HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ, որին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Զորավարժություններում կկիրառվի մոտ 100 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափերի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, ռազմական ավիացիայի մինչև 30 միավոր, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

«Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ մարտի 15-ից ադրբեջանական բանակում կընթանան օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որում կկիրառվեն տարբեր զորատեսակներ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները կընթանան բարդ ռելիեֆ ունեցող լեռնանտառային տեղանքում։ Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակին և վերախմբավորմանը, այդ թվում՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանը և համազորային միավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջև փոխգործակցությանը: «Վարժանքների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կկատարեն ահաբեկչական ջոկատների (խմբերի), ինչպես նաև անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի և հակաահաբեկչական գործողությունների անցկացման խնդիրներ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զուգահեռաբար, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ պատրաստության 2021 թվականի առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:

ՀՀ ԶՈւ մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններում կընդգրկվի շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա)։

Դեռ մարտի 12-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի սպասվելիք զորավարժությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության համար խնդիրներ չեն ստեղծի։ 

«Սովորաբար, ռազմական զորավարժություններ Հարավային Կովկասում բոլոր պետություններն էլ անցկացնում են, դա պարբերաբար արվում է, և համապատասխան տեղեկատվությունը ողջամիտ ժամկետում տրամադրվում է շահագրգիռ կողմերին։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները, ինչպես արդեն նշեցի, պլանային բնույթ ունեն՝ ուղղված զորքերի մարտական պատրաստության կատարելագործմանը, և տարածաշրջանում կայունության և անվտանգության ռիսկեր չեն ստեղծի»,- մարտի 12-ին կայացած ճեպազրույցին հայտարարել է Մարիա Զախարովան։

Լուսանկարը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter