HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում 434 ծառ չի հատվի. նախատեսված նոր հէկը չի կառուցվի

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի` Ջերմուկում փոքր հէկ կառուցելու նախագծին: Փորձագետն անտառային հողերում փոքր հէկի կառուցումը համարել է ոչ նպատակահարմար: 

Ընկերությունը նորեկ է հէկերի բիզնեսում. հիմնադրվել է 2016 թվականի գարնանը` 31-ամյա Նարեկ Սերոբի Տոնոյանի կողմից: Նույն անձը փոքր հէկեր շահագործող մեկ այլ` «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջին ընկերությունը 2017-ից Արփա գետի Կենգեր վտակի վրա շահագործում է «Արփա-2» փհէկը, Արփա գետի վրա` «Արփա-3» փհէկը: «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի մեծ բաժնետերը, ինչպես արդեն գրել ենք, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է` Էդուարդ Հարությունյանը:

Այն նախատեսված էր կառուցել Արփա գետի աջակողմյա` անանուն վտակի վրա: Փոքր հէկի կառույցները տեղակայվելու էին Արփա գետի ավազանում, Ջերմուկ համայնքի հարակից տարածքներում: Հէկը պետք է ունենար 2,71 ՄՎտ դրվածքային հզորություն և արտադրեր տարեկան 6,69 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Համաձայն ներկայացված աշխատանքային նախագծի՝ հէկի գլխամասային հանգույցը գտնվելու էր Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի հարակից տարածքում, արգելավայրից 30 մ հեռավորության վրա, իսկ փհէկի շենքը` 1550 մ հեռավորության վրա:

Ճնշումային խողովակաշարն անցնելու էր անտառային հողերով: 1,4 հա մակերեսով անտառային գոտու տարածքում խողովակաշարի անցկացման համար նախատեսվում էր հատել 8 սմ և ավելի տրամագիծ ունեցող 124 ծառ, որից 80-ը` կաղնի, 27-ը` ուռենի, 15-ը` արոսենի, 1-ը` հացենի, 1-ը` սալորենի:

Նախատեսվում էր հատել նաև 2 սմ-ից մինչև 7 սմ տրամագիծ ունեցող 310 ծառ, այդ թվում` 253 կաղնի, 12 ակացիա, 4 բալենի, 15 ուռենի, 26 արոսենի և 56 գերամաստի թուփ:

ՇՄԱԳ հայտի փորձաքննության փուլում Ջերմուկում անցկացված հանրային քննարկմանը մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել փոքր հէկի կառուցմանը: Հիմնական մտահոգությունն այն է եղել, որ փհէկի կառուցումը և շահագործումը նշված գետահատվածում կարող է լրացուցիչ մեծացնել Արփա գետի ծանրաբեռնվածությունը փոքր հէկերով, քանի որ Արփայի վրա արդեն իսկ շահագործվում է 4 փոքր հէկ, ինչը կարող է հանգեցնել առկա բնապահպանական ռիսկերի աճի:

Փորձաքննության գործընթացին մասնակցել են Բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարություն) ստորաբաժանումները, Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: Ներկայացված կարծիքները հիմնականում եղել են բացասական, անտառային հողերում փոքր հէկի կառուցումը համարվել է ոչ նպատակահարմար:

Փորձաքննական հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի և կառավարության «Ջերմուկի ջրաբանական» և «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունը հաստատելու մասին որոշման` արգելվում է գետերի վրա արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման և չորացման համակարգերի, ինչպես նաև նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:

Բացի դրանից, կառավարության 2014թ. որոշմամբ հաստատվել է, որ «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի հենքի վրա ստեղծվելու է «Ջերմուկ» ազգային պարկ, որտեղ կմիավորվեն նաև «Ջերմուկի անտառային» և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերը, ինչը հնարավորություն կտա ապահովել Վայոց ձորի մարզի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը: Հետևաբար, հէկի կառուցումը բացասական ազդեցություն կունենա միկրոկլիմայի վրա, ինչը հետագայում կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանության համար:

Սա դեռ ամենը չէ. ընկերությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ սերվիտուտի պայմանագիր է կնքել 2017թ.` ծառերի և թփերի հատում չիրականացնելու պայմանով: Սակայն ընկերությունն այս պայմանը հաշվի չի առել և ներկայացրած նախագծային փաթեթում, ինչպես արդեն նշել ենք վերևում, նախատեսել է 434 ծառ հատել և 56 հատ թուփ:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter