Դատախազությունը «ՅՈւՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ տվյալներ չունի
«ՅՈւՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգի՝ հօգուտ Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի լրտեսություն կատարելու վերաբերյալ տվյալներ դատախազությունը չունի, և նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը Հայաստանի Կառավարության որոշմամբ դադարեցվել է, Հայաստանի իշխանությունները նրան հայտարարել են պերսոնա նոն գրատա, այսինքն՝ անցանկալի անձ՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու համար։
Դատախազությունն այժմ ուսումնասիրում է այս հրապարակումները։ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե հրապարակման հեղինակները տիրապետում են որոշակիություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին։
Լրտեսությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքով՝ քրեական գործի առկայության դեպքում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները։
«ՅՈւՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնավարումը դադարեցնելու մասին տեղեկությունն այսօր հաստատել է նաև Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ շատ մանրամասներ չհայտնելով։
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,- ասել է Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ «ՅՈւՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտվել նաև 2020 թվականի պատերազմի օրերին։ Մի շարք հասարակական գործիչներ բարձրաձայնում էին այն մասին, որ պատերազմի ժամանակ խախտվում էին խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների իրավունքները, սակայն «ՅՈւՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակը լռում էր։ Տևական ժամանակ այս հարցի բարձրաձայնումից հետո միայն «ՅՈւՆԻՍԵՖ»-ը հայտարարություն տարածեց, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։
Լուսանկարը՝ «ՅՈւՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել