HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը բավարարել է «Յանս»-ի նախկին հաշվապահի բողոքը՝ Վաչագան Ղազարյանի և կնոջ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր բավարարել է «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի բողոքը՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի, «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանի վերաբերյալ գործը կարճելու, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արիստակեսյանի ներկայացուցիչ Թամարա Բաղդասարյանը։

2018 թվականին Սուսաննա Արիստակեսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ 2012-ից 2017 թվականներին աշխատել է Վաչագան Ղազարյանին և Ռուզաննա Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող «Սելենա» ՍՊԸ-ում՝ («Յանս»-ում)` որպես հաշվապահ, և ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը Վաչագան Ղազայանի և Ռուզաննա Բեգլարյանի պահանջով իր հարազատներից շորթմամբ ստացել է 40 մլն դրամ գումար։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն 2020 թվականի հունվարին որոշում է կայացվել քրեական գործը կարճելու, Արիստակեսյանի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Որոշումը Արիստակեսյանը բողոքարկել է դատարան։

Այս ամենը նախապատմություն ունի։

2017 թվականին Սերգեյ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Սուսաննա Արիստակեսյանն, ով այդ ժամանակ աշխատում էր «Յանս»-ում, 25 մլն դրամի վնաս է պատճառել կազմակերպությանը։ Հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու մեջ, նա կալանավորվել է։ Արիստակեսյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ ընկերությունում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերվելուց հետո Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ զրույց է ունեցել, և վերջինս իրենից պահանջել է 40 մլն դրամ գումար։

Ամիսներ անց, երբ Արիստակեսյանը կալանավորված է եղել, վերջինիս հարազատները 40 մլն դրամ գումար են տվել «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանին՝ համապատասխան ստացականով, և նա վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ Արիստակեսյանից ֆինանսական պահանջ չունի։ Արիստակեսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նշենք, որ վերը նշված ստացականը հայտնաբերվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վաչագան Ղազարյանի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում։

Արիստակեսյանի վերաբերյալ գործը դեռևս քննվում է, ու թեև նա մեղադրվում է 25 մլն դրամ գումար յուրացնելու մեջ՝ Վաչագան Ղազարյանի և մյուսների գործը կարճած քննիչը որևէ խնդիր չի տեսել նրանում, որ Արիստակեսյանի հարազատները 40 մլն դրամ, այսինքն՝ նրան վերագրվող արարքից 15 մլն դրամ ավելի գումար են վճարել՝ որպես ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում։

Դատավոր Դավիթ Բալայանի որոշումը, որով արձանագրվել է Արիստակեսյանի իրավունքի խախտումը, ենթադրում է, որ գործի քննությունը պետք է շարունակվի։

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter