HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները փետրվարին կտրուկ աճել են ներգրավված պետական պարտքի հաշվին

Պահուստները համալրվել են հունվարի վերջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 184.5 մլն դոլար։ Հունվարի վերջի համեմատ այն աճել է 784 մլն դոլարով կամ մոտ 33%-ով։

ԿԲ-ի հրապարակած միջազգային պահուստների վիճակագրությունը սկսվում է 2003 թվականից։ Այդ թվականից ի վեր պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականի փետրվարին։ Սակայն, այստեղ ոչ մի արտառոց երևույթ չկա։ Պարզապես պահուստները համալրվել են հունվարին  եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։

Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել, որը  «տեղ է գտել» միջազգային պահուստներում։  

Կենտրոնական բանկից ի պատասխան մեր հարցմանը ևս հաստատեցին, որ Հայաստանի միջազգային պահուստների՝ 2021 թվականի հունվարի վերջի համեմատ աճը հիմնականում պայմանավորված է Կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկմամբ։ 

Առհասարակ, միջազգային պահուստների վերաբերյալ մեկ ամսվա կտրվածքով վերլուծությունները ցույց չեն տալիս իրական պատկերը։ Դրանք կարող են  համալրվել կամ նվազել, երբ երկիրը արտարժույթի կարիք է ունենում, հարկավոր է լինում լրացնել բյուջեի դեֆիցիտը և այլն։ Ինչպես այս տարվա փետրվարի օրինակն է՝ եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված գումարի շնորհիվ պահուստները կտրուկ աճել են, սակայն ընդամենը մեկ ամիս անց այդ գումարը կարող է նվազել։

2020 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 614 մլն դոլար՝ 2019 թվականի վերջի համեմատ նվազելով մոտ 236 մլն դոլարով կամ 8.3%-ով։

2020 թվականի ընթացքում պահուստների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին։ Իսկ նվազագույն մակարդակը՝ նոյեմբեր ամսին։

Հիշեցնենք, որ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ 

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ 2021 թվականի փետրվարի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 723 մլն դոլար՝ հունվարի վերջի համեմատ աճելով 698 մլն դոլարով կամ 8.7%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 802 մլն դոլար՝ ավելանալով 734 մլն դոլարով կամ 12.1%-ով։

Իսկ ներքին պարտքը կազմել է 1 մլրդ 921 մլն դոլար՝ նվազելով 35 մլն դոլարով կամ 1.8%-ով: Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2020 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 647 մլն դոլարով կամ 8.8%-ով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter