HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։ Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։

Դավիթ Բաբայանն ընդգծել է քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter