա Սուքիասյանը փաստաբան է, եղել է ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի պաշտպանը:

Կոմիտասի 1/11

«Մերգելյան» ինստիտուտին պատկանած մանկապարտեզներից բացի՝ ևս մեկ մանկապարտեզ է եղել Կոմիտասի 1 շենքի բակում՝ «FMD K&L Europe»-ը ՍՊԸ-ի հարևանությամբ: Կոմիտասի 1/11 հասցեում գործած մանկապարտեզը վերածվել է բնակելի շենքի: Մանկապարտեզի երկհարկանի շենքի վրա ևս 2 հարկ է ավելացել՝ դառնալով քառահարկ, բնակելի շենք:

Տիգրանյան 10

Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան 10 շենքի 1-ին հարկում գործել է համայնքային մանկապարտեզ: 2 առանձին հասցե ունեցող անշարժ գույքերը դարձել են Փեփրոնեհ Խաչատուրյանի և Աիդա Բաբայանսի սեփականությունը:

Կոմիտասի 61 և Կոմիտասի 63

Այս հասցեներում Արաբկիր թաղային համայնքին պատկանող երկու մանկապարտեզ է եղել, երկուսն էլ՝ բազմաբնակարան շենքի բնակարանային տարածքներում: Կոմիտասի 61 շենքի մանկապարտեզը փակվել է Արաբկիրի առաջին թաղապետ Հայկ Հովհաննիսյանի որոշմամբ և դարձել է իր ընտանիքի սեփականությունը: Հայկ Հովհաննիսյանի կինը՝ Զինաիդա Մարգարյանը, 2018 թ.-ին նախկին մանկապարտեզի տարածքը, որն օգտագործում էր որպես բնակարան, վաճառել է: Տեղում այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում: Շենքի բնակիչների խոսքով՝ տարածքն ատամնաբուժարանի է վերածվելու: Կոմիտասի 63 շենքի առաջին հարկում նույնպես մանկապարտեզ է գործել, որը փակվել է, իսկ տարածքը վերածվել է բնակարանների:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան. փակվել է 5 մանկապարտեզ

Այս վարչական շրջանում փակվել է համայնքային 5 մանկապարտեզ: ՆՈՒՀ հաճախելու համար հերթագրված երեխաները 562-ն են:

Ներսիսյան 1

Ազատության պողոտայի և Ներսիսյան փողոցի հատման մասում տեղակայված թիվ 1 շենքի առաջին հարկում գործել է համայնքային մանկապարտեզ: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանի 2003 թ.-ի 193 որոշմամբ մանկապարտեզի տարածքից 83.9 քմ-ն 1670 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով օտարվել է քաղաքացի Էրիկ Վարդանյանին: Այդ տարածքը վերածվել է բնակարանի և այսօր էլ պատկանում է Վարդանյանին: Մանկապարտեզի մյուս մասի տեղում այսօր «Մուսոյան ԱԱԱ» ՍՊԸ-ի գրավատունն է գործում: Տարածքը 2003 թ.-ից մինչ օրս պատկանում է «Կրուիզ-99» արտադրական կոոպերատիվին, որն այժմ գտնվում է սնանկացման գործընթացում:

Դավիթ Անհաղթի 5

Դավիթ Անհաղթի 5 շենքի առաջին հարկում գործել է թիվ 199 մանկապարտեզը, որը Քանաքեռ-Զեյթունի ավագանին, թաղապետ Ռուբեն Սինոյանի առաջարկությունը հավանության արժանացնելով, որոշել է լուծարել: Լուծարումից հետո մանկապարտեզի տարածքն օտարվել է: Այսօր մանկապարտեզի տեղում գործում են ատամնաբուժարան և անշարժ գույքի գործակալություն: Մանկապարտեզի գույքն այժմ երկու հասցե ունի՝ «Դավիթ Անհաղթի 5, 5» և «Դավիթ Անհաղթի 5 շենք 199 մանկապարտեզ»: 2003 թ.-ին մանկապարտեզի 646.6 քմ մակերեսով տարածքի 126 քմ-ն վաճառվել է Ալեքսանդր Ջանյանին, որն էլ հիմնել է «JS» ատամնաբուժարանը, մանկապարտեզի հիմնական հատվածը պատկանում է Քանաքեռ-Զեյթուն համայնքին:

Հասրաթյան 15

Քանաքեռցու 32 հասցեում գործած մանկապարտեզի տարածքը բաժանվել է երկու առանձին գույքի, իսկ մանկապարտեզը տեղակայվել է մի մասնաշենքում: Գույքերը ստացել են Հասրաթյան 15 և 17 հասցեները. Հասրաթյան 17 հասցեում այսօր գործում է թիվ 159 մանկապարտեզը: Երկհարկանի մյուս մասնաշենքը Երևանի քաղաքապետարանն աճուրդում վաճառել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանին: Վերջինիս մահից հետո մանկապարտեզի մասնաշենքը դարձել է Գրիգորյանի ժառանգների սեփականությունը: Տարածքում այսօր տեղակայված է Հայ-չինական բարեկամության դպրոցի շինարարական տեխնիկան:

Դրոյի 21 ա

Համայնքի ավագանու որոշմամբ Դրոյի  21, 21 ա շենքերի առաջին հարկում տեղակայված թիվ 147 մանկապարտեզը լուծարվել է, իսկ տարածքի մի մասում ստեղծվել է Մինաս Ավետիսյանի անվան նկարչական դպրոցը: Փակված մանկապարտեզի տարածքի հիմնական մասը բնակարանների է վերածվել: Դրոյի 21 ա շենքի 4/1 և 4/2 հասցեների առաջին սեփականատերը դարձել է «Խիզախ զինվոր» ՍՊԸ-ն: Ընկերության 50% բաժնեմասերի սեփականատերերն են համապատասխանաբար՝ Պետրոս Եղիկյանն ու Կարինե Հակոբյանը, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինքի» ցուցակով պատգամավոր ընտրված, ապա մանդատից հրաժարված Ալիկ Եղիկյանի ծնողներն են: Երկու բնակարանի սեփականատեր դառնալով՝ «Խիզախ զինվոր» ՍՊԸ-ն մեկը հետագայում օտարել է, մյուսի սեփականատերը դարձել է ՍՊԸ-ի բաժնետեր Պետրոս Եղիկյանը:

Մանկապարտեզը՝ մանկատուն

Տիգրանյան փողոցում, բնակիչների փոխանցմամբ, մանկապարտեզ է գործել, սակայն դրա տեղում այսօր մանկատուն է: «Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը գտնվում է Յաղուբյան (նախկինում՝ Արմեն Տիգրանյան) փողոցում: Նախկին մանկապարտեզի տարածքն ընդարձակ է, ունի առանձնացված բակային, կանաչապատ տարածք:

Ավանում փակվել է 4 մանկապարտեզ

Այս վարչական շրջանում ՆՈՒՀ հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը, մարտ ամսվա դրությամբ, 374 է: Ավանում լուծարվել է 4 մանկապարտեզ, այժմ գործում է 7-ը:

Ավան 4-րդ փողոց

Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցում գործել թիվ 1 մսուր մանկապարտեզը: Այն փակվել է 2002 թ.-ին, իսկ 782.4 քմ մակերեսով շենքը 7 միլիոն 900 հազար դրամով վաճառվել է Քնարիկ Բայրամյանին: Նա ԱԱԾ աշխատակից (այն ժամանակ ԱԱՆ աշխատակից), ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի թիկնապահ Սմբատ Գեղամի Այվազյանի մայրն է: Այվազյանը հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է: Մանկապարտեզի տարածքն այժմ պատկանում է նշված անձանց:

Ավան-Առինջ 2-րդ թ. 1/19

Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանում գտնվող նախկին թիվ 8 մսուր մանկապարտեզի տարածքը ավագանու 2002 թ.-ի որոշմամբ վերածվել է բնակարանային ֆոնդի: 2009 թվականին համայնքը տարածքը վաճառել է քաղաքացիներին: Նրանց թվում է եղել, օրինակ, Նազիկ Ղումաշյանը: Ղումաշյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Սամվել Ղումաշյանի կինն է: Բնակարանը ձեռք բերելուց հետո Նազիկ Ղումաշյանն այն օտարել է այլ անձանց:

Իսահակյան թաղամասում

Նախկին թիվ 289 մանկապարտեզի շենքը հետագայում ծառայել է որպես համայնքի վարչական շենք, իսկ 2004 թ.-ին, համայնքի ավագանու որոշմամբ, օտարվել է: Շինության մակերեսը՝ 3601 քմ և հողատարածքը՝ 5517 քառակուսի մետր մակերեսով, օտարվել են 150 միլիոն դրամով, այժմ տարածքը բնակարանային ֆոնդ է: Մանկապարտեզի նախկին շենքն ամբողջությամբ պարսպապատ է, երկաթե դարպասներ են տեղադրված մուտքում:

Ավան-Առինջ, 1-ին թ.

Թիվ 7 մսուր մանկապարտեզի շենքը համայնքային սեփականություն է: Մանկապարտեզի տիպային շենքն անբարեկարգ է, իսկ տարածքները վարձակալությամբ տրամադրվել են կուսակցությունների, համատիրությունների և այլ կազմակերպությունների: Մանկապարտեզի շենքում տեղակայված են՝ «Նարեկ» համատիրությունը, «Ավան-Առինջ 1» համատիրությունը, «Երքաղլույս»» ՓԲԸ-ի Ավանի մասնաճյուղը, «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղը, ԵԿՄ տարածքային բաժինը, «ՕԵԿ», «ՀՅԴ» կուսակցությունները, «ՓԻլատելփիա» ՀԿ-ն, Գասպարյան պարարվեստի ստուդիան, «Առաքելություն Հայաստանի» բարեգործական կազմակերպությունը և Տարոն Մարգարյանի հետ կապվող «Խութ» հիմնադրամը:

Նոր Նորքում փակվել է 8 մանկապարտեզ

Նոր Նորքի մանկապարտեզներ հաճախելու համար, ապրիլի դրությամբ, հերթագրված է 1015 երեխա:

Լվովյան 3

Նոր Նորքի 1-ին զանգվածի Լվովյան փողոցում գործած, հետագայում՝ փակված թիվ 251 մանկապարտեզի ամբողջ տարածքը վերածվել է բնակարանային ֆոնդի: Տիպային շենք ունեցող նախկին մանկապարտեզի տարածքն ամբողջությամբ բնակեցված է:

Լվովյան 8

Նոր Նորքի 1-ին զանգվածում գործած թիվ 238 մանկապարտեզի տարածքը 650 հազար ԱՄՆ դոլարով գնել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Մանկապարտեզի տեղում ստեղծվել է իրանական «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրը:

Ստեփանյան 4

Նոր նորքի 2-րդ զանգվածում՝ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի հարևանությամբ, գործել է թիվ 250 մանկապարտեզը: Տիպային շենք ունեցող մանկապարտեզը լուծարվել է, իսկ տարածքը՝ սեփականաշնորհվել: Գույքի սեփականատեր Աշոտ Հովսեփյանը նաև Օղակաձև զբոսայգում տարածքներից մեկի վարձակալն է եղել:

Միկոյան 35

Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Միկոյան 35 հասցեում, տեղակայված թիվ 268 մանկապարտեզը փակվել է, իսկ շենքը՝ փոխանցվել «Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ին: Համայնքի ավագանին 15.07.98 թվականի որոշմամբ՝ 18 մանկապարտեզը և գույքը (մանկապարտեզը հետագայում դարձել է թիվ 268, խմբ.), 25 տարի ժամկետով որոշվել է տրամադրել Անանիա Շիրակացու անվան ճեմարան-գիտակրթական համալիրի ստեղծման համար: Հետագայում մանկապարտեզի շենքի նվիրաբերության պայմանագրով օտարվել է նույն ՓԲԸ-ին և այն սեփականության իրավունքով գրանցված է «Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի անվամբ:

Լյուքսեմբուրգի փողոց

Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Լյուքսեմբուգի փողոցում, տեղակայված նախկին թիվ 236 մանկապարտեզի շենքը տիպային է, տարածքն ամբողջությամբ ծառապատ է, ցանկապատով առանձնացված: Մանկապարտեզի՝ համայնքային սեփականություն հանդիսացող շենքի մի մասում տեղակայված է շախմատի համայնքային դպրոցը: Մանկապարտեզի մյուս մասն անբարեկարգ է, հիմնանորոգման կարիք ունի:

Հունան Ավետիսյան փողոց

Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Հ. Ավետիսյան փողոցում, տեղակայված նախկին մանկապարտեզի շենքը չի ծառայում իր նպատակին: Նախ մանկապարտեզում է տեղակայվել Երևանի թիվ 22 պոլիկլինիկան, իսկ շենքի մի մասը վերածվել է բնակարանային ֆոնդի: Այդուհանդերձ, մանկապարտեզի շենքի զգալի մասը անմխիթար վիճակում է:

Մինսկի փողոց

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմից տեղեկություններ չէին տրամադրել մեզ 8-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզի մասին: Մեզ հաջողվեց պարզել, որ Մինսկի փողոցում տիպային շենք ունեցող մանկապարտեզ է գործել, իսկ հետագայում շենքը սեփականաշնորհվել է: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2010 թ.-ին շենքը դարձել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը, իսկ 2012 թ.-ին այն վաճառվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող «Տրանսգազշին» ՍՊԸ-ին: Մինչ օրս շենքը պատկանում է նշված ընկերությանը, իսկ տարածքն անբարեկարգ է:

9-րդ զանգված

Նոր Նորքի 9-րդ զանգվածում գործել է թիվ 104 մանկապարտեզը: Այն լուծարվել է, իսկ շենքն ամբողջությամբ վերածվել է բնակֆոնդի: Մի մասնաշենքի վրա նույնիսկ երրորդ հարկ է կառուցվել: Նշենք նաև, որ Նոր Նորքում՝ մասնավորապես 2-րդ, 4-րդ, 5-րդ զանգվածներում, կան մանկապարտեզներ, որոնք զբաղեցնում են տիպային շենքի ընդամենը մի մասնաշենքը, իսկ մյուս հատվածները վերածվել են բնակարանային ֆոնդի:

Տես նաեւ՝  Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել

27 մանկապարտեզ է փակվել Մալաթիայում, Դավթաշենում և Աջափնյակում

Մեկնաբանություններ (3)

Clipping Expert Asia
Amazing article. I have very glad to read your article. You are a really brilliant person. I have read your full article and I have got much important news that was very helpful to me. Thanks a lot for sharing a nice article. For portrait photography, e-commerce business, Photoshop needs product photo editing making images pop up. We provide all kind high-quality photo editing services at a competitive price from Clipping Expert Asia. That helps to make your e-commerce business pop-up. If you want to get high-quality photo editing service can you visit <a href="https://clippingexpertasia.com">Clipping Expert Asia</a>
Վահան Իշխանյան
Այն առումով, որ սեփակնաշնորհման պատմությունները հանրությանը միշտ հետաքրքրել են, նյութը կարևոր է։ Այսուհանդերձ, թերի է, մի քանի մանկապարտեզների սեփակնաշնորհման թվականը ասված է, մեկի դեպքում սեփակնաշնորհման որոշումն է հղված, սակայն մեծ մասի դեպքում որևէ տեղեկություն չկա թե կոնրկետ երբ են սեփականաշնորհվել, և կոնկրետ ում, փոխարենը խոսվում է թե ում է հիմա պատկանում։ Չկա նաև թե ինչ գնով են սեփակնաշնորհվել։ Կհորդոեի ավելի մանրամասն նկարագրեիք սեփակնաշնորհման գործընթացը ոչ միայն մանկապարտեզների այլև մյուս օբյեկտների դեպքում։
Ալլա Սարկիսովա
Տեղեկացնում եմ, որ նոր Նորքի 7-րդ զանգվածում գործել են երեք մանկապարտեզներ, բացի պոլիկլինիկան, մյուսն էլ սեփականաշնորհել են նախկին ԺԷԿ-ի պետը ու թիվ 66 դպրոցի տնօրեն Վրեժ Ռքշոյանը ու երջանիկ ապրում են։ Ինչպես եք այս ամենը հետ բերելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter