
2021-ի հնարավոր մշակույթի մասին
Նանոր Պետրոսյան, «Թեք տեղ» թատրոն
Նորից հոդվածը պետք է սկսեմ նույն խոսքերով՝ անշուշտ դժվար է խոսել մշակույթի, նրա կառավարման և քաղաքականության մասին՝ ստեղծված իրավիճակում, բայց անելու եմ։ Քանի որ գտնում եմ, որ հետպատերազմյան և կովիդյան Հայաստանում կարևոր է մշակույթի դերը, և ընդհանրապես ռեսուրսների ճիշտ կառավարումը։
Ու նորից խոսելու եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կառավարման և քաղաքականության, իմ կարծիքով, ոչ ճիշտ ձևից՝ հանդես գալով նոր առաջարկությամբ։ Չնայած այն նոր չէ, թատերագետ Արա Նեդոլյանը և ես հեղափոխությունից հետո առաջարկներով դիմել էինք նախարարությանը, որի կետերից մեկը այս էր։
Ի փառս Հայաստանի Հանրապետության, ուզում եմ նշել՝ թեկուզ և ոչ հարուստ, թեկուզ և վիրավոր, թեկուզ և անհանգիստ քաղաքական հոսքերով, կառավարությունը վճարել և վճարում է ամենամսյա պետական աշխատավարձերը առանց ընդհատումների։ Հատկապես թատրոնների դեպքում կարևոր է այս մասին խոսել, որովհետև երկար ժամանակ ընդհանրապես արգելված էր իրենց աշխատելը՝ ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման միջոցառումների պատճառով: Էլ ավելի բացառիկ երևույթ էր այն, որ ԿԳՍՄՆ-ն ամռանը հայտարարեց անկախ արվեստագետների համար դրամաշնորհային մրցույթ՝ ԿՈՎԻԴ-19-ից որպես տուժած կողմ ճանաչելով։ Սա առանձին գովեստի արժանի քայլ էր ոչ միայն կովիդյան Հայաստանում, այլ ընդհանրապես նման ներառական քայլ երբևէ չէր արվել։ Աշխարհում այլ է պատկերը։ Մշակութային օջախները, գործիչները կանգ են առել փակվելու կամ շարունակ պարտքեր կուտակելու ընտրության առաջ։
Երևի շատերը, հատկապես թատրոնի աշխատողները, կվրդովվեն իմ խոսքերից, որովհետև կարծում են պետությունը պարտավոր է վճարել աշխատավարձերը՝ անկախ տարված աշխատանքի քանակից և որակից։ Մեր թատրոնների համակարգային և կառուցվածքային խնդիրների մասին, որը ժառանգել ենք խորհրդային տարիներից, հիմա չեմ գրի։ Համարում եմ այն ոչ արդյունավետ, ստեղծագործողին ճահճացնող և արվեստի զարգացմանը չխթանող ձևաչափ։
Հիմա գանք «էսօրվան»․․․ Մարտի 3-ին, մի քիչ ուշացած (հունվար ամսվա փոխարեն) հայտարարվել է այս տարվա առաջին դրամաշնորհային մրցույթի մասին։ Դրամաշնորհային ընթացակարգային թերությունների, անհիմն գումարային քաշքշոցների մասին ես գրել եմ մեկ անգամ, որևէ փոփոխություն չկա այս մեկի պահանջների և անցկացման ձևի միջև, չնայած երկու տարի է անցել, և կարելի էր որոշ փոփոխությունների ենթարկել՝ ոչ անպայման ըստ իմ պահանջների, անշուշտ։
Նորից վերադառնանք «էսօրվան»․ արդյոք այսօրվա Հայաստանում պե՞տք է նույն ծանրաքարշ մեթոդներով, նույն սկզբունքներով և պահանջներով հայտարարել մրցույթ։ Ենթադրում եմ՝ բյուջեն ավելի սուղ է, քան՝ նախկինում, ուստի թատրոնները դժգոհ կմնան և՛ տրվող գումարի չափսից և՛ ընտրությունից։
Կարծում եմ, որ պետք է փոխվեր ընթացակարգը և էլ ավելի ճկուն, էլ ավելի թեթեւ ձևաչափ մտածեին տվյալ իրավիճակին արագ արձագանքման համար։ Իմ առաջարկն է երիտասարդության և անհատների ակտիվ ներգրավումը հիմնարկ-թատրոններում։
Գաղտնիք չէ, որ սերնդափոխությունը և խմբի մեջ նոր անդամների ներգրավումը ամենացավոտ կետերից է ոչ միայն թատրոնում։ Երիտասարդների, ինչպես նաև անհատի ներմուծումը, ներգրավումը տեղի է ունենում շատ դանդաղ և ընտրովի, քանի դեռ որևէ ձևաչափ չկա, թե ինչպես պետք է կատարվի նման փոփոխություններ։
Հիմա հարմար առիթ էր երիտասարդ ռեժիսորների՝ մինչև 35 տարեկան, ինչպես նաև անհատ արվեստագետների համար անցկացնել դրամաշնոհրային մրցույթ։ Հաղթողներին հատկացնել, ասենք՝ 15-20 հոգու, 1-1,5 միլիոն դրամ, որը կլինի նրանց ապրուստը (այլ քաղաքներ գործուղումներ անելու համար) և աշխատավարձը։ Այդ գումարով նրանք պարտավորվում են բեմադրել մեկ «թեթև»՝ քիչ դեկորով, առանց ճոխ բեմական հագուստների ներկայացում։ Թատրոնը պարտավոր է տրամադրել տարածք, աշխատակազմ՝ ներկայացման իրականացման համար։ Թատրոնի կողմից ծախսերը արդեն իսկ պետությունը վճարում է, իսկ մնացած ծախսերը պետք է համակարգի դիմորդը, ասենք՝ հագուստի կամ իր դերասանի, նկարչի աշխատավարձը։
Ասեմ նաև, որ այդ 15-20 ներկայացումը, որը կարժենար 15-20 միլիոն դրամ, գրեթե մեկ կամ երկու ներկայացման գումար է պետական թատրոնների համար։
Նման քայլը հա՛մ բազմազանություն կմտցներ թատրոնների խաղացանկում, շրջանառություն կմտցներ կարծրացած թատրոնների աշխատակազմում՝ այլազան ներկայացումներով, ինչպես նաև՝ կոգևորեր արվեստագետներին և երիտասարդներին նախաձեռնողականություն ցուցաբերելու համար և համագործակցության նոր հորիզոններ կբացեր։
Կարդացե՛ք նաև՝ Կենտրոնը և ապակենտրոնը մշակույթում
Մեկնաբանել