HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչու են լռում ՄԱԿ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան կառույցները

Օրեր առաջ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչ Էդվարդ Կարվարդինն այցելել են Գյանջյա քաղաք՝ ծանոթանալու պատերազմի հետևանքով այնտեղ տիրող իրավիճակին։ Պաշտոնյաները մտահոգություն են հայտնել քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքներին հասցված վնասների առնչությամբ և իրենց օգնությունն առաջարկել։

Մինչդեռ Արցախում և Հայաստանում խաղաղ բնակավայրերին հասցված վնասների, մահացած և վիրավորված քաղաքացիական անձանց կապակցությամբ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մինչ այսօր չեն արտահայտվել։ Միայն այսօր առավոտյան՝ հանրային ճնշման ներքո, նրանք հաղորդագրություն տարածեցին՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ծանր վիրավորում ստացած 14-ամյա տղայի դեպքին։

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրեց, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ»։ Նա ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների և տուժածների համար։ Գուլամ Իսակզային կրկին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ «ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել մարդասիրական կարիքներին, եթե պահանջվի»,-նշել էր Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային։

Արդեն երկու օր է սոցիալական ցանցերի հայ օգտատերերը գրառումներով ՄԱԿ-ի և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին իրենց մտահոգությունն են ներկայացնում կազմակերպության ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչների՝ Գյանջա այցի վերաբերյալ։ Նրանք պահանջում են համարժեք արձագանք Հայաստանի և Արցախի բնակավայրերում սպանված և տուժած բնակիչների, երեխաների վիճակի առնչությամբ։

Միայն այսօր Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը գրառում կատարեց. «Մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, վշտացած ենք Հայաստանի Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով: Խորը ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժածներին և կրկնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է հումանիտար իրավունքի պահպանմամբ և կրակի դադարեցմամբ պաշտպանենք խաղաղ բնակչությանը»:

«Հետքը» երեկ դիմել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել իրենց լռությունը այն պայմաններում, երբ Հայաստանում եւ Արցախում թիրախավորվում են խաղաղ բնակիչները։ Սակայն, մինչ այժմ գրասենյակից որեւէ մեկնաբանություն չենք ստացել։

Ադրբեջանական եւ հայկական ՅՈՒՆԻՍԵՖ-ների արձագանքը պատերազմական իրավիճակին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչ Էդվարդ Կարվարդինը Գյանջա այցի մասին հաղորդագրություն տարածեց հոկտեմբերի 13-ին։

«Երեկ Գյանջա կատարած իմ այցի ժամանակ անձամբ տեսա երեխաների իրավիճակը: Ես տխրությամբ լսեցի  հաղորդումներն այն մասին, որ հանգստյան օրերին ավելի շատ երեխաներ են վիրավորվել և ցավակցում եմ տուժածներին»,-հայտնել էր Էդվարդ Կարվարդինը։

Նա այցի ժամանակ հիշեցրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրատապ կոչը խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության մասին և ընդգծել, որ ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր երեխաների շահերից է բխում:

Էդվարդ Կարվարդինն այցի ժամանակ զրուցել է նաև Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ առաջարկելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը երեխաներին և ընտանիքներին, հատկապես հոգեբանական տրավմաներին արձագանքելու և երեխաներին չպայթած ականանետերից ապահով պահելու հարցում։ Նրանք պայմանավորվել են շտապ իրականացնել այդ օգնությունը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից երեկ «Հետքին» հայտնեցին, որ իրենք տեղյակ են հայաստանյան հանրության մտահոգություններից և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում, սակայն այս պահին որևէ մեկնաբանություն չեն կարող տալ։

Սակայն հանրային ճնշման ներքո այսօր առավոտյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հաղորդագրությույն տարածեց՝ հայտնելով. «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»։

Գրասենյակը նշել է, որ աշխատում են իրենց գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter