HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կապիտան Հայրյանը զոհվեց Շուշիում, մեկ ամիս անց ծնվեց նրա երկրորդ որդին

Երբ պատերազմի ժամանակ Մարտակերտի անտառներում հանդիպեցինք Մաղավուզ գյուղի բնակիչներին, նրանց թվում էին Արմենուհին ու Արտյուշան․ հպարտությամբ պատմում էին իրենց երկու որդիների՝ Արամի ու Անդրանիկի մասին, ովքեր ռազմաճակատում էին։ Արտյուշան այդ օրն ասաց՝ գրե՛ք, որ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա։

Էրեբունի հիվանդանոցում 2020-ի դեկտեմբերի 25-ին լույս աշխարհ եկավ Արեգը՝ Անդրանիկի երկրորդ որդին։ Կապիտան Անդրանիկ Հայրյանը նոյեմբերի 5-ի, լույս 6-ի գիշերը զոհվեց Շուշիում՝ այդպես էլ չտեսնելով Արեգին։

«Ուսանողական տարիներին միասին գնացել էինք պալիգոն՝ կրակելու, մեկ տարվա ծանոթներ էինք․ հետո մի օր հրավիրեց սուրճ խմելու, ու արդեն 10 տարի միասին ենք»,- պատմում է Աշխենը՝ Անդրանիկի կինը։ Նա չի կարողանում ամուսնու մասին խոսել անցյալ ժամանակով։

Երիտասարդ զույգը տեղափոխվել էր Ջաբրայիլ, որտեղ, 2016-ի ապրիլյան պատերազմում վիրավորվելուց և լեյտենանտի զինվորական կոչում ստանալուց հետո, ծառայության էր անցել Անդրանիկը։ Նրանց ավագ որդին՝ Արտյոմը, ծնվել է այնտեղ, երկու տարի անց տեղափոխվել են Մարտակերտ՝ ավելի մոտ Անդրանիկի հայրական տանը՝ Մաղավուզին։

«Պատերազմի ժամանակ ամեն օր զանգում էր, միայն մեկ օր չէր զանգել, տեղս չէի գտնում,- պատմում է Աշխենը,- զոհվելու օրն էլ ենք խոսել, հետո կապը կորավ, սկզբում կարծում էի՝ նախորդ անգամվա պես, երևի, հարմար չի եղել, որ զանգի, բայց․․․»։

Միայն մի քանի օր անց էր պարզվել Անդրանիկի գտնվելու վայրը․ ոչ ոք չգիտեր, որ նա Շուշիում էր, նույնիսկ ավագ եղբայրը։

«Թևատակի հատվածը բաց ա եղել, էդտեղից էլ դիպուկահարի մահացու վիրավորումը ստացել ա։ Եթե այլ զրահաբաճկոն լիներ, միգուցե կենդանի մնար,- արցունքները սրբելով՝ պատմում է Աշխենը,- մեքենան պայթեցրել են, բայց դուրս է եկել, կռվել են։ Ինքը կարող էր չգնալ էդտեղ։ Ուղղակի ցանկություն է հայտնել օգնելու, գնացել է Շուշի։ Սկսած Ջաբրայիլից՝ բոլոր թեժ կետերում եղել ա։ Բայց մենք չգիտեինք այդ մասին։ Որ հարցնում էի՝ ո՞նց ես, ասում էր՝ լավ եմ, կարևորը դուք լավ լինեք։ Բայց գիտեր, չէ՞, որ մեր լավ լինելն իր լավ լինելուց ա կախված․․․Արտյոմին դեռ չեմ ասել, երևի ժամանակի ընթացքում կհասկանամ, թե երբ է հարմար ասել»։

«Ասում էր` երբ աղջիկ ունենամ, անունը Արև եմ դնելու, հետո որ իմացավ տղա են ունենալու, ասաց՝ Արեգն էլ ա նշանակում արև, մամա, Արեգ ենք դնելու,- պատմում է Արմենուհին,- կյանքը նենց եղավ, որ ինքը չտեսավ իր Արեգին։ Արեգը ծնվեց, երբ իր հորը տվեցին «Մարտական խաչ», երկրորդ աստիճան։ Երկու տղա ունի Անդոս, պետք ա ապրենք հանուն էրեխեքի, հանուն իրա չկարողացանք, բայց հանուն էրեխեքի պետք ա ապրենք, հենց ստեղ՝ Ղարաբաղում, որ մեր էրեխեքը հպարտ կարողանան իրենց ոտքը հողի վրա քայլեն, հողը չգնա ոտքերի տակից, որ իրենց թափած արյունը արդյունք ունենա»։

Մինչև ֆոսոֆորային զենքի կիրառումը Անդրանիկի ծնողները համագյուղացիների հետ մնացել են Մարտակերտի անտառներում։ Արմենուհին վստահ է, որ այդպիսով նրանք ոգևորում էին մարդկանց՝ և' գյուղացիներին, և' զինվորներին։ Կռվի ժամանակ Անդրանիկը երբեմն կարճ ժամանակով այցելում էր նրանց։ Այցերից մեկի ժամանակ մայրը որդուն վզնոցով խաչն է տալիս, որն ապրիլյան քառօրյայի ժամանակ նույնպես իր հետ էր՝ մաղթելով, որ Աստված պահապան լինի։

«Այդ դաժան լուրը լսելուց հետո, երբ չես ուզում հավատաս, բերեցին էս խաչն ու ցեպը տվեցին։ Նրանք չորսով հավերժացան Շուշիում, մեզ թողեցին միայն հպարտություն ու մի դառը կսկիծ սրտներումս»,- ասում է Արմենուհին։

Կապիտան Անդրանիկ Հայրյանը Շուշիում զոհված զինակիցների հետ հանգչում է Եռաբլուրում։

Արմենուհին ու Արտյուշան այժմ էլ բնակվում են Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, որի դպրոցի դասարաններից մեկը վերանվանվել է Անդրանիկի անունով։

Մարտակերտի ծառայողական բնակարանը, որտեղ բնակվում էր Անդրանիկն ընտանիքի հետ, այժմ հանձնվել է այլ զինվորականի։

Աշխենը Արտյոմի և նորածին Արեգի հետ ժամանակավորապես բնակվում է Երևանում, մայրական տանը՝ մոր և քրոջ ընտանիքի հետ։

«Կարծես չեմ ապրում, իմ կյանքը մնացել ա այնտեղ՝ Արցախում, ամեն վայրկյան հիշում եմ,- ասում է Աշխենը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter