
Վիրավորանքի և զրպարտության համար` մինչև 3 և 6 մլն դրամ տուգանք. նախագիծը կփոփոխվի
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Ըստ փոփոխությունների՝ առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել մինչև 5 միլիոն դրամի փոխհատուցում` գործող 1 միլիոնի փոխարեն, զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում, գործող 2 միլիոնի փոխարեն: Ալեն Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում գրավոր առաջարկ չի եղել, սակայն գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել է այն եզրակացության, որ տուգանքի չափը նվազեցվի: Սիմոնյանն այժմ առաջարկում է վիրավորանքի համար սահմանել 3 միլիոն դրամ, զրպարտության համար` 6 միլիոն:
Ինչպես նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը, այնպես էլ հիմա արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց` կառավարությունը այդ շեմին կողմ չէ, փոխնախարարն առաջարկեց այդքան բարձր շեմ չսահմանել և սահմանափակվել մինչև 2 և 3 միլիոն դրամ տուգանքով: Իսկ Սիմոնյանը նշեց` լկտիությամբ ու զրպարտությամբ զբաղվող ԶԼՄ-ները հանցագործներ են:
Կառավարության առաջարկը հանձնաժողովականները մերժեցին: Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխություններն ընդունվեցին` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:
Մեկնաբանել