
Առողջապահության նախարարը չի բացառում «AstraZeneca» պատվաստանյութի պատվիրումը
Առողջապահության նախարարը չի բացառում «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի պատվիրումը. «Մենք մեկ պատվաստանյութի վրա չենք կենտրոնանում, այլ պատրաստվում ենք ունենալ մի քանի տարբերակներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Անահիտ Ավանեսյանը:
Վերջինիս խոսքով՝ մի շարք երկրներ ժամանակավորապես «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապված են պատվաստանյութի հետ, թե ոչ:
«Մենք ուշադիր հետևում ենք: Երբ ապացուցվի պատճառահետևանքային կապը, ապա ինքներս էլ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա բանակցությունների ընթացքի համար: Պետք է հետաքննվի ոչ միայն պատվաստանյութի որակը, այլև դրա փոխադրման հետ կապված բոլոր մանրամասները»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով արդեն իսկ կատարված պատվաստումներին՝ Ավանեսյանն ասաց, որ այս պահին պատվաստումներ են իրականացվում ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների շրջանում:
«Ռիսկի խմբերն, աստիճանաբար, խմբաքանակների ներկրմանը համընթաց, ներգրավվելու են պատվաստման գործընթացում: Կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կենտրոնների մի շարք բուժաշխատողներ պատվաստվել են: Արդեն պատվաստված անձանց մոտ սուր կողմնակի երևույթներ չեն գրանցվել: Այս պահին կրկնավարակի մինչև 300 դրական թեստի արդյունք է գրանցվել, բայց դա կրկնավարակի արդյունք է, թե դեռ վարակը օրգանիզմից դուրս չի եկել, ուսումնասիրության արդյունքում կհրապարակենք»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բժշկական հաստատություններն այս պահին 12-ն են:
Մեկնաբանել