HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դատվածություն է ունեցել ծառայության տարիներին և այս հագնամանքը թաքցրել է իր կենսագրությունից:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել։ Մոտ երկու շաբաթ անց Սերոբ Հարությունյանին, ով այդ ժամանակ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետն էր, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել, նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ մոտ մեկ տարի տևած քննության արդյունքում, ի վերջո, հաստատվել է, որ Սերոբ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում, այլև՝ ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել, ուստի կայացվել են նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այսինքն, Սերոբ Հարությունյանն արդարացվել է, ունի արդարացվածի կարգավիճակ։

Պաշտպանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածին, որը վերաբերում է արդարացվածի իրավունքներին, նշում է, որ Սերոբ Հարությունյանը պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում և ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը։

Նշենք, որ թեև Սերոբ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի քննությունը շարունակվում է։

Լուսանկարում՝ Սերոբ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter