HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորում անտառային տարածքները վարձակալել և սեփականաշնորհել են պաշտոնյաները

Ջերմուկի անտառտնտեսության տարածքում ավելի քան 450 հատ ծառ է հատվել հէկ կառուցելու համար: 300-ից ավելի կաղնի, ուռենի, տանձենի, սալորենի և կեչի: Հատված ծառերի փոխարեն պետք է 500 նորերը տնկվեին, ինչը մինչ օրս չի արվել, որովհետև հէկ կառուցողը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքն էր:  

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Հայստանի անտառային հողերի վարձակալություների պատմությունները: Նախորդիվ գրել էինք Սյունիքի մարզի վարձակալների մասին: Այս անգամ ներկայացնում ենք Վայոց ձորի մարզի անտառային հողերի վարձակալությունների պատմությունները, որոնք 4-ն են:

Վայոց ձորի անտառտնտեսությունից անտառային հող վարձակալել է «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն: Ընկերությանը 2.2 հա տարածք է տրվել 2007 թ. որպես սերվիտուտ փոքր հէկի համար: Դրա դիմաց «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն վճարում է 120 հազար դրամ տարեկան վարձավճար: 

«Ջինջ Արփա» ՍՊԸ-ի 80 տոկոս բաժնետերը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է՝ Էդուարդ Հարությունյանինը: 20 տոկոսը՝ Նաղաշ Հակոբյանինն է, ով, ինչպես արդեն գրել ենք,  աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում: 

Այս հէկի շինարարությունը, սակայն, նախաձեռնել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ընտանիքը, որին էլ պատկանել է ընկերությունը: Հետագայում այն վաճառել են Հարարությունյանի որդուն: 

Անտառային տարածքում ծառեր կտրելու և շինարարություն սկսելու համար նախկին գլխավոր դատախազն օգտվել է կառավարության արտոնություններից: Դեռևս 2006թ. Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր 0.1 հա անտառային և 0.4 գյուղնշանակության հողակտորները փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի: Դա հատուկ արվել էր հենց հէկ կառուցելու համար, քանի որ կառավարության այդ որոշման մեջ գրված է փոխադրման նպատակը՝ «հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար»: Այսինքն դեռ 2006 թ.-ին ծրագրվել էր Արփա գետի վրա հէկ կառուցել, սակայն դա իրագործվել է միայն 10 տարի անց՝ 2016 թ-ին: 

Համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն երկու հէկ է շահագործում՝ «Արփա 2» և «Արփա 3»: Առաջինը սնուցվում է Արփա գետի Կենգեր վտակից, երկրորդը՝ Արփա գետից: Փաստացի՝ նույն շենքում է արտադրվում երկու հէկերի էլեկտրաէներգիան, ջրի սնուցումը կատարվում է երկու տարբեր ջրավազաններից (պլատինա) և  առանձին խողովակներով: Կենգերի ջրավազանից սնվող խողովակը գետն ի վար ձգվում է 4.6 կմ, իսկ Արփայից սնվողը՝ 2,7 կմ:

 

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ստորագրած՝ հէկի փորձաքննության եզրակացության մեջ ամրագրված է, որ Ջերմուկի անտառտնտեսության տրամադրած տվյալների համաձայն, դերիվացիոն խողովակաշարի տարածքում հէկի կառուցման աշխատանքների ընթացքում կհատվի շուրջ 442 տարբեր ծառեր և թփեր՝ 317 հատ կաղնի, 75 հատ ուռենի, 6 հատ տանձենի, 7 հատ հացենի, 9 հատ սալորենի, 28 հատ կեչի: 

«Տվյալ բացասական ազդեցությունը մեղմացնելու և բուսածածկը վերականգնելու նպատակով կկատարվի ծառատունկ (500 ծառատեսակով): Ծառատունկը կիրականացվի փոքր հէկի շենքի և դերիվացիոն խողովակաշարի տարածքում: Պատվիրատուն կապահովի տնկիների խնամքը հետագա 4 տարիների ընթացքում»,- արձանագրված է 2014թ.-ին տրամադրված ԲՆ փորձաքննական եզրակացությամբ

Մեր այցելության օրը փորձեցինք գտնել տնկված ծառերը, որոնք, պարզվեց, դեռ չեն տնկվել:  Մեզ ուղեկցող անտառտնտեսության աշխատակիցը հաստատեց, որ ծառերը չեն տնկվել: Անտառտնտեսության ղեկավար Մուրադ Հարությունյանն էլ հայնտեց, որ նոր են տեղազզնում իրականացրել, տարածք են տրամադրել տնկումների համար, չնայած արդեն երկու տարուց ավելի է` հէկը գործում է: 

«Ջինջ Արփա» ՍՊԸ-ի հէկի գլխամասային շենքը գտնվում է Ջերմուկի վարչական տարածքում:  Ջերմուկի քաղաքապետարանից պարզեցինք, որ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի հեկի շենքի հասցեն է՝ ք.Ջերմուկ, Հյուսիսային փ. 16: Համայնքի բյուջե վճարվում է տարեկան 13 հազար դրամ գույքահարկ: «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի Արփա 3 հէկի շենքը և շենքի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը: 

 

Այսինքն` Ջերմուկի անտառտնտեսության մեջ շենքի հողատարածքն այժմ սեփականաշնորված է, և որպես անկլավ մնացել է անտառտնտեսության տարածքում, հանձնվել Ջերմուկ համայնքին: 

Այդ տարածքներից ոչ հեռու ևս մեկ հէկ կառուցելու հավակնություններ ունեն նույն անձինք: Մեկ այլ ընկերության՝  «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ով նրանք փորձել են թույլտվություններ ստանալ: 2017 թ.-ին անտառային հողերից, կրկին սերվիտուտի համար, այս ընկերությանը  մինչև 2042 թ. վարձակալության է տրվել 1.4 հա տարածք, որի դիմաց սահմանվել է տարեկան 480 հազար դրամ վարձավճար: Այս ՍՊԸ-ն փոխկապակցված է «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի հետ, քանի որ առաջինի տնօրենը «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է: Հէկ-ը չի ստացել  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացությունը, քանի որ այս տարվա հունվարին հանրային քննարկումներին բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տվել:  «Հետք»-ը նախորդ տարի գրել է այս հեկի կառուցման ծրագրի մասին: Այս հեկի համար ջուր պետք է վերցվի Արփա գետին միացող անանուն վտակից, իսկ հէկի շենքը կառուցվելու է Ջերմուկի նախկին ձկնաբուծարանների հարակից տարածքում:

Ջերմուկի անտառտնտեսության երրորդ վարձակալը «Արսքար» ՍՊԸ-ն է: 2017 թ.-ին անտառային տարածքից 1,48 հա տարածք մինչև 2066թ-ը տրվել է վարձակալության ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին և 2-րդ տեղամասերի շահագործման համար: 1.48 հա-ի համար վճարվում է տարեկան 420 հազար դրամ: Սև և կարմիր ավազ է արդյունահանվում այս տարածքներից: 

«Արսքար» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբորը` Անաստաս Արսենյանին: Հանքավայրը գտնվում է Ջերմուկ քաղաքից 2.5 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի վերին հոսանքում` ողողահունի աջափնյա մասում: Բուն հանքավայրի տարածքը ներառված է Թեքսարի լեռներում, որոնք կազմում են Արփա գետի և նրա աջ վտակ Եղեգիսի ջըրբաժանը:

Վայոց ձորի մարզի անտառային հողերի խոշոր վարձակալը «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ՀՁ ՍՊԸ-ն է: 2004 թ.-ին 2895 հա տարածք՝ Եղեգիսի կիրճից 2400 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է ընկերությանը կառավարության որոշմամբ: Նպատակը՝ կենդանիների վերարտադրությունն է, էկոտուրիզմ և որսորդական տուրիզմը: Ընկերությունը նույն տարում հիմնադրել է այդ ժամանակ ԱԺ պատգամավոր (2003-2007թթ), այնուհետև Վայոց ձորի մարզպետ (2007-2010թթ.) նշանակված Վարդգես Մաթևոսյանը, ով սրտի կաթվածից մահացավ 2010թ.: Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր: Մարզպետի մահից հետո նրա ընկերության բաժնեմասն անցել է ընտանիքին՝ կնոջը՝ Անահիտ Հակոբյանին 62,5 %, որդիներին և դստերը՝ Արմեն, Արսեն և Նելլի Մաթևոսյաններին՝ հավասարապես 12,5-ական %: Ընկերության տնօրենը Արսեն Մաթևոսյանն է: «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ՀՁ ՍՊԸ-ին «Հետք»-ն անդրադարձել է 2008-ին, երբ վերջինս բեզոարյան այծերի որսեր էր կազմակերպում: 

Կառավարության նույն որոշմամբ ընկերությանը թույլատրվել է նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական (հաղթանշանային) որս, այդ թվում՝ 

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի հետ գիտական համագործակցության շրջանակներում նախատեսված տարածքներում համալիր գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որսալ 8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչների հետևյալ տեսակները` բեզոարյան այծ` մինչև 5 կենդանի, հայկական մուֆլոն` մինչև 5 կենդանի, արջ` մինչև 2 կենդանի: 

Վայոց ձորի անտառտնտեսության աշխատակիցները, սակայն, ասում են, որ տարածքում այլևս ոչինչ չի կատարվում: Մինչդեռ համացանցում պարբերաբար այդ տարածքներում որսի տեսանյութեր և տեղեկություններ են հայտնվել: Բնապահպանության նախարարությունը, դրանց անդրադառնալիս, նշել է, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ -ն ըստ կարգի վերոհիշյալ տարիների ընթացքում լրացրել է կենդանիների հաշվառման ամենամյա մատյանները, ինչը պարբերաբար ստուգվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության մոնիթորինգների ժամանակ: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ ընկերության հաշվետվության, տարածքում առկա է եղել մի քանի տասնյակ երկրորդ սերնդի բեզոարյան այծ և մուֆլոն, ինչը թույլ է տալիս ընկերությանը իրականացնել երկրորդ սերնդի կենսունակ առանձնյակների որս: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter