ՊՆ-ից առանձապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Արմեն Բաղդասարյանի կալանավորման դեմ բողոքը մերժվել է
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, մերժել է Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Արմեն Բաղդասարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Բաղդասարյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, Բաղդասարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը բավարարել է փետրվարի 2-ին, որի դեմ պաշտպանները բողոք են ներկայացրել։ Այն քննվել ու մերժվել է Բաղդասարյանի՝ կալանքի տակ գտնվելուց ավելի, քան մեկ ամիս անց։
Քրեական գործով, որով Բաղդասարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, մեղադրյալ է նաև Դավիթ Գալստյանն, ով հայտնի է «Պատրոն Դավո» անունով։ Վերջինս նույնպես գտնվում է կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Այս գործով Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրանք կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։
Գալստյանն ու Բաղդասարյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ ԱԱԾ-ի հաղորդագրությունից հետո Գալստյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը
«Ըստ հաղորդագրության՝ մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքը ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների եղել է 1977 թվականի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կամ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրեֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական (իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը) կամ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները»,- ասված է հայտարարության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել