HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ պահանջելով էթիկայի հանձնաժողովի ձևավորում

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից առերևույթ էթիկայի խախտումները քննելու համար հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության օրը՝ մարտի 3-ին, պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Ռուբեն Վարդազարյանին, ասել էր.

«Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, մեկ էլ ասեմ՝ եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում…»:

ԲԴԽ նախագահն ԱԺ նախագահին ուղղված դիմումի տեքստում ընդգծել է, որ պատգամավորը իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ է արել, ուստի դիմում է խորհրդարանի նախագահին՝ էթիկայի կանոնների խախտման փաստը քննարկելու և հանձնաժողով ստեղծելու գործընթացի պահանջով:

ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ դիմումն արդեն մուտքագրվել է, թե ոչ, ապա ընդգծեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ դիմումը մուտքագրվելուց հետո նախագահը կդիմի խմբակցություններին վերջիններիս դիրքորոշմանը ծանոթանալու համար:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», այս պահին որոշում չունեն վերոնշյալ հարցի վերաբերյալ, խմբակցությունների պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Արման Աբովյանն ասացին, որ հարցը խմբակցությունում դեռ չեն քննարկել:

Իշխող խմբակցության թե՛ ղեկավար Լիլիթ Մակունցը, թե՛ քարտուղար Հակոբ Սիմիդյանը հեռախոսազանգերին չպատասխանեցին: Պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter