HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատման որոշումը կվիճարկի Վարչական դատարանում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվել է պաշտոնից։ 

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձում նշված է հետևյալը․

«10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման։

Հարգանքով՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան»։

***

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը՝ որոշելով դիմել Սահմանադրական դատարան։ Մարտի 10-ի առավոտյան էլ կառավարության պաշտոնական կայքում հրապարկվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter