HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Գրե՛ք, որ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա». անտառում ապաստանածները (ֆոտոպատմություն)

Այս ֆոտոպատմությունը պատրաստել էինք հոկտեմբերի 2-ին։ Սակայն չհրապարակեցինք, քանի որ այդ օրերին ընթերցողները սուր էին արձագանքում ոչ միայն ռազմական գործողությունները, այլեւ խաղաղ բնակավայրերը պատկերող ցանկացած լուսանկարի՝  անկախ նրանից՝ դրանք պարունակու՞մ էին մետատվյալներ եւ տեղորոշման որեւէ ռիսկ, թե ոչ։ 

Մարտակերտի մոտակա գյուղերի բնակիչները թողել են իրենց տներն ու ապաստանել անտառում:

Չնայած պարբերաբար լսվող պայթյուններին՝ տղամարդիկ խորոված են անում, կանայք՝ սուրճ եփում, սեղան գցում: Առաջվա պես արածացնում են անասուններին: Երեկոյան խարույկ են անում: Երբ դադարում են պայթյունների ձայները, վերադառնում են մի պահ գյուղ, փորձում կապ հաստատել կռվողների, Երևան գնացած երեխաների, հարսների հետ:

Նույնիսկ ժամանակ է մնում բողոքելու առանց հերթ թեյ պատրաստողներից, մասուր հավաքել, սելֆիներ անել ու պատմել համագյուղացիների մասին վերջին բամբասանքները:

Դեպի Մարտակերտ ճանապարհին հերթական ծխի ամպը գոյացավ՝ հերթական պայթյունից։

Երբ հասանք անտառ, մեզ մոտեցավ մի կին՝ մազերի մեջ տերևներ. Արմենուհին էլ համագյուղացիների հետ ստիպված է եղել լքել գյուղը

Երբ պատմում էր, թե ինչքան է հպարտանում իր երկու զինվորական որդիներով, խոսակցությունն ընդհատեց հերթական պայթյունի ձայնը: Ասաց. «Վախենո՞ւմ եք: Մի վախեցեք է, մենք նայում ենք սենց՝ վայ, եկավ, նայեք՝ խփեցին, ընկավ: Ու փորձում ենք հասկանալ՝ որտեղից մերոնք խփեցին»:

Շատերը քնում են ավտոմեքենաներում, բայց ուտելիքի խնդիր չունեն՝ իրենց բոստաններին մոտ են ու տարբեր տեղերից պարենի պաշարներ են ուղարկել:

Արմենուհին կանչում է, որ տեսնենք իր «վրանը»՝ շորերն իրար վրա գցած։

Գերմանը տարեցների համար ձեռնափայտ է պատրաստում։ 

«Թոռս Երևանից զանգում, հարցնում է. «Լա՞վ ես նայում Լիզային,- պատմում է Արմենուհին՝ ձեռքերում շան կապը:- Ապա ցույց է տալիս հրացանն ու փամփուշտները ու հավելում,- փոքր ժամանակվանից բոլոր թոռներիս պապիկը կրակել ա սովորացրել, հաճախ ենք տանում կրակելու: Բա ո՞նց, բա էսպես տեղ ենք ապրում։ Նաև մնում եմ, որովհետև ինձ ասում են՝ որ դու ստեղ ես, հանգիստ եմ, գիտեմ, որ վտանգի դեպքում առաջինը քեզ կհանեին»:

Արմենուհին կարծում է, որ պայքարը ջրի համար է. «Իրենք ջուր չունեն, մենք պետք է իրենց տանք, որ դաշտերը չչորանան: Տալիս ենք, բայց էնքան չէ, որ լիանան»:

«Գրե՛ք, որ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա»: 

Տեքստը՝ Նարե Նավասարդյանի

Մեկնաբանություններ (1)

Նաիրա
Ցավոք տիկին Արմենուհու փոքր որդին, որը զինորական սպա էր զոհվեց Շուշիում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter