
«Լուսավոր Հայաստանը» ընդունել է նախագահի հրավերը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունել է Հանրապետության նախագահի հրավերը և պատրաստ է քննարկման:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, Հանուն հայրենիքի փրկության շարժման ներկայացուցչին մարտի 13-ին հրավիրել է քննարկման:
«Ողջամիտ է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են իրավիճակը հանգուցալուծվի, պատրաստակամ լինեն ընդունելու նման հրավերներ: Նախագահի հրավերը նշանակում է մի բան` նստել սեղանի շուրջ և քննարկել իրավիճակը: Այն շատ կառուցողական նախաձեռնություն է, և մենք ընդունել ենք այդ հրավերը»,-ասաց Սամսոնյանը:
Պատգամավորի խոսքով` նախագահն իր քայլն է արել, այժմ գնդակը բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ վարչապետի դաշտում է: Ըստ նրա` այդ հանդիպումը լավ ձևաչափ է տարբեր հարցեր պարզաբանելու համար:
Սամսոնյանը հիշեցրեց` «Լուսավոր Հայաստանի» հիմնական օրակարգն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
«Իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ՝ մարդկանց խաբելով, որ կարող է գնալ այդ քայլին և անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդառաջի: Մենք ընդառաջ եկանք, ասեցինք, թե որ դեպքում կարող ենք դա անել, բայց եթե իշխանությունը քաղաքական կամք ունենար, մենք արդեն կլինեինք մի վիճակում, երբ վարչապետը հրաժարական տված կլիներ»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` եթե վարչապետը մտադիր լիներ գնալ արտահերթ ընտրությունների, ապա առանց որևէ նախապայմանի հրաժարական կներկայացներ, սակայն վերջինս ընդդիմադիրների առջև նախապայմաններ է դնում:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը խմբակցությունն իրավիճակի հանգուցալուծում չի համարում, ըստ խորհրդարանական երրորդ խմբակցության` հանգուցալուծում կլիներ այն ժամանակ, երբ վարչապետը հանգիստ թողներ Օնիկ Գասպարյանին, ու վերջինս շարունակեր գլխավորել ԳՇ-ն:
«Արտահերթ ընտրություններն այն կարմիր գիծն է, որ պիտի քաշենք երկիրը զարգացման ռելսերի վրա դնելու համար, հակառակ դեպքում ոչինչ տեղից չի շարժվի: Եթե ես ինքս իմանամ, որ մյուս խորհրդարանում պատգամավոր չեմ լինելու, ինձ համար որևէ նշանակություն չունի, կարևորը` երկիրն այս վիճակից հանենք»,-ասաց Սամսոնյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց` վարչապետի հետ հանդիպելու, նախկին բանակցությունները շարունակելու որևէ իմաստ չեն տեսնում: Ըստ նրա` վարչապետը չունի քաղաքական կամք համատեղ օրակարգի շուրջ բանակցելու և այն կյանքի կոչելու, ուստի որևէ իմաստ չկա երկխոսելու:
Պատգամավորի խոսքով` իրենք հստակ ժամկետներ էին նշել, որ վարչապետը մարտի 8-ին հրաժարականի դիմում ներկայացնի, և առաջիկայում լինեն ընտրություններ, սակայն իրենք համոզվեցին, որ վարչապետը «կարևոր խնդիրները թողած՝ ընկել է ինչ-որ անձանց հետևից»:
«Դա նշանակում է, որ այս մարդը չի ուզում լուծել հարցը, արտահերթ ընտրություններ չի ուզում»,-եզրափակեց Անի Սամոնյանը:
Մեկնաբանել