
Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով
Ռուսական Газпром экспорт-ի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև 2021 թվականի մարտի 16-ին համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ ռուսական գազը կարճ ժամանակով Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին գրել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Газпром экспорт-ի տարածած հաղորդագրությանը։
Ռուսական գազը Ադրբեջանով Հայաստան կմատակարարվի «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային-կանխարգելման վերանորոգման աշխատանքների ընթացքում։
«Աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով»,- ասվում է Газпром экспорт-ի հաղորդագրությունում։
Հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն։ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Միքայել Հարությունյանը նշեց միայն, որ ինչպես միշտ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումն իրականացվում է միայն Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով։
Մնացած հարցերի առնչությամբ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը հորդորեց դիմել Газпром экспорт ընկերությանը՝ նշելով, որ գազի մատակարարմամբ և պլանային աշխատանքներով այդ ընկերությունն է զբաղվում։
Նշենք, որ Газпром экспорт ընկերությունը հանդիսանում է Газпром-ի դուստր -ընկերություններից մեկը և զբաղվում է ռուսական գազի արտահանմամբ, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը նույնպես Газпром-ի դուստր -ընկերություններից է, ապահովում է Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:
Մեկնաբանել