
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի հայցադիմումը
Վարչական դատարանը վարույթ է ընդունել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցադիմումը։ Վերջինս փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Այժմ Խաչատրյանը վիճարկում է իր պաշտոնից ազատման որոշումը։
«TK & Partners իրավաբանական ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Վարչական դատարանն այսօր մեր հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին ժամը 11-ին: Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»,- ասվում է Տիրան Խաչատրյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերության հայտարարությունում:
Հիշեցնենք նաև, որ այսօր իր պաշտոնից ազատման հարցը Վարչական դատարանում վիճարկելու մասին հայտնել էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որը, ըստ կառավարության տարածած հայտարարության, իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մեկնաբանել