HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարոն Սիմոնյանի համոզմամբ` Օնիկ Գասպարյանը պարտավոր է գնալ աշխատանքի. նա է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն կարծիքին է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ վարչական դատարանն Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման գործով բավարարել է վերջինիս հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում: Սա նշանակում է, որ մինչև գործի քննության ավարտը Գասպարյանը շարունակում է զբաղեցնել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնը:

«Ըստ էության ունենք մի իրավական ակտ, որի համաձայն՝ դատարանը վեճի կողմերին` Կառավարությանը և Օնիկ Գասպարյանի փաստաբանական թիմին ասել է կասեցրեք այն իրավահարաբերությունը, ըստ որի Օնիկ Գասպարյանը պետք է դուրս գա աշխատանքից մինչև դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը: Հետևաբար Օնիկ Գասպարյանը շարունակելու է իր պաշտոնավարումը:

Կառավարությունը, մեկնաբանելով Օնիկ Գասպարյանի գործով վարչական դատարանի որոշումը, նշել է, որ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է զբաղեցրած պաշտոնից:

Անդրադառնալով Կառավարության մեկնաբանությանը պատգամավորն ասաց, որ վերջինս վեճի կողմ է, բնականաբար չի հաշտվել դատարանի մեկնաբանության հետ, այդպես է մեկնաբանում, չի բացառվում նաև դատարանի որոշումը վիճարկելը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Օնիկ Գասպարյանը վաղ առավոտից աշխատանքի է, Տարոն Սիմոնյանն արձագանքեց.

«Եթե հանրային ծառայողն աշխատանքից ազատված չէ և չի գնում աշխատանքի, իրավական բացասական հետևանքներ է առաջացնում իր իսկ համար: Հետևաբար պարտավոր է գնալ աշխատանքի, դա իրավունք չէ, պարտականություն է»:

Ըստ Սիմոնյանի` Սահմանադրությունում, այնուամենայնիվ, բաց կա շտաբի պետի պաշտոնից ազատման հարցում, հստակ չէ, թե ինչ է լինում նման իրավիճակում: Առաջանում է մեկնաբանողական լայն շրջանակ, որից օգտվում են բոլորը:

«Դատարանը չի ասել Օնիկ Գասպարյանը ճիշտ է, Կառավարությունը` սխալ, ընդամենը կասեցրել է իրավահարաբերությունը մինչ վերջնական վճիռ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը՝ որոշելով դիմել Սահմանադրական դատարան։ Մարտի 10-ի առավոտյան էլ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter