HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3

Սկիզբը

Շարունակում ենք ներակայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում:  

Անշարժ գույքի վարձակալություն 

«Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ-ի 100 % բաժնետերը Արգամ Աբրահամյանն է: Ընկերության գրասենյակը գտնվում է վերջինիս պատկանող Երեւանի Ամիրյան 4/2 հասցեում:

«Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2012թ. եւ այն ղեկավարում է Անգին Սարգսյանը: «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 300 միլիոն 988 հազար դրամ: 

Ըստ հարկային տվյալների՝ ընկերության գործունեության տեսակը սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առեւտուրն է, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: 

Անգին Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում սկզբում պատճառաբանեց, թե հիմա հանդիպման է եւ գործարքի մեջ է, այնուհետեւ մի քանի նախադասությամբ պատասխանեց ընկերության գործունեությանը վերաբերող հարցին: 

«Այո, ես եմ տնօրենը: Ընկերությունն այս պահին որեւէ գործունեություն չի իրականացնում, գործունեությունը դադարեցված է: «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ-ն ընդհանրապես ոչ մի գործունեություն չի իրականացրել»,-ասաց Անգին Սարգսյանը: 

Հարցին, թե ինչու է հիմնադրվել մեծ կապիտալով ընկերություն, եթե որեւէ գործունեություն չպետք է իրականացնի, Անգին Սարգսյանը պատասխանեց. «Կներեք, բայց ես էլ չեմ պատասխանի, թե ինչու է հիմնվել ընկերությունը: Դա իմ ընկերության ներքին գաղտնիքն է եւ որպես տնօրեն իրավասու եմ չպատասխանել: Միգուցե ձեզ համար աբսուրդ է, որ այդ կապիտալով ընկերությունը չի գործում, ինձ համար աբսուրդ չի: Ընկերությունը բացվել է, բայց այս պահին դադարեցված է, չենք իմացել ինչ գործունեություն է: Երբ որ գործունեություն կսկսի, դուք կիմանաք այդ մասին, կզանգահարեք, ես էլ կասեմ, թե ինչ գործունեություն է ծավալում»:

«Փրոփերթի Սոլյուշենզ» ՍՊԸ-ի իրավանախորդը եղել է «ԱԼԻԱՆՍ» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ն: «Փրոփերթի Սոլյուշենզ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 75.300.000 դրամ: Ընկերության բաժնեմասերի 100%-ը այս տարվա հունիսին է անցել Գագիկ Պողոսյանին:

Գագիկ Պողոսյանը տարածք վարձակալելու նպատակով դիմել է Երեւանի քաղաքապետին, վերջինս էլ 06.08.2014թ. 3029-Ա որոշումով թույլատրել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին` Երեւանի Խանջյան փողոցի հ.6/1 հասցեում, կառուցապատման իրավունքով ընկերությանը պատկանող 43144.31քմ մակերեսով հողամասից՝ 1923.59քմ մակերեսով հողամասի վարձակալության վերաբերյալ «Փրոփերթի Սոլյուշենզ» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր:

Նշենք, որ տարածքը գտնվում է Օղակաձեւ զբոսայգու 5-րդ՝ Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցներին հարող հատվածում:

Երթուղիներ, տրանսպորտային ոլորտ 

Արգամ Աբրահամյանի ունեցած բիզնեսներն ու բաժնեմասերը՝ վերևի գրաֆիկում: 

«Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ում Արգամ Աբրահամյանի գործընկերները պատահական մարդիկ չեն: Այստեղ հավասարաչափ բաժնեմասերով (33.3%) բիզնեսի մասնակիցներ են ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը եւ երեւանաբնակ Վահագն Խաչատրյանը:

Լեւոն Քոչարյանը եւ Վահագն Խաչատրյանը նաեւ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերերն են՝ համապատասխանաբար 60% (կանոնադրական կապիտալում` 774 միլիոն դրամ) եւ 40% (516 մլն դրամ) բաժնեմասերով:

«Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ–ի տնօրենը վանաձորցի Ռուբեն Զատիկյանն է: Նա է ղեկավարում նաեւ թիվ 46 միկրոավտոբուսային երթուղին, որը սպասարկող «Առավել» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը 2013թ. մարտից Աբրահամյան-Քոչարյան-Խաչատրյան եռյակինն է՝ «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ինը:

Ընկերությունը գրանցված է Վահագն Խաչատրյանի հաշվառման հասցեում: Ի դեպ, նույն հասցեում է գրանցված նաև Վահագն Խաչատրյանին պատկանող «Գրիգորյաններ Տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որը սպասարկում է Երեւանի թիվ 44, 62, 99 միկրոավտոբուսային երթուղիները:

«Տրանսպորտնիկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012թ.: Ընկերության բաժնեմասը 50/50 կիսում են Գագիկ Պողոսյանը եւ նրա գործընկերուհի՝ վարդենիսցի Ջուլիետա Սարգսյանը: Նշենք, որ ընկերությունը գտնվում է Երեւանի Ամիրյան փողոց 4/3 հասցեում, որը Արգամ Աբրահամյանին պատկանող հսկայական շենքում տեղակայված ընկերությունների հասցեն է («Իմպերիում Գրուպ» ՍՊԸ, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոն, ինչպես նաեւ «Hotel National» հյուրանոցային համալիր):

«Տրանսպորտնիկ» ՓԲԸ-ն է շահագործում Երեւան քաղաքի միկրոավտոբուսային թիվ 41 եւ 45 երթուղիները, «Երևան-Ստեփանավան-Երևան» թիվ 409, «Երևան-Տաշիր-Երևան» թիվ 417, «Տաշիր-Երևան-Տաշիր» թիվ 419 եւ «գ. Կուրթան-Երևան-գ. Կուրթան» թիվ 440 միջմարզային միկրոավտոբուսային եւ այլ երթուղիները:

Նշված մարզային երթուղիները նախկինում սպասարկում էր հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանին պատկանող «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ն, որին նախարարությունը զրկել էր թույլտվությունից:  

Հովիկ Աբրահամյանն ու նրա մերձավորները երթուղային գծեր ունեն նաեւ Արտաշատում եւ հարեւան գյուղերում: Այդ նպատակով երթուղային տաքսիների պարկ է գործում Արտաշատ քաղաքում:

«Մամիկոն-Նարեկ» ՍՊԸ-ն 100%-ով պատկանում է Հենրիկ Աբրահամյանի դստերը՝ Մերի Աբրահամյանին: Այն հիմնադրվել է 2007թ.: Ընկերության գործունեության նպատակը տաքսի ծառայություններ մատուցելն է, ապրանքների առեւտուրն ու շինարարական իրերի արտադրանքը: «Մամիկոն-Նարեկ» ՍՊԸ-ին է պատկանում «Տաքսի Մխչյան» տաքսի ծառայությունը: Ընկերության տնօրենը մխչյանցի Յուրիկ Բունիաթյանն է:

Շինանյութերի եւ քարերի արտադրություն 

 2003թ. «Արարատցեմենտ» ԲԲԸ-ն մասնավորեցվել է եւ վերակազմավորվելով դարձել է «Արարատցեմենտ» ՓԲԸ: Բաժնետոմսերի 30%-ի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, 70%-ինը՝ նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը:

«Ռայթ Սթոուն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ին: Այն հիմնականում զբաղվում է քարերի վերամշակմամբ եւ շինարարությամբ: Ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է Արգամ Աբրահամյանին, 30%-ը՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ Գարեգին Կարապետյանին, իսկ մնացած 30%-ը՝ արտաշատցի Գագիկ Մնացականյանին: Վերջինս նաեւ հանդիսանում է ընկերության տնօրենը:

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանն ու նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանը «Ջաս-Բետոն Շին» ՍՊԸ-ի հիմնադիրներից են եղել: 2006թ. նրանք դուրս են եկել ընկերությունից, եւ 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Հենրիկ Աբրահամյանի կինը՝ Ռուզաննա Հովսեփյանը: «Ջաս-Բետոն Շին» ՍՊԸ-ն զբաղվում է շինանյութերի արտադրությամբ:

«Մեծ Արմատ» ՍՊԸ-ն եւս շինարարական ընկերություն է եւ ամբողջությամբ պատկանում է Հենրիկ Աբրահամյանին: Հենց նա էլ հանդիսանում է ընկերության տնօրենը: «Մեծ Արմատը» արտադրում եւ վաճառում է շինկոնստրուկցիաներ: Ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:

«Էլզ-Նար» ՍՊԸ-ի սեփականատերը Հենրիկ Աբրահամյանի հարսն է` Դիանա Աբրահամյանը: Ընկերությունը զբաղվում է պարենային եւ ոչ պարենային ապրանքների վաճառքով, փաթեթավորմամբ, ինչպես նաեւ շինանյութի առեւտրով: Ընկերության խանութներից մեկը գտնվում է Հովիկ Աբրահամյանի կնոջ սուպերմարկետի անմիջական հարեւանությամբ` Մխչյան գյուղի սկզբնամասում:

«Սուն-Լուս» ՍՊԸ-ի 100%-ի սեփականատերը Գագիկ Պողոսյանն է: Վերջինս զբաղեցնում է նաեւ տնօրենի պաշտոնը: «Սուն-Լուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ.: Ընկերության իրավաբանական հասցեն Արարատի մարզի Նորաշեն գյուղում է, սակայն ոչ Նորաշենի համայնքապետ Արտուշ Սարգսյանը, ոչ էլ համայնքապետարանի այլ աշխատակիցներ չհիշեցին, որ իրենց գյուղում նման ընկերություն կա հաշվառված: Չհիշեցին նաեւ ՍՊԸ-ի հիմնադիր ու տնօրեն Գագիկ Պողոսյանին:

«Սուն-Լուս» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում գովազդային, հանրային սննդի, ինչպես նաեւ շինարարական իրերի արտադրության ոլորտներում:

Հենրիկ Աբրահամյանը` կենդանիների պաշտպան

Հենրիկ Աբրահամյանն ու կինը՝ Ռուզաննա Հովսեփյանը 
լուսանկարը վերցված է դստեր ֆեյսբուքյան էջից

««Յագուար» կենդանիների աշխարհ» ՍՊԸ պետռեգիստրում գրանցվել է որպես հազվադեպ եւ անհետացման եզրին կանգնած վայրի կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության, հաղթանշանային որսի կազմակերպման, էկոտուրիզմի եւ որստուրիզմի կազմակերպմամբ եւ նմանատիպ այլ գործունեությամբ զբաղվող ընկերություն: Այդ ընկերությունը հիմնադրվել է 2013թ. եւ ամբողջությամբ պատկանում է Հենրիկ Աբրահամյանին:

Ընկերության տնօրեն Գաբրիել Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընկերությունն առայժմ որեւէ գործունեություն չի ծավալում, սակայն իրենց ծրագրերի մեջ է մտնում հայ-ադրբեջանական սահմանագոտու վայրի կենդանիների պահպանությունը:

«Առայժմ այս ՍՊԸ-ն ոչ մի բանով չի զբաղվում, բայց առաջիկայում կենդանիների պաշտպանություն պիտի արվի, ուրիշ ոչ մի բան: Հայաստանում կան բեզուարյան այծ եւ վայրի ոչխար` մուֆլոն, դրանց պաշտպանությամբ ենք զբաղվելու: Ադրբեջանին կից տարածքներ պիտի վերցնենք, տարածքները պիտի ուսումնասիրենք, որ վարձակալությամբ վերցնենք կենդանիներին պահենք-պահպանենք»,-ասում է Գ. Պողոսյանը:

Կենդանիների պաշտպանությունը ««Յագուար» կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ի տնօրենը հետեւյալ կերպ բացատրեց. «Ադրբեջանում որսորդների կրակոցից կենդանիները գալիս են մեր կողմը: Պիտի մեր կողմում կրակոցներ չլինի, որ իրենք աճեն, բազմանան: Եթե այստեղ էլ կրակեն, նորից գնալու են Ադրբեջան»:

Թեեւ ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Հենրիկ Աբրահամյանին, սակայն Գաբրիել Պողոսյանը անհասկանալիորեն հերքեց վարչապետի եղբոր կապը իր ղեկավարած ընկերության հետ: 

Օտարերկրացիների հետ համատեղ բիզնեսներ 

Ի տարբերություն եղբոր, Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Ռեբեկա Աբրահամյանը, նոր է մուտք գործում բիզնես աշխարհ: Նա 2014թ. սեպտեմբերի 17-ին դարձել է օգոստոսին աշտարակցի Արման Միրզոյանի կողմից հիմված «Միթ Ինվեստ» ՍՊԸ-ի 25%-ի սեփականատերը: Նույն օրը ՍՊԸ-ի 25-ական տոկոսի սեփականատեր են դարձել նաեւ երկու վրացիներ՝  Լեւան Չիկովանին, ով հայտնի է չեխական «Wind Energy Investment s.r.o.» ընկերությունում, որպես գործադիր տնօրեն եւ 50%-ի սեփականատեր, ինչպես նաեւ Մինդիա Սաբանաձեն: Վերջինս ունի բազմաթիվ ընկերություններ: Վրացի մեր գործընկերները օգնել են պարզել, թե ինչ բիզնեսներ ունեն վերջիններս: 

«Եվրոպա-Բետ.ամ» ՍՊԸ-ն 2012թ. հիմնադրված հայ-վրացական ընկերություն է, որի բաժնեմասերի 20%-ը պատկանում է Արգամ Աբրահամյանին, 20%-ը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի որդուն՝ Սուրեն Այվազյանին, 10%-ը՝ ոմն Կարեն Մինասյանին, իսկ մնացած մասի 48%-ը պատկանում է վրացի Զաուր Յախաձեին եւ 2%-ը՝ Զազա Միքելաշվիլին Ընկերության տնօրենը երեւանաբնակ Գրիգոր Սահրադյանն է: 

«Գոլդեն ՄԿ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը Գագիկ Պողոսյանի հետ կիսում են մոսկվայաբնակ Միխայիլ Բեզրուկովը եւ առինջցի Ռուզաննա Ասուլյանը:

Գագիկ Պողոսյանը

Վերջիններս ընկերությունում ունեն 40-ական տոկոս բաժնեմաս, Գագիկ Պողոսյանը՝ 20%:

Միխայիլ Բեզրուկովը մոսկվացի գործարար է։ Դեռևս խորհրդային տարիներին եղել է սպորտի վարպետ, ԽՍՀՄ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 1992թ.-ից «Հոկեյա-ֆուտբոլային ակումբ «Россия» ՓԲԸ-ի  նախագահն է, 2000թ.-ից «Սոցիալական ադապտացիայի կենտրոն» հասարակական ֆոնդի տնօրենն է։

Բեզրուկովը իշխող «Единая Россия» կուսակցության Սոլնեչնոգորսկի բաժանմունքի նախագահն է։ Ռուսաստանյան մամուլի տեղեկություններով՝ Բեզրուկովը տեղական քրեական հեղինակություն է, ում հետ տեղի գործարարները «հաշվի են նստում»։

Նրան են պատկանում տասնյակ ընկերություններ՝առևտրի, անշարժ գույքի, ռեստորանային բիզնեսի, սպորտի և այլ ոլորտներում։ Դրանցից են՝ «Проминвест и К»ԲԲԸ-ն, «Уют-Т» ԲԲԸ-ն, «Царский Павильон»  ռեստորանային համալիրը և այլն։

Մենք քանիցս փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ ճշտելու, թե ինչ կապ կա նրա և հայաստանյան մի շարք ընկերությունների  հետ։ Սկզբում նա քաղաքում չէր, իսկ հետո նրա աշխատակիցները խնդրեցին հեռախոսահամար թողնել, սակայն մինչ օրս մենք զանգ չենք ստացել։

Վարչապետը եւ նրա մերձավորները չեն մեկնաբանում 

Հովիկ Աբրահամյանի հարազատների բիզնեսներն ու բաժնեմասերը՝ գրաֆիկում

2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում հայտնվել է Հովիկ Աբրահամյանի ազգականներին առնչվող ընդամենը չորս ընկերություն`«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն` 111-րդ տեղ՝ 856 մլն դրամ հարկերով, «Արտաշատի պահածոների գործարանը»՝ 135-րդ տեղ՝ 647 մլն դրամ վճարած հարկերով, «Մխչյան Ֆիշ Ֆուդը»՝ 406-րդ տեղ՝ 212 մլն 550 հազար դրամ եւ «Նավթի Գազ» ընկերությունը՝ 611-րդ տեղ՝ 126 մլն դրամ հարկով: Ստացվում է, որ վարչապետի ազգականների մյուս ընկերությունները 74 մլն դրամից ավելի քիչ հարկ են վճարել, քանի որ 1000-րդ տեղը զբաղեցրած ընկերությունը հենց այդքան հարկ է վճարել: 

Աբրահամյանների ու նրանց մերձավորների ունեցվածքն այսքանով չի սահմանափակվում: Նրանց են պատկանում Մխչյան համայնքում 53,24 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, Երեւան քաղաքում մոտ մեկ տասնյակ անշարժ գույք եւ այդքան էլ ավտոմեքենաներ:

Հարյուրավոր հեկտար խաղողի այգիներ Արտաշատում եւ հարեւան գյուղերում, գազալցակայաններ Երեւանի սահմաններից դուրս, Երեւանից դուրս եկող մայրուղիներում` խաղատներ, բենզալցակայաններ Հայաստանի ամբողջ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը ձեռք է բերվել 2007-ին 7 մլն դոլար արժեքով: Այդ մասին մի քանի անգամ գրել են լրատվամիջոցները, եւ վարչապետը չի հերքել այդ տեղեկությունը:  

Ինչպես նաեւ` Արտաշատի տրիկոտաժի եւ մեխանիկական գործարանները, ավտոպարկը, «Սիրիուս» գործարանի հարակից տարածքները, գաստրոնոմը, հյուրանոցը, Մխչյան գյուղի մեխանիկական գործարանը, գինու եւ բետոնի գործարանները, հանգստյան տուն եւ 5 հա հող Ծաղկաձորում, բնակարաններ Երեւանի Հանրապետության, Թումանյան եւ Տերյան փողոցներում, առանձնատուն Սեւանա լճի հարեւանությամբ, 2500քմ տարածք եւ առանձնատուն Երեւանի Հաղթանակ այգու հարեւանությամբ եւ այլն: Այս ցանկը սպառել հնարավոր չէ, քանի որ նշված անշարժ գույքի զգալի մասը գրանցված է այլ անձանց անուններով: 

Դեռեւս ԱԺ նախագահ եղած ժամանակ Հովիկ Աբրահամյանին գրություն էինք ուղարկել, որպեսզի պարզաբանի, թե որտեղից են կուտակվում հայտարարագրում նշված գումարները, եւ մի շարք ընկերություններ արդյո՞ք իրեն են պատկանում: Այն ժամանակ մեր հարցմանը չպատասխանեցին: Հովիկ Աբրահամյանը նույն վարքագիծը դրսեւորեց նաեւ վարչապետ եղած ժամանակ` մեր հարցումը թողնելով անպատասխան: 

Պարզաբանում ստանալ չի հաջողվում նաեւ վարչապետի որդուց՝ Արգամ Աբրահամյանից: Ինչպես տեղեկացրել ենք, Ա. Աբրահամյանը Երեւան քաղաքի Ամիրյան 4/7 հասցեում գտնվող «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերն ու տնօրենն է:  Զանգահարեցինք այդ հասցեում գտնվող եւ Աբրահամյանների հետ կապ ունեցող ընկերությունների ղեկավարներին, որպեսզի պարզենք «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ-ի հեռախոսահամարները: Բոլորն էլ նշում էին, որ այդ հասցեում «Իմպերիում Գրուպ» չկա: Նույն հասցեում գտնվող «Իմպերիում Պլազա» ՓԲԸ-ի փոխտնօրեն Անգին Սարգսյանը զարմացավ, որ այդ հասցեում նման ընկերություն կա գրանցված: 

Աբրահամյանների ազգական Գագիկ Պողոսյանից պարզաբանում ստանալ եւս չհաջողվեց: Նրա հեռախոսահամարը «գաղտնի» են պահում թե́ փեսա Ռոբերտ Գասպարյանը, թե́ Անգին Սարգսյանը՝ պատճառաբանելով, թե այն տրամադրելու իրավասություն չունեն: Գագիկ Պողոսյանի քրոջ պատգամավոր ամուսնուն՝ Ռոբերտ Գասպարյանին խնդրեցինք, որպեսզի Գագիկ Պողոսյանը կապ հաստատի մեզ հետ: Գագիկ Պողոսյանը զանգահարեց, բայց փակ համարից, սակայն ոչինչ չխոսեց:  

Հասարակության մեջ վարչապետ Հովիկ Աբրահանյանը հայտնի է «Մուկ» մականվամբ: Մեջբերենք «168 ժամ» թերթին տված հարցազրույցում վարչապետի բացատրությունն իր մականվան վերբերյալ. Իսկ Ձեզ չի՞ վիրավորումոր մամուլում բավականին հաճախ շրջանառվում է Ձեր մականունը։ 

- Գիտեք, ես ավելորդ բարդույթներ չունեմ եւ եթե որոշ լրատվամիջոցներ «մուկ» գրելիս հատուկ հաճույք են ստանում, ապա թող շարունակեն վայելել այդ հաճույքը։ Ինձ դա բնավ չի հուզում, եւ եթե հաշվարկն ինձ վիրավորելը կամ զայրացնելն է, ապա հաստատ սխալ հաշվարկ է։ Ի դեպ, ես որեւէ դատապարտելի բան չեմ տեսնում, որ մարդ մականուն ունենա։ Ավելի լավ է մանկական մականուն ունենալ, քան որոշ լրատվամիջոցների հովանավորների եւ տերերի նման՝ գործակալական կեղծանուն։ Ի վերջո, եթե ավելի լուրջ բան ունենային գրելու, լուրջ բան կգրեին։ Իսկ այդ մականունի պատմությունը դեռ մանկությունից է գալիս. հիշում եմ, մի անգամ մայրս Նոր տարվա համար կոնֆետներ էր պահել, որ դնի տոնական սեղանին, ու երբ բերեցին, պարզվեց, որ կոնֆետների կեսը չկա։ Տատս, իհարկե, հասկացավ, որ ես եմ կերել, ու կատակով ասաց, որ երեւի տանը մուկ կա։ Այդպես էլ ահա այդ մանկական մականունը, տատիս ձեռամբ, կպցրեցին ինձ։ 

Վարչապետը խոստովանել է, որ իրենից բան հնարավոր չէր թաքցնել, որովհետեւ ամեն տեղ մտնում եւ գտնում էր իր ուզածը՝ կոնֆետները: Այս սովորությունից նա չի հրաժարվել եւ շարունակում է ամենուր «փնտրել կոնֆետները»:  

Մեկնաբանություններ (11)

Kach Hovanessian
You guys are the best. Keep up the great work! serove, Kach
Ռուբեն
Քիչ առաջ 99 համարի գազել էի նստել (կանգնել): Պարզապես չի կարելի այդքան ստորացնել մարդկանց: «Գրիգորյաններ Տրանս սերվիս» ՍՊԸ, ձեր ցեղի երեխաներն էլ ուսանող ժամանակ Բանգլադեշից կենտրոն ձեր գազելներով թող գան, ուրիշ բան չունեմ ասելու: Այդ 100 դրամները որ վերցնում եք, չեք վայելելու, դեղ ու դարման եք առնելու: Անիծված լինեք:
armen
Սահմանում պատերազմ է գնում, իսկ սրանք կպած են իրենց փողերին... Թասիբով տղամարդը, գոնե սահմանում կանգնած զինվորին կփրկեր
ash
Աբրահանյանը վարչապետ նշանակվելով, եթե նկատեք ավելացան մարդկանց հափշտակումները, բռնությունները մարդկանց նկատմամբ, գաղտնի ծեծը, պատերազմի վետերանների խոշտանգումները Գոնե այդ տականք Տիգրան Սարգսյանի կեսի չափ լիներ հա...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս վարչապետի (ու իր խնամու) բիզնեսները այնքա՛ն շատ են,որ նույնիսկ հնարավոր չէ բոլորը կարդալ/հիշել: Բայց՝ Արցախի սահմանի պրիմիտիվ փշալարերից պահածոների ծակ տուփեր են (դեռ) կախված՝ որպեսզի հակառակորդից նախազգուշանան: Դրա՛ համար հակառակորդի դիվերսանտներն արդեն հայ զինվորների թիկունք (նույնիսկ զուգարան) են հասնում,որտեղ անզե՛նք զինվորներ են: Կամ՝ Տավուշի քան՞ի գյուղեր են ռմբակոծվում: Հովիկ Աբրահամյանի, Գ.Ծառուկյանի (կամ նման մյուսների) ՄԵԿ ԲԻԶՆԵՍԻ գումարով արդեն այս կարևո՛ր պրոբլեմը կարելի է (մասամբ) լուծել: Կամ՝ ի՞նչու այդքան շա՛տ գեներալ կա. ու ջիպերո՞ վ. այդ ի՞նչ փողով են գնում:
Գեւորգ
//ՍԵՐԸ հավասարների միջև է:// - Ապրի Վարազը! Փայլուն միտք է ասում այս անգամ: Բայց քիչ առաջ գնանք: Սրանից պարզ հետեւում է որ երջանկության համար հարկավոր է հավասարացնել! Հենց այդ էլ անում էին օրհնված կոմունիստները, իսկ ով լավ չեր հավասարվում՝ նրան էլ գետնին էին հավասարեցնում! Հիմա նրանց կարիքը նորից է զգացվում՝ դժբախտաբար: Դաժան սոցիալիզմը պարզապես անհրաժեշտ է արդեն, այլապես մեր հայ-հույաստանը շուտով կվերանա: Հարկավոր է ունեցվածքի անհապաղ ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ, պարոնայք հայրենասերներ: Հայաստանը այն երկիրը չէ որ իրեն այնպիսի շռայլություն թույլ տա ինչպիսին կապիտալի վայրի մրցակցությունն է՝ դրա համար այն խիստ սահմանափակ ու փոքրիկ է՝ մասշտաբներով ու ռեսուրսներով: Հենց այդ պատճառով էլ կապիտալի կուտակումն ու հանցագործ օլիգարխիայի վերջնական ձեւավորումը մեզ մոտ բացառիկ արագ ավարտվեց: Հիմա ժողովրդից խուզելու համարյա բան չի մնացել, ուրեմն կամ օլիգարխները իրար պիտի խժռեն, կամ քաղցածներն ու տկլորներն են պարտավոր նրանց խժռելու: Այսինքն նորից՝ ԵԼԻՐ ՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՆԻԾԵԼ Է! Այս տեսակետից Վարազի հետ պիտի համաձայնենք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ավելացնեմ նաև սա. հարգում են կա՛մ սիրուց, կա՛մ վախից (վերջինիս դեպքում հարգանքը ցուցադրական է,այլ ոչ ներքին): Ես չե՛մ կարծում,որ Հայաստանում որևէ օլիգարխ՝ հայ ազգին սիրելու՛ց դրդված, իր («արդար» աշխատած) ունեցվածքի գոնե մի մասը նվիրի ազգին կամ պետությանը: Դու հավատու՞մ ես: Քանի դեռ Հայաստանի ազգային հարստության 80-90%-ը 30 ընտանիքի ձեռքին է,իսկ երկրի կեսը աղքատ է, ՎԱԽՆ է թագավորը Հայաստանում: ՍԵՐԸ հավասարների միջև է:
ajam
Վարա Սյունու ասածը իմաստ ունի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վահագն(3) - Իրավունք ունես ունենալու գրածիս քո անձնակա՛ն մեկնաբանությունը: Գրել եմ այն,ինչ գրել եմ: Գրածիս մեկ այլ ապացույց էլ մարտի 1-ն է. հիմա Հայաստանում շատերը վախենու՛մ և չեն ցանկանում երկրորդ մարտի 1 (ու հրապարակավ անընդհատ սա են ասում): Ցանկացած զոհ աններելի ու տխուր է. սրանում ոչ մի կասկած: Բայց քա՞նի հայ է մահանում/սպանվում ճան.երթևեկությունում, մոսկվա-ներում, երևան-ներում, բանակում (խաղաղ պայմաններում), բանտերում... կամ թշնամու ձեռքով՝ պատմության ընթացքում:
Վահագն
Վարազ Սյունի, դու չարաչար սխալվում ես, որ քո գրածը հաճույքով չես գրում, և որ այն քեզ թվացել է տարօրինակ: Քեզ ամենևին էլ չվիրավորելու դրդպատճառը աչքիս առաջ ունենալով, ինչպես և այն, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, ուստի քո կարծիքի վերաբերյալ ասեմ, որ դա ուղղակի կոչ է, որքան էլ դու այն հերքես, որը քննադատության չի դիմանում: Ոնց հասկացա խելոք տղա ես, մեկ մեկ էլ ստացվում է՝ խելոք խելոք բաներ ես գրում, բայց հայի արյուն թափելս որն ա: Միթե Հոլանդիայում կամ քո հարազատ բնօրրանում քեզ սովորեցրել են վախից հարգել? Ուրեմն դու վախում ես, որ հարգում ես մյուս հային? Ողողեցիր քեզ: Քիչ արա, նման լյապեր են լինում արդյունքում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ձեզ մի բան ասեմ, որը հաճույքով չեմ գրում ու շատերին այն երևի տարօրինակ թվա. այս բոլորի խորքայի՛ն պատճառն այն է,որ հայ ժողովրդի պատմության մեջ մի կարգին ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ չի եղել. այսինքն՝ հայը հայի արյուն (մի լավ) չի թափել,որ հայը հայի՛ց վախենա ու հարգի հայի՛ն: Ես չե՛մ առաջարկում սա, բայց... մտածեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter