HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

12 տարի անց ՍԴ-ն հստակություն է մտցրել «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի գործում

2009թ․-ից սկսված դատական գործընթացներից հետո Սահմանադրական դատարանն (ՍԴ) այս տարվա մարտի 9-ին կայացրած որոշմամբ, բեկում է մտցրել «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի գործում: ՍԴ-ն որոշել է, որ ընկերության նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման, քանի որ դատարանները օրենքը կիրառել են ոչ ճիշտ մեկնաբանությամբ:

«Հետք»-ն անդրադարձել էր ընկերության դատական գործին: Գրել էինք, որ ընկերությունն անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա «Կառ-Պրինց» արտադրական կոոպերատիվի վարկային 70 մլն դրամ պարտավորությունների դիմաց 2008թ. գրավադրել էր Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 48 հասցեի անշարժ գույքը (3444,3 քմ) «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ում (ներկայում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ): Կողմերի համաձայնությամբ գույքը գնահատվել էր 310 մլն դրամ: ՓԲԸ-ի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում նշված հասցեում գտնվող արտադրական շենքի մակերեսն ավելացել և կազմել էր 3704,7 քմ: Կատարվել էր սեփականության իրավունքի գրանցում, որից հետո գույքն այլևս չէր գրավադրվել և գրավի առարկա չէր հանդիսացել:

2009թ․ օգոստոսին՝ «Պրոմեթեյ բանկ»-ը 138 միլիոն դրամ պարտավորության դիմաց, առանց դատարան դիմելու, բռնագանձում էր տարածել գրավի առարկա չհանդիսացող գույքի վրա: Արդյունքում գրանցվել էր բանկի սեփականության իրավունքը Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744 հա հողամասի և 3704,7 քմ շենքի նկատմամբ:

«Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի՝ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, իսկ 2011թ.՝ Վճռաբեկ դատարանը, բանկի բողոքի հիման վրա բեկանել էր վճիռը և հայցը մերժել:

Դատական վիճաբանությունների ժամանակահատվածում «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն պատվիրել էր գույքի գնահատում, որը «Ալտա Վիպ» ՍՊԸ-ն գնահատել էր ավելի քան 710 մլն դրամ:

Իր հերթին «Պրոմեթեյ» բանկն «Արտադրա-տպագրական»-ին վտարելու պահանջով դիմել էր դատարան: ՓԲԸ-ն էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ գումարի բռնագանձման և սեփականության իրավունքի խախտումը վերականգնելու պահանջների մասին։ Ընկերությունը նշել էր, որ իր գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցել է իր պարտավորության չափը և բանկից պահանջել էր իրեն վճարել գույքի արժեքի և պարտավորության տարբերությունը։

Դատարանները, տարբեր կերպ մեկնաբանելով օրենքը, «Արտադրա-տպագրական» ընկերության պահանջը չէին բավարարել:

2012թ. դատարանը վճռել էր բանկից հօգուտ «Արտադրա-տպագրական» ընկերության բռնագանձել մոտ 172 մլն դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելուց և գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար: Բանկի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, և գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում 5 անգամ նշանակվել էր դատաապրանքագիտական փորձաքննություն։ Փորձագետները, մի քանի ամիս իրենց մոտ պահելով գործը, պատասխանել էին, որ չեն կարողանում իրականացնել գնահատում, քանի որ չունեն ելակետային տվյալներ: Մինչդեռ ընկերության ներկայացուցիչները հակառակի մասին էին պնդում:

Քաղաքացիական գործի քննության ընթացքում «Պրոմեթեյ բանկը» 196 մլն դրամով վաճառել էր Իսակով 48 հասցեի անշարժ գույքը «Դանհիս» ՍՊԸ-ին։ Վերջինս գուքը գրավադրել էր «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում՝ 1 մլրդ 200 մլն դրամի դիմաց։ Արդյունքում վարկառուի՝ իր պարտավորությունը չկատարելու պատճառով գույքն անցել էր ՎՏԲ բանկին։

Նշենք, որ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի և Իսակով 48 հասցեի գույքի հետ կապված տարբեր գործերով Վճռաբեկ դատարանը 4 անգամ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ և բոլոր դեպքերում որոշում է կայացրել ի վնաս ընկերության։ Միայն 2020թ․ մայիսի 8-ի որոշմամբ է «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի բողոքը բավարարել մասնակի:

«Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ փաստաբան Կարեն Տոնոյանի և Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը գտել է, որ գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնելը համարվում է այդ գույքի իրացում, և այդ պահից ծագում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը գրավատուին վերադարձնելու՝ գրավառուի պարտականությունը:

Ընկերության ներկայացուցիչները բարձրացրել էին այն հարցը, որ վիճարկվող դրույթում կա իրավական անորոշություն: Վիճարկվող դրույթը չի հստակեցնում, թե որ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկները։ Դրա հիման վրա էլ բարձրացրել էին դրույթի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Ըստ այդմ՝ ՍԴ-ն որոշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանն արդեն հայցադիմում է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ՝ ընկերության գույքը Իսակով 48 /48/5/ հասցեից ազատելուն ուղղված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter