
Պատգամավորության ծեծված թեկնածուն ընտրապայքարից հրաժարվեց
Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, թեկնածությունը հանելու վերաբերյալ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողով դիմում է ներկայացրել անկուսակցական Մերուժան Մխոյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրին թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Մերուժան Մխոյանին են այցելել միջազգային մի քանի դիտորդներ: Նրանք հորդորել են թեկնածուին ճնշման տակ չհանել թեկնածությունը: Իսկ այն, որ պատգամավորության թեկնածուն ճնշման տակ է հրաժարվում ընտրապայքարից, դիտորդներին պատմել է հենց Մ. Մխոյանը:
Միջազգային դիտորդներն անմիջապես զանգահարել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ տեղեկացրել, որ թեկնածուն իր կամքով չի հանում թեկնածությունը: ԿԸՀ-ից էլ պատասխանել են, թե ապրիլի 10-ին, երբ հանձնաժողովը նիստ գումարի, որպեսզի քննարկվի Մերուժան Մխոյանի դիմումը, թեկնածուն կամ իր վստահված անձը կարող է հետ վերցնել դիմումը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան՝ ժամը 6:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ներխուժել էին Մերուժան Մխոյանի տուն եւ բռնի ուժով նրան նստեցրել ավտոմեքենան ու տարել Սարդարապատ գյուղի գերեզմաններ: Հենց այդտեղ ծեծի էին ենթարկել պատգամավորության թեկնածուին, եւ մեծ ծեծկռտուք էր եղել: Արդյունքում վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 2 երիտասարդներ: Մերուժան Մխոյանը կեսօրի դրությամբ հիվանդանոցում չէր, սակայն երեկոյան նա նույնպես ընդունվել էր Արմավիրի բժշկական կենտրոն, ստացել էր բուժօգնություն ու դուրս էր գրվել:
Մերուժան Մխոյանի հարազատները պնդում էին, որ թեկնածուին ծեծել էին պատգամավոր, ՀՀԿ անդամ Նահապետ Գեւորգյանի որդին եւ նրանց մտերիմ Սամվել Պողոսյանը, ով վերջերս է ազատազրկման վայրից վաղաժամկետ ազատվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել